Կալանք է դրվել Սեյրան Օհանյանի, նրա կնոջ, Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետի գույքի վրա․ Factor.am

Գլխավոր դատախազությունն ուսումնասիրել է Պաշտպանության նախկին նախարար, ԱԺ պատգամավոր Սեյրան Օհանյանի, նրա կնոջ՝ Ռուզաննա Խաչատրյանի, նրանց հետ առնչվող անձի՝ Ժակ Ֆովոյի, Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի, նրա կնոջ, դստեր, որդու ձեռք բերած գույքի օրինականությունը: Ինչպես Factor.am-ի հետ զրույցում տեղեկացրին Գլխավոր դատախազությունից, նրանք հրավիրվել են դատախազություն` ծանոթանալու ուսումնասիրության արդյունքներին ու ներկայացնելու իրենց դիրքորոշումը։ Թե խոսքը մասնավորապես ո՛ր գույքերի մասին է՝ կառույցը չի մանրամասնում։

Դատախազությունն ուսումնասիրում է նաև Սերժ Սարգսյանի եղբոր՝ հետախուզման մեջ գտնվող Լևոն Սարգսյանի, նրա դստեր, որդու, պետական գույքի կառավարման վարչության նախկին պետ, ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանի որդու՝ Արման Սահակյանի, բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի գույքերի օրինականության վերաբերյալ։

Հիշեցնենք՝ օրեր առաջ դատախազությունը հայցադիմում է ներկայացրել Քաղաքացիական դատարան՝ ՀՀ ոստիկանության նախկին պետ Վլադիմիր Գասպարյանի և նրա ընտանիքի անդամների ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջով, սակայն, այս գործով ևս այլ մանրամասներ չեն հաղորդվում։

Ավելի վաղ՝ ապօրինի գույքի բռնագանձման վերաբերյալ գործ էր ուղարկվել նաև ԱԱԾ նախկին բարձրաստիճան պաշտոնյա Սերոբ Հարությունյանի և նրա մերձավորների հետ առնչվող գույքի հետ կապված։