Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի նոր սեփականատիրոջ բաժնետոմսերը հայտնվել են կալանքի տակ․ Civilnet.am

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետոմսերի 12,5 տոկոսի սեփականատեր, Ռուսաստանի առողջապահության ու սոցիալական զարգացման հարցերի նախկին նախարար Միխայիլ Զուրաբովն անօրինական է համարում ռուս միլիարդատեր Ռոման Տրոցենկոյի կողմից կոմբինատի 60 տոկոսի ձեռքբերման գործարքն ու դիմել է դատարան՝ գործարքն անվավեր ճանաչելու պահանջով․ այդ մասին տեղեկանում ենք «Դատալեքս» տեղեկատվական հարթակից, գրում է Civilnet.am-ը։

Ավելին՝ ՍիվիլՆեթի տեղեկություններով Միխայիլ Զուրաբովին պատկանող «Զանգեզուր մայնինգ»-ը դիմել է դատարան՝ հայցի ապահովման միջոց կիրառելու համար, ինչը բավարարվել է, և կոմբինատի խոշոր բաժնետեր Ռոման Տրոցենկոյին պատկանող բաժնետոմսերի 45 տոկոսի վրա դրվել է արգելանք։ Արգելանքի որոշումը կայացվել է հոկտեմբերի 19-ին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Անահիտ Թումանյանի կողմից։ Ներկայում կոմբինատի 45 տոկոսը պատկանում է Տրոցենկոյի «Արդյունաբերական ընկերությանը», 15 տոկոսը՝ կառավարությանը (թեև կառավարությունը պաշտոնապես չի հրապարակել նվիրատվության պայմանագիրը),  12,5-ական տոկոսներ ունեն Միխայիլ Զուրաբովի «Զանգեզուր մայնինգ»-ն ու «ԱՄՓ հոլդինգ»-ը, որը պատկանում է կոմբինատի նախկին տնօրեն Մհեր Պոլոսկովին, «Հայաստան» դաշինքի պատգամավոր Վահե Հակոբյանի եղբորը՝ Կարեն Հակոբյանին ու Գուրգեն Ամբարյանին։ Մնացած 15 տոկոսի ճակատագիրը դեռևս հայտնի չէ, դրա սեփականատերը շարունակում է հանդիսանալ հենց կոմբինատը։ 

Միխայիլ Զուրաբովը պահանջում է դատարանից անվավեր ճանաչել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից Ռոման Տրոցենկոյի գնած 60 տոկոս բաժնետոմսերի առքուվաճառքի գործարքը, ինչպես նաև Տրոցենկոյի «Արդյունաբերական ընկերություն» բաժնետիրական ընկերության կողմից կառավարությանը բաժնետոմսերի 25 տոկոսը նվիրատվություն կատարելու որոշումը։ Հայցվորի ներկայացուցիչ Արամ Օրբելյանը ՍիվիլՆեթին ասաց՝ պահանջում են կոմբինատի բաժնետոմսերը նախապատվության իրավունքով օտարել իրենց, քանի որ ԶՊՄԿ-ի բաժնետոմսերի առքուվաճառքի դեպքում առաջին հերթին դրանք պիտի առաջարկվեն գործող բաժնետերերին։ 

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում