«Մեզ օդ ու ջրի պես անհրաժեշտ է հաղթանակի հանրային էներգիա». Հրանուշ Խառատյան

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանն անդրադարձել է Դավիթ Տոնոյանի վերջին ելույթին։ Հրապարեկելով ելույթը, Խառատյանը գրառումը է կատարել, որը ներկայացնում ենք ստորեւ։

«Ժամանակին մենք «կասեցրինք» մի շատ կարևոր, հասարակական մեծ արժէք ունեցող զգացում/զգացմունքի դրսևորումը: Դա Արցախյան պատերազմի հաղթանակի զգացում/զգացմունքն է:

Մենք գիտեինք, որ պատերազմում հաղթել ենք, բայց մենք «վախեցանք» հաղթանակի հպարտության զգացում/զգացմունքից, ջանացինք ինքներս մեզնից և աշխարհից «թաքցնել» մեր հաղթանակի ապրումը: Մեր հասարակությունը հաղթանակի բերկրանքի փոխարեն շարունակեց ապրել «մենք ճիշտ ենք», «մեր պահանջը բարոյական և իրավական է»,«մեր կռիվը արդարության կռիվ է» զգացումը, որն իր մեջ պարունակում է անհարկի «ինքնարդարցման» էներգիա: Մեր հասարակությունը «հաղթանակի էներգիա» չարարեց, ինչի հետևանքով չարարվեց հաղթանակի դիվանագիտություն:

Մենք բանակցությունների գնացինք ոչ թե որպես հաղթած կողմ, այլ որպես զիջումների պատրաստ արդարացողներ:

«Հաղթանակածի» մեր հասարակական «ինքնազսպումը» խրախուսեց ադրբեջանական «չպարտվածության» զգացման ներդրումը: Ադրբեջանցիներն իրենց հերթին չապրեցին «պարտվածի» դառնությունը, և Ադրբեջանը բանակցության գնաց ոչ թե որպես պարտված, այլ որպես «վիրավորված» կողմ:

Ինչպես հաղթանակի զգացումը հանրային զգացում չդարձավ Հայաստանում, այդպես էլ պարտության զգացումը հանրային զգացում չդարձավ Ադրբեջանում: Արցախյան պատերազմի արդյունքների մեր հանրային էներգիաները դարձան դիվանագիտության հիմնական հենքը և ձևավորեցին այն լեզուն, այն մոտեցումները, որոնք արդարացիորեն համեմատելի են մեր բարձրաձայնած ապրումներին: Ադրբեջանականը «գրոհում է», հայկականը՝ «պաշտպանվում», «արդարանում», «բացատրում»:

Հիմա ես անկեղծորեն պաշտպանում եմ պաշտպանության նախարար պարոն Տոնոյանի այն մոտեցումը, որ նա արտահայտել է Նյու Յորքում հայ համայնքի հետ հանդիպմանը. «Մենք այդ խրամատային վիճակից, անընդհատ պաշտպանական վիճակից ձերբազատվելու ենք: Ավելացնելու ենք այն ստորաբաժանումների թվաքանակը, որոնք կարող են ռազմական գործողությունները տեղափոխել հակառակորդի տարածք»:

Մեզ օդ ու ջրի պես անհրաժեշտ է հաղթանակի հանրային էներգիա, այդ էներգիան է, որ կազդի դիվանագիտության ընթացքի վրա Արցախի հարցում, Հայաստանի իշխանության վերակառուցման վրա՝ մեր ներքին հարաբերություններում: Հաղթանակի էներգիան չափազանց ազդեցիկ գործոն է»: