«Թող գնան հոգեբուժական հիվանդանոց, այնտեղ հատուկ սենյակ կա, որտեղ հավաքվում են նապոլեոնները». Արմեն Մովսիսյան

«Թող գնան հոգեբուժական հիվանդանոց, այնտեղ հատուկ սենյակ կա, որտեղ հավաքվում են նապոլեոնները». Արմեն Մովսիսյան
«Թող գնան հոգեբուժական հիվանդանոց, այնտեղ հատուկ սենյակ կա, որտեղ հավաքվում են նապոլեոնները». Արմեն Մովսիսյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է երգիչ, երգահան Արմեն Մովսիսյանը։

– Պարո՛ն Մովսիսյան, ինչպե՞ս եք գնահատում կառավարության 100 օրվա աշխատանքը։ ՀՀԿ-ականները, օրինակ, մտահոգված են. նշում են, որ Նիկոլ Փաշինյանի ելույթում հնչած մտքերը խոսքի ազատության սահմանափակում, այլախոհության ճնշում են պարունակում։

– Այս կառավարությունն իր կառավարման 100 օրերի ընթացքում ավելի շատ գործ է արել, քան բոլոր նախորդները միասին վերցրած։ Պետք է դատել կատարած աշխատանքով, և այստեղ հարցը միայն այն չէ, որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունն ինչ հաջողություններ ունի կոռուպցիայի դեմ պայքարում։ Ակնհայտ է, որ հարյուր օրվա ընթացքում Հայաստանն անհնար էր դրախտ դարձնել, բայց ակնհայտ է նաև, որ նախարարները՝ առողջապահության, կրթության, սոցապ և այլն, անում են իրենց գործը։ Ինչ-որ բան կարող է չստացվել, բայց պետք է հաշվի առնել, որ մարդիկ սկսում են այբուբենից։ Իսկ այն, որ ցանկություն կա, և մղումն իսկապես անկեղծ է, փաստվում է նաև կատարած գործերով, հիմա «մտահոգվածները» այն մարդիկ են, ովքեր ուզում են, որ կառավարությունը չհաջողի։ Բայց սա, կարծում եմ, ուշացած է, մանր կսմիթներ։ Նիկոլ Փաշինյանն ավելի ու ավելի պինդ կկանգնի իր ոտքերի վրա, քանի որ ունի վստահության համաժողովրդական մանդատ, և դա այսօր մեր շարժիչ ուժն է։ Անելիքներ շատ կան և արվում են, իսկ ով չի տեսնում, դա իր պրոբլեմն է։

– Ի՞նչ խնդիրներ եք Դուք արձանագրում, որ առաջնային լուծման են սպասում, և ի՞նչ սպասելիքներ ունեք նոր կառավարությունից։

– Դե, իհարկե, դատական ոլորտը պետք է արագ կարգավորվի, որն այսօր արգելակում է փոփոխությունները։ Էլի եմ կրկնում, ոչ թե արդարադատությունը վերածենք վենդետայի, այլ ունենանք մեխանիզմ, որի ժամանակ այդ մեխանիզմը կսկսի սահուն աշխատել։ Ցանկությունը 37 թիվը սարքելը չէ, ինչպես ոմանք են ասում, այլ այն, որ իսկապես արդարադատությունն աշխատի, մարդկանց, ովքեր կապված են եղել սպանությունների, թալանի, յուրացման հետ, ովքեր կապված են պետական կարգի խաթարման հետ, հնարավորություն լինի պատասխանատվության կանչելու։ Եվ սա էլ է մեր շարժման փուլերից մեկը լինելու։ Տնտեսության ոլորտում փոփոխություններ պետք է սկսվեն, որովհետև, վերջին հաշվով, որքան էլ կոռուպցիայի դեմ պայքարը քաջալերում եմ, այնուամենայնիվ, տնտեսական զարգացմանը պետք է ուշադրություն դարձնել։ Դա է լինելու մեր երկրի ապագա առաջընթացի հիմնական խթանը։

– Ինչպե՞ս եք գնահատում ՀՀԿ-ականների՝ խոսքի ազատության սահմանափակման ուղղված կոչերը։

– ՀՀԿ-ի գնացքը վաղուց անցել է։ Նրանք այդ հնարավորությունն ունեին մինչև այն ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանն առաջին անգամ վարչապետի թեկնածու էր։ Այդ ժամանակ իրենք շանս ունեին սկսել նոր էջից և կառուցողական դիրքերի վրա կանգնել։ Բայց սա էլ նորմալ եմ դիտարկում, քանի որ մարդիկ այնքան երկար «պոչեր» ունեն, որ վախենում են, թե ով պետք է պատասխան տա այս ամենի համար, իսկ պատասխանի պահանջը կա, և ուշ թե շուտ բոլորը պատասխան են տալու։ Հիմա ՀՀԿ-ն փորձում է ծածկադմփոց սարքել, աղաղակել խոսքի ազատության մասին, բայց նրանց գնացքն արդեն անցել է, և լավ կլինի փորձեն ավելի հանգիստ վերաբերվել այս հարցին, քիչ ջղաձգվեն, իշխանությունների հետ ավելի կառուցողական խոսեն, և սա ավելի շատ իրենց է օգուտ։

Մեզ հակադրություն չի կարելի, մենք փոքր ազգ ենք, և այսպես ցեխ շպրտելը, իբր խոսքի իրավունքի սահմանափակումն անթույլատրելի է։ Արա Բաբլոյանն է խոսում այդ մասին, ես ուզում եմ նրան հարցնել. այդ ո՞ր վարչապետին էինք հարյուր օրվա համար թեկուզ մի բան ասել, որ այսպես լիառատ որոշեցիք այդ մասին խոսել, ձայնի իրավունքի պակասի՞ց էր, որ սկսեցիք իրավունք վերապահել խոսելու, թե՞ նախկինում խոհանոցում էիք խոսում, և ոչ ոք չէր իմանում, և հիմա ձայնի սահմանափակման պարագայում դուք անվախորեն, հերոս դարձած որոշել եք այդ մասին հայտարարել համայն հայությանը։ Մարդիկ հիշում են և՛ անցյալը, և՛ այսօրը։ Իսկ ո՞ւր էիք դուք, պարո՛ն, երբ ուրիշ վարչապետ էր, իսկ ո՞ւր էիք դուք, երբ երկիրը թալանվում էր, իսկ ո՞ւր էիք դուք, երբ ուրիշների հարյուր օրերն էին անցնում, և ոչ ոք չէր իմանում, այսօր այս ինչ բլբուլ եք կտրել։ Ծիծաղելի է…

– Քոչարյանը վերադառնում է քաղաքականություն, և ՀՅԴ-ն, ՀՀԿ-ն ըստ էության չեն բացառում համագործակցությունը։ Արդյոք նրանք կարո՞ղ են ճնշել հեղափոխությունը։

– Ճնշեն որ ի՞նչ… որ Հայաստանից էլի՞ մեկ միլիոն մարդ դուրս գա, իմաստը ո՞րն է, իրենք մնան իրենցով, և հետո սկսեն իրար ուտե՞լ։ Ի դեպ, այսպիսի փորձ էլ կա. երբ առնետներին գցում են մի սենյակ և չեն կերակրում, իրար ուտում են, մինչև մեկ առնետ է մնում, որը բոլորին կարողանում է ուտել։ Հետո, ո՞ւր է տանելու այս ճանապարհը, ո՞վ է շահելու։ Մի փոքր հույսի ճանապարհ է բացվել, որ մենք երկիրը կկարողանանք կառուցել, և եթե այս ճանապարհից էլ շեղվենք և գնանք իրենց պատկերացրած մտահոգ ճանապարհներով, իսկապես մենք մեր հայրենիքը վտանգի տակ կդնենք։ Դա ճանապարհ չէ։ Եթե այդ քաղաքական կաճառները դա չեն հասկանում, թող գնան հոգեբուժական հիվանդանոց, այնտեղ հատուկ սենյակ կա, որտեղ հավաքվում են նապոլեոնները, սուվորովները, և իրենք իրենց այդտեղ լավ են զգում։ Եվ ուրեմն նրանց տեղը քաղաքական դաշտը չէ, նրանց տեղը գժանոցն է։

– Երկրորդ փուլը անցնցո՞ւմ կանցնենք։

– Այսօր Նիկոլ Փաշինյանը համազգային աջակցություն ունի, և եթե այդ աջակցությունը դառնար շատ ավելի քիչ, եթե այդ աջակցությունը դառնար ավելի շատ քննադատություն, ես էլ մտահոգ կարծիք կունենայի։ Այսօր՝ հարյուր օր հետո, իշխանությունը մեկ անգամ ևս փաստեց, որ ինքն ունի համաժողովրդական աջակցություն, մեծ պոտենցիալ է դա։ Չկա գյուղ, որ շուն չլինի, հիմա մեր շները մի քիչ շատ են հաչում, ոչինչ, սա էլ կանցնենք: Ես թեթև եմ նայում Քոչարյանի քաղաքականություն վերադառնալուն, իրենք ոչինչ են, թեև կարծում են՝ փիղ են, իրականում իրենք մկներ են, և իրենք թող մտածեն Նիկոլի ասածի վերաբերյալ, որ բոլոր մկներին բռնելու են։ Ես հավատում եմ Նիկոլ Փաշինյանի իշխանությանը և վերջապես կարող եմ փաստել, որ ես առաջին անգամ Հայաստանի պատմության մեջ իշխանամետ եմ և իմ հարյուր տոկոսանոց աջակցությունն եմ հայտնում Նիկոլ Փաշինյանի կառավարությանը, ինչպես և կար։

Մանե Հարությունյան

MediaLab.am