«Ոչ ոք բերման չի ենթարկվել, առավել ևս՝ չի ձերբակալվել».ՀՀ ոստիկանություն

«Ոչ ոք բերման չի ենթարկվել, առավել ևս՝ չի ձերբակալվել».ՀՀ ոստիկանություն
«Ոչ ոք բերման չի ենթարկվել, առավել ևս՝ չի ձերբակալվել».ՀՀ ոստիկանություն

Զանգվածային լրատվության միջոցներով տեղեկատվություն է տարածվել, թե ոստիկանությունը ձերբակալել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամների: Սրանով ոստիկանությանը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու հերթական փորձն է արվում՝ դրանից դիվիդենտներ շահելու հեռակա նպատակով:

Իրականում տեղի է ունեցել հետևյալը:

Այս տարվա մարտին ոմն Արմեն պայմանավորվածություն է ձեռք բերել Նոր Նորքի 7-րդ զանգվածում գտնվող, չգործող պտուղբանջարեղենի կրպակներից մեկը վարձակալելու մասին: Կրպակատերը հետագայում որոշել է այն հետ վերցնել և դիմել է ոստիկանություն՝ հայտարարելով, որ պատրաստ է վերադարձնել վարձավճարը: Դիմումի կապակցությամբ պարզաբանումներ տալու նպատակով վարձակալը հրավիրվել է ոստիկանություն:

Ինչպես տեսնում եք՝ ոչ ոք բերման չի ենթարկվել, առավել ևս՝ չի ձերբակալվել, և հաղորդագրությունը որևէ աղերս չունի իրականության հետ:

Կրկին հիշեցնում ենք. ոստիկանությունը վերկուսակցական և վերքաղաքական կառույց է, ծառայում է օրենքին ու ժողովրդին, գործում է բացառապես օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում՝ առանց տարբերակում դնելու ոստիկանություն հրավիրված քաղաքացու կուսակցական և ցանկացած այլ պատկանելության մեջ:

Կոչ ենք անում զսպվածություն ցուցաբերել, նման հայտարարություններ տարածելուց առաջ ճշտել փաստերը, իսկ եթե որևէ մեկին թվում է, թե այս կամ այն կուսակցության պատկանելը դրոշակ դարձնելով կարելի է բարձրացնել «պաշտպանվածության աստիճանը», ապա, հավաստիացնում ենք, խոր մոլորության մեջ է: Ամեն օր հարյուրավոր մարդիկ տարբեր հարցերով այցելում են ոստիկանություն, և նրանց կուսակցական պատկանելությունը իրավական հետևանք չի ունենում ու չի կարող ունենալ: Օրենքի առաջ հավասար են են բոլորը:

ՀՀ ոստիկանություն