Ջհանգիրյանին առաջադրելով՝ հստակ մեսիջ է ուղարկվում, որ նա այն անձն է, որը կարող է պահպանել դատավորների անկախությունը. Նորայր Նորիկյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է փաստաբան Նորայր Նորիկյանը

– Մոսկվայում կայացած եռակողմ հանդիպմանը հնարավոր չեղավ լուծել գերիների վերադարձի հարցը: Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ ունենք այս իրավիճակը, և արդյոք պե՞տք էր նախ լուծել գերիների հարցը, ապա նոր որևէ հայտարարություն ստորագրել: Հիմա այս հարցում փակուղային վիճակո՞ւմ ենք:

– Ակնհայտ է, որ գերիների հարցով Նիկոլ Փաշինյանի այցը կարելի է համարել տապալված ու ձախողված, որովհետև եթե դու այցից առաջ հայտարարում ես, որ քեզ համար առանցքային նշանակություն ունի այդ հարցը, և այդ հարցում որևէ հաջողություն չի արձանագրվում, ձախողումն ակնհայտ է:

Այո՛, գերիների հարցը Հայաստանի ու հայ ժողովրդի համար ունի առանցքային ու զգացմունքային նշանակություն, և Ադրբեջանը, քաջ գիտակցելով այդ հանգամանքը, փորձում է էլ ավելի ցավեցնել մեզ՝ փորձելով հետագայում որպես կռվան օգտագործել՝ ավելի մեծ ճնշումներ Հայաստանի վրա կիրառելով առավել մեծ չափաբաժին ստանալու ակնկալիքով: Սա ակնհայտ է: 

Բայց, մյուս կողմից՝ ինձ համար իսկապես տարօրինակ է Ադրբեջանի վարքագիծը երկու համատեքստում. եթե դու հայտարարում ես, որ իսկապես ցանկանում ես տարածաշրջանում տևական խաղաղություն հաստատել, հարց է առաջանում, թե ի՛նչ նպատակով ես պահում ՀՀ քաղաքացիներին որպես ռազմագերի:

Ինչպե՞ս ես պատկերացնում այդ պայմաններում ձեզ հետ տևական, նորմալ, կայուն խաղաղության հաստատումը: Ինձ մոտ տպավորություն է, որ գործ ունենք ժանտախտի ժամանակ խրախճանքի հետ:

Այսինքն՝ երբ դու իմ եղբորը, իմ բարեկամին որպես պատանդ ես պահում քո բանտերում և տարբեր տեսակի հոգեբանական բռնություն ես գործադրում, տառապանքների ես ենթարկում, ինձ համար հասկանալի չէ, թե ի՛նչ տրամաբանությամբ ես պետք է քեզ հետ իրականացնեմ այլևայլ բանակցություններ: 

Բայց այստեղ մի ուրիշ հանգամանք էլ կա, որ, այնուամենայնիվ, Ալիևն ինչ-որ հարցում վստահ չէ, ինչ-որ հարցում մտավախություն ունի, ինչ-որ խնդրում այլ պատկերացում ունի, և, ելնելով դրանից, փորձում է որպես իր համար երաշխիք պահել հայ ռազմագերիներին, որպեսզի դրանով փորձի հավասարակշռել փոխադարձ ճնշումները:

Ես չգիտեմ, թե այս առումով, անկախ նրանից, թե Հայաստանն ինչպիսի բանակցությունների մեջ է և ինչ ձևաչափով, չպետք է թուլացնի իր ճնշումը, բոլոր ֆորմատներով պետք է աշխատի օր առաջ իր գերիներին Հայաստան վերադարձնելու համար: 

– Ինչպե՞ս եք գնահատում փաստը, որ «Իմ քայլը» խմբակցությունը որոշել է ԲԴԽ անդամի թեկնածու առաջադրել Գագիկ Ջհանգիրյանին՝ հաշվի առնելով, որ շատ հակասական են մոտեցումները այդ անձի վերաբերյալ:

– Որպեսզի գնահատենք որևէ անձի որևէ պաշտոնում նշանակելու իրողությունը, պետք է կարողանանք երկու հարցի պատասխանել, կոնկրետ այս դեպքում՝ «Իմ քայլի» պատկերացումները արդարադատության և դատական համակարգի մասին, երկրորդ հանգամանքը՝ ԲԴԽ-ի առաքելության ու կարգավիճակի մասին, և երրորդը՝ նոր անձի վերաբերյալ:

