Ֆրոնտիկ Թեւոսյան. «Անպայման պտի մեռնեմ, մեռնելուց հետո կոչե՞ն իմ անունով, հենա կենդանության օրոք արեցին»

Ֆրոնտիկ Թեւոսյան. «Անպայման պտի մեռնեմ, մեռնելուց հետո կոչե՞ն իմ անունով, հենա կենդանության օրոք արեցին»
Ֆրոնտիկ Թեւոսյան. «Անպայման պտի մեռնեմ, մեռնելուց հետո կոչե՞ն իմ անունով, հենա կենդանության օրոք արեցին»

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը դիմել է վարչական դատարան՝ պահանջելով անվավել ճանաչել Նոր Գեղի գյուղի ավագանու չորս տարի առաջ ընդունած որոշումը, որով նախկին գյուղապետ Ֆրոնտիկ Թևոսյանի անունով են անվանակոչվել գյուղի մի շարք փողոցներ։ Խնդրի վերաբերյալ «Մեդիալաբը» զրուցեց Ֆրոնտիկ Թևոսյանի հետ։

– Պարո՛ն Թևոսյան, մարզպետը դիմել է դատարան, քանի որ գյուղում 18 փողոց անվանակոչված է ձեր անունով։ Ինչպե՞ս եք գնահատում մարզպետի այս քայլը։

– Իրան հարցրեք՝ 18 փողոց կա՞։ Թևոսյանի անունով ընդամենը մի փողոց ա։ Նախ՝ ինքը իմ դեմ դատարան չի դիմել, ավագանուն ա դատի տվել։ Վարչական դատարան ա դիմել, որպեսզի ավագանու էդ որոշումը չեղյալ համարվի։ Էդ որոշումը էղել ա 2015 թվին։ Ինքը էրեկ ա էղել մարզպետ։ Էդ որոշումն անցել ա մարզպետարանով, տարածքային կառավարման նախարարությունով։ Իմ 70-ամյակին մի հատ փողոց կոչել են Թևոսյանի անունով։

– Իսկ ինչո՞ւ է նշվում 18 փողոց։

– Իրան հարցրեք, թե ինչու է էդպես կարծում։ 

– Իսկ ինչո՞ւ է ընդհանրապես գյուղում փողոց անվանակոչվել ձեր անունով։

– Դե, ասում եմ՝ 30 տարի աշխատել եմ, գյուղում եկեղեցի եմ կառուցել։ Եվ մեր գյուղում նման դեպքեր շատ կան։ Հենց Ցոլակ Մանվելիչի անունով մի հատ ամբողջ թաղամաս ա կոչվել իրա կենդանության ժամանակ։ Եվ նաև մշակույթի տունն ա Ցոլակ Մանվելիչի անունով։

– Ցոլակ Մանվելիչն ո՞վ է։

– Նախկին սովխոզտեխնիկումի դիրեկտորն ա։ Եվ ժողովուրդն էլ տեսնելով, որ Ցոլակ Մանվելիչի անունով փողոց կա, թաղամաս կա, էդ փողոցում էլ ես ապրում եմ, եկեղեցի եմ կառուցել գյուղի համար, մի շարք աշխատատեղեր եմ ստեղծել, որոշեց փողոցն իմ անունով կոչի։ Վսյո ժե, 32 տարին քիչ չի, որ մի համայնք ղեկավարել եմ ես։ Եվ մարզպետի խնդրանքով էլ դիմում եմ գրել ու դուրս եմ եկել։

– Ի՞նքը ձեզ հորդորեց հրաժարական տալ։

– Ինքն ինձ ասեց՝ դիմում գրի գնա, ես էլ դիմում գրեցի ու գնացի։

– Բավարար չէ՞ր այդքան տարի կառավարելը, դեռ էլի՞ էիք ուզում մնալ, ինչո՞ւ տեղ չէիք տալիս երիտասարդներին։

– Դե տենց էլ արեցի, դիմում գրեցի, որ երիտասարդները գան աշխատեն։ Եվ աշխատում են, թող աշխատեն, ի՞նչ ա էղել։

– Այսինքն՝ գյուղացինե՞րն են ուզել, որ գյուղի փողոցը ձեր անունով կոչվի։ Ինչո՞ւ, որովհետև գո՞հ էին ձեր աշխատանքից։

– Էդ բոլորը հաշվի առնելով՝ գյուղացիները հավաքվել են, խնդրել են ավագանուն, որպեսզի էդ փողոցը կոչեն իմ անունով։

– Այսինքն՝ արդար չի՞ լինի, եթե դատարանը չեղյալ համարի այդ որոշումը։

– Դատարանը տենց որոշում չի կարա կայացնի, որովհետև ավագանին բոլոր օրենքներով դա արել ա։ Եվ հանրապետությունում նման տիպի 40 հատ անվանակոչություն կա, թող դրանք էլ չեղյալ անեն։

– Այլ գյուղապետե՞ր էլ կան, որոնց անուններով փողոց են անվանակոչվել։

– Գյուղապետ չկա, բայց ոստիկանապետ կա։

– Ո՞ւմ նկատի ունեք։

– Ախպե՛ր, ես օրինակներ չեմ ասում, դուք հետաքրքրվեք։

– Արդյոք անձի պաշտամունք չի՞ հիշեցնում այն, երբ ղեկավարի անունով անվանակոչումներ են արվում։ Ինչո՞ւ դուք դեմ չարտահայտվեցիք այդ որոշմանը։

– Ժողովուրդը հավաքվել ա, գյուղը որոշել ա, ինչի՞ պտի ես դեմ ըլնեմ։ Անպայման պտի մեռնեմ, մեռնելուց հետո կոչե՞ն իմ անունով։ Հենա կենդանության օրոք արեցին։ Ասում եմ՝ նման օրինակներ շատ կան։ Էդ հարցը 2015 թվին էլ են քննարկել։ Եվ էդ հարցը անցել էր մարզպետարանով, տարածքային կառավարման մարմնով։ Չորս տարի արդեն անցել ա, հիմա նոր հիշել ա։

– Դե, իշխանափոխություն է եղել դրանից հետո։

– Ախպե՛ր, էղել ա իշխանափոխություն, թող փոխեն, վսյո, ես բան չեմ ասում։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am