Եթե անձի ազատ կամարտահայտությունը սահմանափակված է կյանքի ուղղված սպառնալիքների ներքո, այդ ցուցմունքները որևէ ուժ չունեն. Սահակյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է միջազգային իրավունքի մասնագետ Սիրանուշ Սահակյանը

– Տիկի՛ն Սահակյան, Արցախի նախկին նախագահներին ու մի քանի բարձրաստիճան այլ պաշտոնյաների ձերբակալելու Բաքվի գործողություններն ինչպե՞ս եք գնահատում: Միջազգային իրավունքի առումով օրինակա՞ն են այն քայլերը, որոնք արվում են Ադրբեջանի կողմից այս մարդկանց նկատմամբ: 

– Մենք այստեղ ունենք ավելի շատ քաղաքական ու ուժային բնույթի գործընթաց, այստեղ կա նաև ուժի ցուցադրություն, և հանրային հաղորդակցությունը այդ ապօրինություններին շատ պարզ է: Քանի որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն Ադրբեջանի կողմից չճանաչված պետություն է եղել, նրանք ոչ միայն այդ միավորի ոչնչացման, վերացման, ինքնալուծարման կամ այլ խնդիր են լուծում, նաև ի ցույց են դնում այն, որ պատժելի է լինելու այդ միավորում սիմվոլիկ պետական պաշտոն զբաղեցնելը, ու պատահական չէ նախագահ չափանիշի ընտրությունը:

Նախագահը եղել է բարձրագույն գործադիր իշխանություն իրացնողը, ունեցել է նաև սիմվոլիկ նշանակություն, կառավարման ձևով պայմանավորված նաև հատուկ դեր ու նշանակություն, և նրանք, ըստ էության, բացի այն, որ այդ միավորն են կազմալուծում, վրեժխնդիր են լինում բոլոր այն անձանցից, որոնք հանձնառել են այդ միավորի ղեկավարումը, առաջնորդությունը, համախմբումը և այլն: 

Մեղադրանքներն ակնհայտորեն շինծու են, իհարկե դրանք դեռ փոփոխությունների կենթարկվեն, ռազմագերիների պարագայում էլ, գիտեք, ի սկզբանե նրանք էլ են որպես ահաբեկիչներ ներկայացվել, հետագայում պատժվել են կամայական կերպով: 

Այս պարագայում ևս մենք դեռ ակնկալում ենք փոփոխություններ, ու այդ մեղադրանքների պայմաններում Ադրբեջանը շատ լուրջ դիվանագիտական ջանքեր է գործադրում, ու նաև ֆինանսական ռեսուրսներ, որպեսզի նաև փակի միջազգային կառույցների արձագանքը: Այս քայլերը հստակ պլանավորված են, ու նրանք ամեն ինչ անում են, որպեսզի նաև մեղմեն միջազգային հանրության արձագանքը: 

Կարծում եմ, եթե հայկական կողմը նպատակային աշխատանք կատարի, նրանց այս փորձերը կձախողվեն, բոլոր դեպքերում Ադրբեջանը ոչ միայն ծրագիր է իրականացնում, այլ նաև այդ ծրագրի հանցավոր լինելը կոծկելուն միտված քարոզչական, ֆինանսական, դիվանագիտական, քաղաքական ակտիվ աշխատանք է տարվում: Սա չեզոքացնելու ուղիները պետք է քննարկի ու գտնի նաև Հայաստանը, ու նույնքան ռազմավարական մոտեցումներ որդեգրվեն, ինչպիսին ունի Ադրբեջանը: 

– Այդ նպատակային աշխատանքները տարվո՞ւմ են Հայաստանի կողմից:

– Ցավոք սրտի, շատ համակարգված ու թիրախավորված գործունեություն մենք չենք տեսնում, ես միշտ շատ բարձր եմ գնահատել իրավական թիմի աշխատանքը, նախաձեռնողականությունը, բայց, կարծում եմ, անգամ իրավական թիմը կրում է քաղաքական թիմերի ինքնագործունեության հետևանքները, ու կարծես նույն համակարգի տարբեր օղակներ իրարամերժ գործելակերպ ունեն:

Մի կողմից մենք ռասիստական քաղաքականություն ենք վկայակոչում ու դրանով հիմնավորում ենք բացառումը Արցախի գոյությունը Ադրբեջանի կազմում, մյուս կողմից մենք տեսնում ենք Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելուն միտված տարաբնույթ քայլեր, սա արդեն իսկ վկայում է, որ չկա ռազմավարական մոտեցում, ավելին՝ բացակայում է պարզունակ համակարգումը:

– Տիկի՛ն Սահակյան, ի սկզբանե կարո՞ղ էր այնպես արվել, որ նման զարգացումների ֆոնին այդ մարդիկ ապօրինաբար չկալանավորվեին ու չտեղափոխվեին Բաքու:

– Կարծում եմ՝ այո՛, դրա հնարավորությունը կար: Նախ՝ պետք է հստակ գնահատվեր ռիսկերը՝ Ադրբեջանի կազմում Արցախի ճանաչման ռիսկերը, նաև ռազմական առավելությունները, համընկնող տնտեսական ու այլ շահերը, որոնք բարենպաստ գործոններ են Ադրբեջանի համար: Այդ պայմաններում, օրինակ՝ որոշ տարածքներ նոյեմբերի 9-ին հանձնելուց առաջ պետք է քննարկման առարկա դառնար զինվորական անձնակազմի, ռազմամթերքի դուրսբերումը, որը խիստ անհրաժեշտ էր նաև Հայաստանի պաշտպանության համար: 

Հետագայում արդեն շրջափակման իրավիճակը պետք է գնահատվեր, որովհետև Վագիֆ Խաչատրյանի դեպքը հստակ ուղերձ էր, որ Արցախում ապրող յուրաքանչյուր հայի կյանք կարող է վերահսկվել ու տնօրինվել Ադրբեջանի կողմից, ու այս զարգացումների ֆոնին պետք է լինեին հակապլանը, «հակաթույնը»: Իմ կարծիքով՝ հայկական կողմն այս ամենը չի վերլուծել, համապատասխան գործողությունների ծրագիր չի կազմել:

– Այդ պայմաններում արված հարցաքննությունները որքանո՞վ ընդունելի կլինեն նույն միջազգային հանրության համար, որովհետև հնարավոր է, որ տվյալ անձը վախի ազդեցության կամ ուղիղ սպառնալիքի տակ տա այնպիսի ցուցմունք, ինչպիսին ուզում է թշնամին:

– Եթե անձի ազատ կամարտահայտությունը սահմանափակված է կյանքին ուղղված սպառնալիքների ներքո, ապա այդ ցուցմունքները որևէ ուժ չունեն: Նույնկերպ, օրինակ՝ հիմնավորված է, որ ռազմագերիների կամարտահայտությունն է էապես խաթարված եղել: Նման կարգավիճակում են գտնվում բոլոր այն հայերը, որոնք Ադրբեջանի հսկողության ներքո են ու զրկված են անվտանգային ու պաշտպանության միջոցներից, ավելին՝ միջազգային կառույցների կամ խաղաղապահների անզորության պայմաններում այդ անվտանգային ռիսկերն ավելի են ուժգնանում, որովհետև այդ կառույցների գոյության, հայտարարությունների պայմաններում չեն կանխվել կամայական սպանությունները, գնդակահարությունները, ու հասկանալի է, որ բոլոր հայերը իրական անմիջական սպառնալիքի ներքո են, ու նրանց տված ցուցմունքները չունեն ապացուցողական նշանակություն: 

– Մոտ ապագայում հնարավոր համարո՞ւմ եք բոլոր այս ձերբակալված բարձրաստիճան պաշտոնյաների վերադարձը Հայաստան:

– Այո՛, նման հնարավորություն տեսնում եմ, չեմ բացառում անգամ խաղաղության պայմանագրի շրջանակներում այսպես կոչված համաներումները և որոշակի խմբի անձանց ազատ արձակումը, բայց չեմ էլ բացառում, որ քաղաքական իրավիճակն ավելի վերահսկելի դարձնելու կամ շարունակաբար Հայաստանին պահանջներ ներկայացնելու ձգտումներից ելնելով՝ առանձին անձինք որպես պատանդներ որոշ ժամանակ շարունակաբար գտնվեն Ադրբեջանում:

– Այսինքն՝ Ադրբեջանն այդ կերպ շանտաժի՞ կենթարկի հայկական կողմին:

– Այո՛, ու այս գործողությունները նաև այդ նպատակն են ունեցել, ու մենք գործ ունենք դասական պատանդառության հետ, երբ պետական պաշտոններ զբաղեցնող անձինք ապօրինի կալանավորվում ու պահվում են՝ քաղաքական պահանջների բավարարում ստանալու նպատակով: 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am