«Մարտերն ընթացքի մեջ են, Շուշիի համար ճակատամարտը շարունակվում է». Արծրուն Հովհաննիսյան

«Մարտերն ընթացքի մեջ են, Շուշիի համար ճակատամարտը շարունակվում է». ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն այդ մասին ասել է այսօր տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ։ Նա մասնավորապես նշել է.

«Երեկ գիշերը և այսօր ամբողջ օրվա ընթացքում, ռազմաճակատի տարբեր ուղղություններով մարտերը շարունակվել են: Մարտերը եղել են բավականին ինտենսիվ:

Հյուսիսում ադրբեջանական զորքերը՝ հիմնականում փոքր մարտավարական խմբերի, հրետանու կրակի աջակցությամբ, փորձել են հարձակվել մեր դիրքերի ուղղությամբ, սակայն, կորուստներ կրելով, հետ են շպրտվել:

Մարտունու ուղղությամբ վաղ առավոտյան որոշակի հաջողություններից հետո, մեր զորքին հաջողվել է կանգնեցնել հակառակորդին:

Շուշի քաղաքի մեջ և հարակից տարածքներում՝ պարիսպների տակ, ճանապարհների վրա, որոնք տանում են դեպի Շուշի, սաստիկ մարտեր են ընթացել ողջ օրվա ընթացքում: Այս պահին էլ մարտեր ընթանում են, չնայած ինտենսիվությունը զգալիորեն թուլացել է:

Ադրբեջանի զինված ուժերը մի քանի անգամ փորձել են ճեղքել և դուրս գալ դեպի Բերձոր՝ հավանաբար փորձելով այդ ուղղությամբ օգնության հասնել Շուշիում կռվող իրենց ստորաբաժանումներին: Սակայն կրելով զգալի կորուստներ, հետ են շպրտվել, ավելին՝ դիմել են փախուստի:

Այս պահին մարտերն ընթանում են, ընդհանուր իրավիճակը կարելի է համարել բավականին դրական: Մեր զորքերին հաջողվում է թշնամու ուժերին թույլ չտալ որևէ ուղղությամբ զարգացնել հաջողություններ, բայց մարտերն ընթացքի մեջ են: Շուշիի համար ճակատամարտը շարունակվում է»։

https://www.facebook.com/ArmenianUnifiedInfoCenter/videos/363920034873251/