Օգոստոսի 4-ին ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել՝ պնդելով, թե «Երևանի օդի աղտոտվածությունը մի քանի նիշով ավելին է, քան Պեկինում»։ Հայկական լրատվական կայքերից մի քանիսը (ArmDaily.am, 7or.am) հրապարակել էին վերոնշյալ տեղեկատվությունը՝ հղում կատարելով Մարգարիստ Եսայանի գրառմանը:
Փաստերի ստուգման հարթակը նախ որոշեց փնտրել տվյալ գրառման հավանական սկզբնաղբյուրը։
Պարզեցինք, որ Մարգարիտ Եսայանի գրառումից ընդամենը մեկ օր առաջ՝ օգոստոսի 3-ին, 168.am-ը «Երևանում օդի աղտոտվածության ցուցանիշն այս պահին ավելի բարձր է, քան Պեկինում» վերնագրով նյութ էր հրապարակել։
Լրատվականը չէր մանրամասնել, թե որ օնլայն հարթակից են վերցված տվյալները, բայց տեղադրել էր երկու քաղաքների օդի աղտոտվածության ցուցանիշների համեմատական լուսանկար։
FIP.am-ը որոշեց պարզել, թե արդյոք ճշգրիտ են նշված տվյալները, և արդյոք Երևանում օդի աղտոտվածության ցուցանիշն ավելի բարձր է, քան աշխարհի ամենաաղտոտված օդի ավազան ունեցող քաղաքներից մեկում։
Այսպես, դիտարկելով վերոնշյալ լուսանկարի պատկերային կառուցվածքը` պարզեցինք, որ 168.am-ի ներկայացրած տվյալները վերցված են airvisual.com-ից: Այս կայքը օդի որակի ինդեքսը (Air Quality Index կամ AQI) հաշվարկելու համար օգտագործում է Միացյալ Նահանգների շրջակա միջավայրի պահպանության գործակալության (US EPA) չափանիշները։ Ուստի Airvisual.com-ը հաղորդում է օդի աղտոտվածության ցուցանիշը օրական կտրվածքով իրական ժամանակի պայմաններում:
Օրինակ, հրապարակումը պատրաստելու պահին, նույն կայքում ներկայացված էր հետևյալ պատկերը՝
Հետևաբար, նմանօրինակ ընդհանրական հայտարարությամբ հանդես գալու համար տվյալ պահի կամ նույնիսկ մեկ օրվա տվյալները բավարար չեն, առնվազն ամսական կամ տարեկան միջինացված տվյալ է անհրաժեշտ։ Հատկապես երբ խոսքը վերաբերում է Պեկինի պես աղտոտված մեգապոլիսին, որտեղ հյուսիսային ուժեղ քամիները կարող են PM2.5 (օդ արտանետվող թունավոր մասնիկներ) AQI-ն 300-ից հասցնել 50-ի մեկ ժամից էլ պակաս ժամանակահատվածում։
Ուստի հասկանալու համար, թե արդյոք Երևանում օդի աղտոտվածության ցուցանիշն ավելի բարձր է քան Պեկինում, հարկավոր է մշտադիտարկել ավելի երկար ժամանակահատված: Օգտվելով կլիմայագիտական հետազոտություններով զբաղվող Berkeley Earth կայքից՝ ստորև բերված գրաֆիկների միջոցով կարող ենք տեսնել PM2.5 AQI-ի միջին ժամային ցուցանիշի տատանումը երկամսյա կտրվածքով՝ Երևանում և Պեկինում։
Երևան
Պեկին
Վերոնշյալ գրաֆիկները ցույց են տալիս, թե ինչ հսկայական տարբերություն կա Երևանի և Պեկինի օդի աղտոտվածության միջև։
Երևան թե՞ Մուսալեռ
Ի դեպ, եթե ուշադիր նայենք 168․am-ի հրապարակած լուսանկարին, կհասկանանք, որ այնտեղ ներկայացված են ոչ թե Երևան քաղաքի տվյալները, այլ Արմավիրի մարզում գտնվող Մուսալեռ գյուղի, որը գտնվում է Երևանից 12 կմ հեռավորության վրա:
FIP.am-ի կատարած դիտարկումները ցույց տվեցին, որ այս երկու տարածքներում օդի աղտոտվածության ցուցանիշների միջև հստակ տարբերություն կա, և որ Մուսալեռի AQI-ը գրեթե մշտապես գերազանցում է Երևանի ցուցանիշին: Օրինակ, օգոստոսի 3-ին Մուսալեռի օդի աղտոտվածության ցուցանիշը բարձր էր 16-ով, իսկ օգոստոսի 6-ին՝ 13-ով։
Այսպիսով, Մարգարիտ Եսայանի և 168 լրատվականի ներկայացրած փաստերը Երևանում օդի աղտոտվածության վերաբերյալ խեղաթյուրված են:
Արձանագրենք ևս մի հետաքրքրական փաստ. ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանն իր գրառման մեջ նաև նշել էր, որ Պեկինը հայտնի է որպես «ամենաաղտոտված օդով քաղաք», մինչդեռ 2018թ. աշխարհի ամենակեղտոտված քաղաքների ցանկում (World most polluted cities 2018 (PM2.5)) Պեկինը զբաղեցնում է 122-րդ հորիզոնականը:
Գայանե Գասոյան