Ֆրանսիայի Սենատն ընդունեց Ադրբեջանի դեմ պատժամիջոցների և Արցախ հայ բնակչության վերադարձի մասին բանաձևը. Factor

Ֆրանսիայի Սենատում այսօր Արցախի և Հայաստանի վերաբերյալ նոր բանաձև էր քննարկում, որն ընդունվեց գրեթե միաձայն՝ 336 կողմ և 1 դեմ ձայներով։ Սենատի այս բանաձևը դատապարտում է Արցախում Ադրբեջանի ռազմական հարձակումն ու ագրեսիան, Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության ոտնահարման հետագա փորձերը։ Այս մասին հայտնում է Factor.am-ը:

Այն պահանջում է Ադրբեջանի դեմ պատժամիջոցների կիրառում և ԼՂ հայ բնակչության վերադարձի իրավունքի երաշխիքների սահմանում։ Բանաձևը նաև վերահաստատում է Հայաստանի տարածքային ամբողջականության անձեռնմխելիությունը և կոչ է անում անհապաղ և անվերապահ դուրս բերել ադրբեջանական ուժերը Հայաստանի ինքնիշխան տարածքից։ Ավելի վաղ ֆրանսիական կողմը հրապարակել էր քննարկվող բանաձևի նախագիծը։

«Սենատը մեծ վճռականությամբ դատապարտում է 2023 թվականի սեպտեմբերի 19-ին և 20-ին իր դաշնակիցների աջակցությամբ Ադրբեջանի ռազմական հարձակումը Լեռնային Ղարաբաղում, որը ստիպեց այնտեղ բնակվող գրեթե ողջ հայ բնակչությանն արտագաղթել։ Սենատը հիշեցնում է, որ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի հարգումը, որը վերաբերում է Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությանը, Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղության միակ հնարավոր ճանապարհն է, և որ գործող պետությունները պետք է հարգեն և պաշտպանեն այս իրավունքը։

Հետևաբար՝ միջազգային հանրության պարտականությունն է պահանջել, որ Ադրբեջանը անի ամեն ինչ՝ երաշխավորելու հայ բնակչության վերադարձի իրավունքը Լեռնային Ղարաբաղ՝ նրանց անվտանգությունն ու բարեկեցությունն ապահովելու հնարավոր պայմաններով»,- ասվում էր նախագծի տեքստում։