Արդեն ունենք կորսված իրավիճակ՝ Հովիկ Աբրահամյանի տունը վաճառվել է, բայց նոր քննությունը կպարզի՝ ինչպես. Արթուր Դավթյան

Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում այսօր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանից հետաքրքրվեց՝ ինչո՞ւ է ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանի կալանքի տակ գտնվող տունը վաճառվել:

«Դուք էլ այդ մասին խոսելիս ասել էիք, որ այդ փաստը տարակուսանք է առաջացնում: Դե պատկերացրեք, եթե Ձեր մոտ տարակուսանք է առաջացնում, մեզ մոտ տարակուսանքը մեղմ է ասված: Ի՞նչ եղավ, որ այսպես եղավ, պարոն Դավթյան», -հետաքրքրվեց իշխանական պատգամավորը:

Գլխավոր դատախազն ի պատասխան նկատեց, որ գույքը կալանքի տակ դնելու հետ կապված որոշումները կայացվել են նախաքննական մարմնի և գործը հսկող դատախազի հետ միասնական քննարկումների արդյունքում և հավելեց.

«Մենք ստուգումներ ենք իրականացնում և տեսել ենք, որ գույքի հետ կապված կալանքի որոշումն օրինական է: Անձը վիճարկում է այս որոշումը դատարանում, որը գտնում է, որ գույքը կալանքի տակ դնելու որոշումը հիմնավոր չէ: Այս գործով մենք՝ որպես մեղադրող կողմ, վերաքննիչ բողոքն ենք պատրաստում և մեկ էլ տեղեկանում ենք, որ նախաքննական մարմինը այդ սահմանափակումները հանելու ուղղությամբ գործողություններ է կատարել: Այս իրավիճակում էլ դատախազին ի՞նչ էր մնում անելու:

Օրերի ընթացքում տեղի էր ունեցել գույքի գործարքներ և առերևույթ մեզ մոտ հիմքեր են առաջացել ստուգել արգելանքի սահմանափակումները հանելու որոշման հանգամանքներ: Դրա համար ԱԱԾ քննչական վարչությունում հարուցված է քրեական գործ, և այդ քրեական գործի ընթացքում կձեռնարկենք համապատասխան միջոցառումներ՝ պարզելու, թե ինչու մենք ունեցանք պրակտիկայից տարբերվող իրավիճակ»:

Դավթյանը տեղեկացրեց, որ դատարանի որոշումը՝ գույքի նկատմամբ արգելանքը վերացնելու մասին, բողոքարկել են Վերաքննիչ դատարան: «Բայց արդեն ունենք ըստ էության, կորսված իրավիճակ: Այսինքն՝ եթե վաղը Վերաքննիչ դատարանը կբավարարի մեր բողոքը, կատարվելիքն արդեն կատարվել է, սահմանափակումը հանվել է, անձը վաճառել է իր գույքը», -հավելեց Դավթյանը:

Այդուհանդերձ, գլխավոր դատախազը նկատեց, որ ԱԱԾ-ում քննվող քրեական գործը արդեն կուսումնասիրի՝ ինչպես է վաճառվել գույքը, ինչպե՞ս է որոշվել, որ պետք է սահմանափակումը հանվի այդ գույքի վրայից, արդյոք բարեխիղճ ձեռքբերող է գնել գույքը: