«Պատերազմից հետո Հայաստանի գլխավոր նպատակը պետք է լինի հնարավորինս զսպել ռուսական ազդեցության աճը». Տիգրան Գրիգորյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը

Պարո՛ն Գրիգորյան, փետրվարի 24-ից սկսված ու մինչ օրս շարունակվող ռուս-ուկրաինական պատերազմը ի՞նչ քաղաքական հետևանքներ է ունեցել Հարավային Կովկասում, մասնավորապես, Հայաստանում:

– Հետևանքները բազմաթիվ են, որոնք ավելի լուրջ և համապարփակ վերլուծության առարկա են, սակայն առաջին խնդիրը, որի ականատեսն ենք, այն է, որ արտաքին դաշտում Հայաստանի մանևրելու հնարավորությունները զգալիորեն նվազել են:

Տեսանելի են, որ Հայաստանի նկատմամբ կան ճնշումներ թե՛ Ռուսաստանի, թե՛ ԱՄՆ-ի կողմից: ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովում Ուկրաինայի վերաբերյալ բանաձևի քվեարկության ընթացքում Հայաստանի ձեռնպահ քվեարկությունից հետո, հիշում ենք, որ հեռախոսազանգ տեղի ունեցավ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի ու ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի միջև, և ռուսական կողմի պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում էր, որ նախարարները քննարկել են միջազգային ասպարեզում մոտեցումների համակարգման հարցը, այսինքն՝ ակնհայտ է, որ ռուսական կողմը դժգոհ է Հայաստանի քվեարկությունից ու, վստահաբար, ճնշում է գործադրում Հայաստանի վրա:

Տեսանք նաև, որ երկու օր առաջ տեղի ունեցած Փաշինյան-Բլինքեն հեռախոսազրույցից հետո ԱՄՆ պետքարտուղարության հրապարակած հայտարարության մեջ Հայաստանին ուղղված ակնարկներ կային: Այդ հաղորդագրության մի հատվածում նշվում էր, որ Ռուսաստանին աջակցող երկրները, մասնավորապես, Բելառուսն ու նրա նախագահ Լուկաշենկոն պատասխանատվության են ենթարկվելու, այսինքն՝ սա ակնարկ է Հայաստանին, որ պետք է զերծ մնալ ռուս-ուկրաինական պատերազմին ակտիվ ներգրավվելուց:

Մի խոսքով՝ Հայաստանը հայտնվել է երկու քարի արանքում և առաջիկա տարիներին շատ մեծ դժվարություն է ունենալու մանևրելու ու բալանսավորելու Ռուսաստանի ու Արևմուտքի կողմից առկա ճնշումները: Սա կարելի է համարել արդեն իսկ առաջին արձանագրված հետևանքը Հայաստանի համար:

Եթե դեպքերի զարգացումը հանգեցնի նրան, որ Հայաստանն ընտրություն կատարի Արևմուտքի և Ռուսաստանի միջև, ո՞ր կողմին ընտրելն ավելի շահավետ կլինի, և արդյոք Հայաստանն ունի՞ ընտրության այդ հնարավորությունը:

– Չեմ կարծում, թե Հայաստանն այդպիսի հնարավորություն ունի: Հայկական քաղաքական-վերլուծական դաշտում շատ են խոսում այն մասին, որ Հայաստանը, կարգավորելով իր հարաբերությունները Թուրքիայի և Ադրբեջանի հետ, հնարավորություն կստանա դուրս գալ ռուսական ազդեցության գոտուց:

Բայց աշխարհաքաղաքական իրողություններն այնպիսին են, որ ռուս-ուկրաինական պատերազմի ավարտից հետո, անկախ արդյունքներից, Ռուսաստանը փորձելու է կոնսոլիդացնել իր ազդեցությունը հետխորհրդային տարածաշրջանի տարբեր մասերում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, ու Հայաստանն իրական հնարավորություններ չի ունենալու արտաքին քաղաքական քայլեր ձեռնարկելու, որովհետև Ռուսաստանն այլևս կաշկանդված չի լինելու որևէ միջազգային պարտավորությամբ:

Տեսնում ենք, որ Ռուսաստանն ինքնակամ դուրս է գալիս տարբեր միջազգային կազմակերպություններից, միջազգային նորմերի ու հանրության ազդեցությունը Ռուսաստանի վրա կտրուկ նվազելու է: Արևմտյան տարբեր երկրներ, իհարկե, օգնում են Ուկրաինային ռազմամթերքով, բայց ոչ ոք պատրաստ չէ Ռուսաստանի հետ ուղիղ ռազմական դիմակայության մեջ մտնելու, քանի որ դա հղի է երրորդ համաշխարհային պատերազմով:

Պատերազմից հետո Հայաստանի գլխավոր նպատակը պետք է լինի հնարավորինս զսպել ռուսական ազդեցության աճը, իսկ կտրուկ քայլերի մասին խոսելն անիրատեսական է, թեև շատերը հիմա այդ մասին են խոսում:

– Պարո՛ն Գրիգորյան, իսկ Հայաստանին կհաջողվի՞ զսպել, ինչպես ասում եք՝ ռուսական ազդեցության աճը:

– Բարդ է ասել, ինչ-որ չափով կախված է նաև պատերազմի արդյունքներից, եթե Ռուսաստանը շատ բզկտված դուրս գա այդ պատերազմից, գուցե հավելյալ ռեսուրսներ չունենա, որպեսզի առաջիկա տարիներին ագրեսիվ գործողություններ իրականացնի Հարավային Կովկասում, բայց, ամեն դեպքում, ինչպես արդեն նշեցի, ռուսական ազդեցությունը տարածաշրջանում պահպանվելու է:

Հայաստանը Թուրքիայի ու Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման ակտիվ գործընթացներ է ձեռնարկում, ձեր կարծիքով՝ կհաջողվի՞ կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ ու կնքել, այսպես կոչված, խաղաղության պայմանագիր Ադրբեջանի հետ, տարածաշրջանում բացել խաղաղության դարաշրջան, ինչպես բազմիցս հայտարարում է Հայաստանի գործող իշխանությունը:

– Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքման գործընթացում տեսանելի են կողմերի հակադիր մոտեցումներն ու կարծիքները: Ադրբեջանի ընկալմամբ՝ խաղաղության պայմանագիրը Հայաստանի ամբողջական ու ֆորմալ կապիտուլյացիան է, Ղարաբաղյան երկրորդ պատերազմի արդյունքների իրավական արձանագրումը, Հայաստանի կողմից Արցախի քաղաքական շահերի պաշտպանությունից հրաժարումը:

ՀՀ արտգործնախարարության վերջին օրերի հայտարարություններից պարզ է դառնում, որ Հայաստանը համաձայն չէ այդ մոտեցմանը ու պատրաստ չէ այդ օրակարգով խաղաղության պայմանագիր ստորագրելու: «Խաղաղությունը» հնարավոր կլինի, եթե կողմերից մեկը հետքայլ կատարի իր որդեգրած մոտեցումներից, իսկ այս փուլում Ադրբեջանը հակված չէ ավելի կառուցողական դիրքորոշում ընդունելու և փոխզիջումների գնալու:

Հայաստանի պարագայում դժվար է ինչ-որ բան կանխատեսել, մենք արդեն տարբեր իրավիճակներում ականատես ենք եղել, երբ Հայաստանն ի սկզբանե մի բան է հայտարարում ու ամիսներ հետո փոխում է իր դիրքորոշումը: Միայն հետևյալ օրինակը բերեմ. 2021 թվականի մայիսի 12-ին, երբ ադրբեջանական զորքը մի քանի ուղղություններով ներխուժեց ՀՀ սուվերեն տարածք, ամենաբարձր մակարդակով հայտարարություններ եղան, որ մինչև այդ զորքերը դուրս չբերվեն ՀՀ տարածքից, որևէ գործընթացի շրջանակներում չի վերսկսելու բանակցություններն Ադրբեջանի հետ, սակայն 2-3 ամիս հետո Հայաստանը վերսկսեց բանակցությունները:

Որոշ վերլուծաբանների կարծիքով ՝ Ռուսաստանի Դաշնության շահերից չի բխում, որ արցախյան հարցը կարգավորվի, ու Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքվի խաղաղության պայմանագիր: Համակարծի՞ք եք ձեր գործընկերների հետ: Ընդհանրապես, ձեր տպավորությամբ՝ ռուսական կողմն ի՞նչ դիրքորոշում ունի այս հարցի վերաբերյալ:

– Կարծում եմ՝ Ռուսաստանը հետաքրքրված է, որ Ադրբեջանն ու Հայաստանը հաջողության հասնեն այն գործընթացներում, որոնք նախաձեռնվել են հենց իր կողմից, այսինքն՝ ապաշրջափակում, դելիմիտացիա, դեմարկացիա: Ռուսաստանը հակված չէ ղարաբաղյան հակամարտությունը դիտարկելու դելիմիտացիայի ու դեմարկացիայի գործընթացի շրջանակներում կամ կապելու այդ գործընթացի հետ:

Ինչ վերաբերում է ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, այո՛, Ռուսաստանին ձեռնտու չէ, որ հարցը լուծվի այս կամ այն կողմի օգտին, որովհետև դա, մեծ հաշվով, նախադրյալներ է ստեղծելու ռուս խաղաղապահ առաքելության դուրս բերման համար:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am