Քըլըչդարօղլուն ներկայացրել է Ադրբեջանի և «Զանգեզուրի միջանցքի» մասին իր դիրքորոշումը. Factor

Թուրքիայի նախագահական ընտրություններում ընդդիմության միասնական թեկնածու, Ժողովրդահանրապետական կուսակցության ղեկավար Քեմալ Քըլըչդարօղլուն BaBala TV յութուբյան ալիքի հաղորդման ժամանակ 4 ժամ պատասխանել է ներկաների հարցերին՝ անդրադարձել է նաև Ադրբեջանին իր ներկայացրած «Թուրքական ճանապարհում» չներառելուն։Այս մասին հայտնում է Factor.am-ը:

Քըլըչդարօղլուն ասել է, որ նախագահ ընտրվելու դեպքում առաջինն այցելելու է Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետություն (ճանաչված է միայն Անկարայի կողմից), իսկ երկրորդ այցը լինելու է Ադրբեջան։ Ի դեպ, նախօրեին Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն նույնպես հայտարարել էր, որ նախագահի պաշտոնում վերընտրվելու դեպքում Ռեջեփ Թայիփ Էրդողանն առաջինը կայցելի Թուրքական Կիպրոս և Ադրբեջան։

«Ստամբուլի և Բաքվի միջև որևէ տարբերություն չկա։ Ադրբեջանի հետ մեր բարեկամությունն ու համագործակցությունը չի կարելի այլ կերպ դիտարկել ոչ մի կողմի տեսանկյունից։ Մեր հիմնական նպատակըն, իհարկե, Կենտրոնական Ասիան Թուրքիայի և Եվրոպայի հետ կապելն է, Թուրքիայի վրա հիմնված նախագիծն ընդլայնելը, տնտեսական ենթակառուցվածքի ստեղծումը, որը Թուրքիան կապում է թյուրքական պետությունների հետ։Սա է մեր ամբողջ նպատակը։

«Զանգեզուրի միջանցք» կա։ Այն պետք է բացվի։ Սակայն այս միջանցքի բացումը կախված է կողմերի համաձայնությունից և Թուրքիայի անվերապահ աջակցությունից Ադրբեջանին։ Իրանի և Հայաստանի միասնական հարաբերությունները որոշակիորեն դժվարացնում են այս միջանցքի բացումը։ Եթե ​​Թուրքիան օգտագործի իր ուժը, ապա ավելի ուժեղ կլինի, եթե կարողանա բացատրել, որ միջանցքը մեծ օգուտ կբերի Թուրքիային, Իրանին, Հայաստանին և թուրքական մյուս պետություններին, և որ ստեղծված տնտեսական շահը կիսելու են բոլոր երկրները։ Մենք պետք է ընդլայնենք ու մեծացնենք այդ միջանցքը»,- ասել է Քըլըչդարօղլուն։

Նա նաև նշել է, որ ինքը և Թուրքիայի մյուս քաղաքական կուսակցությունները նույն կարծիքն են կիսում Ադրբեջանի վերաբերյալ։

Քըլըչդարօղլուն ասել է, որ ոչ միայն երկաթուղու զարգացման, այլև ցամաքային ճանապարհի ծրագիր ունեն։ Եթե Չինաստանը միանա դրան, ապա Սև ծովը կվերածվի բացառիկ ավազանի, հավելել է թուրք գործիչը։