Իմ պատկերացումը հետևյալն է. ԲԴԽ-ն այն բացառիկ սահմանադրական մարմինն է, որը պարտավոր է ապահովել դատարանների բնականոն գործունեությունը, դատարանների ու դատավորների անկախությունը: Հիմա՝ հաջորդ հարցը, «Իմ քայլի» համոզմամբ, երբ նա նշված անձի թեկնածությունն է առաջադրել, արդյոք «Իմ քայլը» համոզվա՞ծ է, որ Գագիկ Ջհանգիրյանն այն անձն է, այն փորձառությունը, պրոֆեսիոնալիզմը և մնացած այլ հատկանիշներն ունի, որ կարող է իր գործունեությամբ ապահովել Հայաստանի դատարանների բնականոն գործունեությունը, դատավորների անկախությունը:

Այս հարցի հասցեատերն իրենք են, իրենք պետք է պատասխանեն, որովհետև ԲԴԽ-ի առաքելությունը հենց այդ երկու իրողությամբ է պայմանավորված՝ նրանք պարտավոր են պահպանել դատավորների անկախությունը և դատարանների բնականոն գործունեությունը:

Հետևաբար նշված անձի առաջադրումով իրենք հստակ մեսիջ են ուղարկում հանրությանը, որ Գագիկ Ջհանգիրյանն այն անձն է, որը կարող է պահպանել դատավորների անկախությունն ու ապահովել դատարանների բնականոն գործունեությունը:

– Կարո՞ղ ենք վեթինգի գործընթացը Հայաստանում փակված համարել, նաև ձախողված համարել այս իշխանությունների նախաձեռնած դատական բարեփոխումների ողջ ընթացքը: 

– Ոչ թե կարող ենք համարել, այլ համարում ենք: Ես ընդհանրապես պետք է արձանագրեմ, որ կոռուպցիայի դեմ պայքարի դատաիրավական բարեփոխումների ամբողջ ցիկլը Հայաստանում տապալված ու ձախողված է:

Այս իշխանությանը չի հաջողվել նշված ոլորտներում իրականացնել արմատական հայեցակարգային ու համակարգային փոփոխություններ: Ինչքան ասես փորձել են, ինչքան ասես գեղեցիկ ձևակերպումներ են տվել, բայց դրանցից այն կողմ գործը չի հասել:

Մենք կարող ենք արձանագրել, որ ընդհանրապես հակակոռուպցիոն ռազմավարությունը Հայաստանում տապալված է:

Իսկ դա չպետք է պայմանավորել որևէ հայեցակարգի կամ մարմինների բացակայությամբ: Գործող օրենսդրությունը լիովին բավարար էր այդպիսի պայքար մղելու և շոշափելի արդյունք արձանագրելու համար:

Ես կարծում եմ, որ ոչ միայն քաղաքական կամք էր անհրաժեշտ, այլև այդ կամքը գործադրել էր անհրաժեշտ, ինչը մենք չտեսանք: Դա կարող էր լինել երկու դեպքում՝ կա՛մ մասնագիտական անձեռնհասություն, որին խիստ կասկածում եմ, կա՛մ քաղաքական կամքի բացակայություն, և երրորդը՝ այդպիսի պայմանավորվածության ձեռքբերում: 

– Հիմա արդեն անհո՞ւյս է այդ ոլորտում փոփոխություններ ակնկալելը այս իշխանության օրոք:

– Մենք ճիշտ պահը բաց ենք թողել կոռուպցիայի դեմ իրական պայքար մղելու համար, և հիմա հնարավոր չէ նույն տրամաբանությամբ խնդիր լուծել, ինչը հնարավոր էր լուծել 2019-2020 թվականներին:

Հիմա բոլորովին այլ իրավիճակ է ստեղծվել Հայաստանում, բոլորովին այլ տրամադրվածություն: Ես չեմ ասում, որ կոռուպցիայի դեմ չպետք է պայքարել, չեմ ասում, որ կոռուպցիոներներին չպետք է պատասխանատվության ենթարկել, բայց այդ քայլերը կարող է անել որակապես նոր բովանդակություն ունեցող իշխանությունը:

Մանե Հարությունյան

MediaLab.am