Լավ կլիներ Արայիկ Հարությունյանը պատասխաներ Բերձորը հանձնելու՝ Փաշինյանի ուղիղ մեղադրանքին, որը հնչեց ասուլիսին. Դավիթ Գալստյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Արցախի Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը

– Պարո՛ն Գալստյան, ինչպե՞ս եք գնահատում նստացույցը դադարեցնելու Արցախի Հանրապետության նախագահի որոշումը, համակարծի՞ք եք նրա նշած այն արդյունքներին, որոնց նպաստել է իր նստացույցը, ու Արցախում մեկնարկած համաժողովրդական ակցիան:

– Հանրահավաքի հաջորդ օրն եմ ասել, որ սա պայքարի իմիտացիա է, ու սա իմիտացիայի շարունակությունն է, իբր պայքարել ենք, արդյունք ենք արձանագրել, բայց փաստը մնում է փաստ, որ Արցախում նույն հումանիտար աղետն է: Ես չեմ կարողանում տրամաբանությունը հասկանալ՝ մեկ օր առաջ Արցախը հայտարարել աղետի գոտի, իսկ հաջորդ օրը հայտարարել, թե հասել են որոշ նպատակների: Օրվա իշխանությունները զբաղված են շարունակական իմիտացիայով:

– Այդ պայքարի իմիտացիան, ինչպես ասում եք, արվում է Հայաստանի իշխանության հետ համատե՞ղ, որովհետև նման կարծիքներ բազմիցս են հնչել:

– Իմ սպասելիքները Արցախի Հանրապետության նախագահից այն էր, ու ավելի դրական կգնահատեի, ու ավելի ճիշտ կլիներ, որ երբ Նիկոլ Փաշինյանը իր վերջին ասուլիսի ժամանակ Արայիկ Հարությունյանին ուղղակիորեն մեղադրեց Բերձորը հանձնելու համար, դրան պատասխան տար ու ընդուներ իր, այսպես ասած՝ հանձնող տեսակը: Բայց տեսանք, որ դա չեղավ, երևի թե դա Նիկոլ Փաշինյանի կողմից մեսիջ էր Արայիկ Հարությունյանին, որ ծրագրից դուրս ես գալիս, ու Արայիկ Հարությունյանը վերադառնալով ծրագրի շրջանակներ, պահը բաց չթողեց շնորհակալություն հայտնել Հայաստանի իշխանություններին: 

– Նկատի ունեք, որ համատե՞ղ են գործում, պարո՛ն Գալստյան:

– Ինչ-որ պահի հնարավոր է՝ այդ պահը կտրված է եղել, քանի որ, նորից եմ կրկնում, Նիկոլ Փաշինյանն ուղիղ տեքստով մեղադրեց Արայիկ Հարությունյանի իշխանությանը Բերձորը հանձնելու համար, որին ինքը դեմ էր: Իսկ Արայիկ Հարությունյանը շնորհակալություն է հայտնում Նիկոլ Փաշինյանին՝ հումանիտար բեռի համար: 

Եթե այս փաստերը համադրենք՝ հասկանալի է, որ այդ հայտարարությունը մեսիջ էր Հարությունյան Արայիկին, որ դու ծրագրից փորձում ես շեղվել, ու նստացույցի իմիտացիան դադարեցնելով, հումանիտար բեռի պատրվակով շնորհակալություն հայտնելով՝ նա իր հավատարմությունը հայտնեց Փաշինյանին, որ հավատարիմ է իրենց ինչ-ինչ պայմանավորվածություններին, որոնց մասին հանրությունը միմիայն ենթադրություններ է անում: Ենթադրությունը հետևյալն է՝ Արցախը բռնակցել Ադրբեջանին:

– Որպեսզի Արցախում լինի իրավիճակի էական փոփոխություն, ի՞նչ եք ակնկալում իշխանությունից, եթե չկան այդ ակնկալիքները՝ ընդդիմությունը ի՞նչ քայլեր է ձեռնարկում դրան հասնելու համար:

– Արցախում էական փոփոխություն լինելու դեպքում էլ, միևնույն է, հայկական համազգային այս հարցը չի լուծվի: Ես կարծում եմ, որ բեկում մտցնելու համար պետք է բռնենք Նիկոլ Փաշինյանի ձեռքն ու թույլ չտանք ստորագրել այնպիսի աղետալի փաստաթուղթ, որը կկործանի հայ ազգին: 

Դա կարող է լինել նաև Արայիկ Հարությունյանի անհապաղ հրաժարականը, այսինքն՝ այս համատեղ գործող շղթան մի տեղ պետք է կտրվի: Անկախ այն բանից, թե ո՛ր կողմում կկտրվի, այն շատ դրական լիցքեր կհաղորդի բանակցություններին, ու նոր մոտեցումներով, առանց պարտության խարանի, կարող ենք հասնել դրական արդյունքների:

– Այսինքն՝ մի կողմի իշխանությունը պետք է հրաժարակա՞ն ներկայացնի:

– Մեկի իշխանության հրաժարականով կպայմանավորվի հաջորդի շատ կարճ իշխանավարումը:

– Իսկ հրաժարականի նախադրյալներ տեսնո՞ւմ եք, պարո՛ն Գալստյան:

– Ես հույսս միայն ու միայն դրել եմ հայ ազգի վրա, նրանք պետք է հասկանան, որ այս մարդիկ իրենց իշխանությունը շատ ավելի թանկ են գնահատում, քան հայրենիքը, ու պայքարի իմիտացիաներ ստեղծելով՝ փորձում են հերթական անգամ շեղել ժողովրդին: Ժողովուրդը պետք է արթնանա ու այս սնանկ ու պարտվողական կեցվածքով իշխանություններին թույլ չտա այլևս որոշել հայ ազգի ճակատագիրը:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am