Բրյուսելում վաղը նախատեսված է Շառլ Միշել-Փաշինյան-Ալիև եռակողմ հանդիպում

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը դեկտեմբերի 14-ին Բրյուսելում հանդիպումներ է անցկացնելու Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանի ու Իլհամ Ալիևի հետ, գրում է Factor.am-ը։

ՏԱՍՍ գործակալության հաղորդմամբ՝ այս մասին լրագրողներին հայտնել է Բրյուսելում ԵՄ բարձրաստիճան ներկայացուցիչը «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովին ընդառաջ, որը տեղի է ունենալու դեկտեմբերի 15-ին։

«Եվրոպական խորհրդի նախագահը վաղը նախ երկկողմ հանդիպումներ կանցկացնի Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հետ։ Երեկոյան էլ Շառլ Միշելը նրանց հետ եռակողմ հանդիպում է անցկացնելու»,- ասել է նա։ Ավելի վաղ Շառլ Միշելը հայտնել էր, որ Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակում Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները համաձայնել են հանդիպում անցկացնել։