Այդ քաղաքական հակամարտության մեջ շահառուն Ռուսաստանն է. Անդրիաս Ղուկասյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Հայաստանի կառուցողական կուսակցության նախագահ, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը

– Պարո՛ն Ղուկասյան, երեկ շատ բուռն քաղաքական իրադարձություններ տեղի ունեցան: Նաև Փաշինյանը հայտարարեց, որ վերջ է դնում թավիշին, նաև ձերբակալությունների մասին խոսվեց: Դուք ինչպե՞ս եք գնահատում իրավիճակն ու հնչած կոչերը, որքանո՞վ Փաշինյանը պատրաստ կլինի վերջ տալու թավիշին: 

– Նախ՝ ըստ Սահմանադրության 14-րդ հոդվածի 2-րդ մասի՝ բանակը պարտավոր է պահպանել չեզոքություն քաղաքական հարցերում: Մենք տեսանք, որ բանակի ռազմական ղեկավարությունը այդ կանոնը խախտեց և հանդես եկավ քաղաքական հայտարարությամբ՝ պահանջելով վարչապետի հրաժարականը: Միաժամանակ, օրվա իրադարձությունները ցույց տվեցին, որ ո՛չ Նիկոլ Փաշինյանը, ո՛չ էլ իր հրաժարականը պահանջողները հանրային լեփ-լեցուն հրապարակներ չհավաքեցին:

Այս պահին հանրությունը պահպանում է չեզոքություն այս քաղաքական հակամարտության մեջ, որը տեղի է ունենում: Նման իրավիճակում, հասկանալի է, որ Նիկոլ Փաշինյանը փորձում է արդարացնել իր քաղաքական վարկը այդ ողջ ժամանակահատվածում՝ պատերազմի ընթացքում, դրանից հետո և փորձ է անում գրավել չեզոքություն պահպանող մարդկանց համակրանքը, որոնք, ըստ երևույթին, մեծամասնություն եմ կազմում Հայաստանում:

Այդ մարդիկ ո՛չ Նիկոլ Փաշինյանին են աջակցում, ո՛չ ԲՀԿ-ՀՀԿ-ՀՅԴ եռյակին: Նման պայմաններում, իհարկե, մեր քաղաքացիների մեծամասնության համար կա մեծ անորոշություն: Նիկոլ Փաշինյանն իր այդ հայտարարությամբ փորձեց այդ հատվածի մի մասը բերել իր կողմը: Չեմ կարծում, որ այդ փորձը լավ ստացվեց: Ինձ մոտ տպավորություն չեղավ, որ վստահությունը Նիկոլ Փաշինյանի նկատմամբ կարող է ամրապնդվել այսօր:

– Նշվում է, որ թեև Նիկոլ Փաշինյանը պատերազմում պարտված ղեկավար է, այդուհանդերձ, կարողացավ լցնել Հանրապետության հրապարակը, այդքան մարդ հավաքել իրենց հանրահավաքին: Դա քի՞չ էր:

– Իմ կարծիքով՝ այո՛: Դա այնքան էլ լավ ցուցանիշ չէր այն խնդրի համեմատ, որը դրված էր իր առջև: Վարչապետի հրաժարականի հարցն էր, Սահմանադրության խախտում էր տեղի ունեցել բանակի ռազմական ղեկավարության կողմից: Ժողովրդավար կառավարությունը ավելի մեծ աջակցություն կարող էր ակնկալել նման իրավիճակում: Այն, ինչ տեսանք, վկայում է այն մասին, որ և՛ Նիկոլ Փաշինյանն ունի բարձր բացասական վարկանիշ, և՛ ՀՀԿ-ԲՀԿ-ՀՅԴ եռյակը: 

– Ձեր կարծիքով ՝թավիշի վերջը կտրվի՞:

– Պետք է հասկանալ թավիշի խորքային պատճառները, որպեսզի հասկանալ, թե արդյոք փոփոխությո՞ւն է տեղի ունեցել, որ թավիշի վերջը տրվի: Այսօր հասկանալի է մեկ բան. այդ քաղաքական հակամարտության մեջ շահառուն Ռուսաստանն է: Երկու կողմն էլ գտնվում են Ռուսաստանի ազդեցության տակ, և Ռուսաստանը կարող է աջակից դառնալ կա՛մ մի կողմին, կա՛մ մյուս կողմին, ինչից էլ կախված կլինեն հնարավոր զարգացումները:

Նման պայմաններում մեր ժողովրդի համար կրկնվում է պատմությունը, որը տեղի է ունեցել 100 տարի առաջ, երբ փետրվարին ունեցանք ապստամբություն, որին հետևեց Կարսի պայմանագրի կնքումը, որովհետև ակնհայտ է, որ ՌԴ-ն իր աջակցությունը կցուցաբերի այն կողմին, որը համաձայն կլինի Ադրբեջանի հետ հակամարտության դադարեցման պայմանագիրը կնքելուն:

Ըստ էության, մեր քաղաքացիներն այսօր պետք է հստակ հասկանան, թե ո՛րն է այս քաղաքական պրոցեսի գլխավոր բացասական հետևանքը: Դա այն է, որ եթե հանրությունը ներքաշվի այս հակամարտության մեջ, շահառուն կլինեն Ռուսաստանը, Ադրբեջանը, Թուրքիան:

Նման պայմաններում այդ կուսակցությունները, որոնք ո՛չ Նիկոլ Փաշինյանին են աջակցում, ո՛չ էլ ՀՀԿ-ԲՀԿ-ՀՅԴ եռյակին, համատեղ մշակում են հայտարարություն: Մեր ընդհանուր պլատֆորմի նպատակն է չեզոքացնել, նվազեցնել այն վտանգները, սպառնալիքները, որը այս իրավիճակը կարող է ստեղծել, որպեսզի չկրկնվի 100 տարի առաջ տեղի ունեցածը:

Շատ կարևոր է, որ այս հարցում միջազգային հանրության դիրքորոշումը հայ ժողովրդի կողմից է: Ես նկատի ունեմ Ֆրանսիայի Սենատի բանաձևը, մյուս եվրոպական երկրների խորհրդարանների քաղաքական որոշումները, որոնք արտաքին հարաբերությունների ոլորտում զսպում են նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը:

Հարկավոր է, որ մեր երկրի ներսում նույնպես ձևավորվի քաղաքական պլատֆորմ, քաղաքական հենարան, որպեսզի մենք երկրի ներսից նույնպես թույլ չտանք, որ այլ պետությունները մեր երկիրը դարձնեն քաղաքականության օբյեկտ և մեր հաշվին փորձեն իրենց շահերը բավարարել:

– Որքանո՞վ էր երեկվա գլխավոր շտաբի հայտարարությունը իսկապես պայմանավորված այն խնդիրներով, որոնք կան երկրի ներսում, և որքանո՞վ կար դրսից դրա պահանջը, մասնավորապես, ՌԴ-ից: Դուք այս փուլում ռազմական վտանգ տեսնո՞ւմ եք, թե՞ այն արդեն չեզոքացվել է:

– Այս պահին մենք ունենք ռազմական հեղաշրջման մեծ ռիսկ, որովհետև ռազմական ղեկավարությունն արդեն խախտել է Սահմանադրության 14-րդ հոդվածի 2-րդ մասը և քաղաքական չեզոքություն չի պահպանում:

Երեկ նաև սպառնալիքներ են հնչել տարբեր տեսակի տարբեր ռազմական ղեկավարների կողմից, որ պատրաստ են նաև բանակը գործի դնել այս քաղաքական իրավիճակում իրենց նպատակներին հասնելու համար: Այդ ամենն իսկապես մեծ ռիսկ է պարունակում, որ Սահմանադրության խախտումը կարող է վերածվել պետական հեղաշրջման:

Անձամբ Օնիկ Գասպարյանից նույնպես կախված է լինելու, թե ո՛ր ուղիով իրադրությունը կզարգանա: Ըստ էության, նրա պաշտոնանկության հարցն է դրված, և այստեղ ողջ պատասխանատվությունը գտնվում է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի դաշտում՝ նա կհաստատի՞ այդ հրամանագիրը, թե՞ ոչ: Այդ ամենը կարող է բերել բացասական հետևանքների, եթե կողմերը շարունակեն սրել իրավիճակը: 

– Եթե այս իրավիճակում իշխանությունը կրկին օրակարգ բերի արտահերթ ընտրությունների հարցը, ընդդիմադիր ուժերը դա կընդունե՞ն: Մեկը դուք՝ պատրա՞ստ եք այդ քննարկումներին:

– Մենք մեր հայտարարությունում դրան կանդրադառնանք: 

Մանե Հարությունյան

MediaLab.am