«Բուրգըրի» սննդի կազմակերպությունում արձանագրված աղիքային վարակի դեպքերի վերաբերյալ լաբորատոր արդյունքները հայտնի են

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային Կենտրոնից հայտնում են, որ հայտնի են «Հայր և որդի Երեմյաններ» ՍՊԸ-ի «Բուրգըրի» (հասցե՝ Ամիրյան 3/37) հասարակական սննդի կազմակերպությունում արձանագրված աղիքային վարակին բնորոշ դեպքերի վերաբերյալ լաբորատոր արդյունքները։

Համաձայն ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի «Ռեֆերենս Լաբորատոր կենտրոն մասնաճյուղ»-ի կողմից իրականացված լաբորատոր հետազոտությունների արդյունքների՝ խմելու ջրում շեղումներ չեն հայտնաբերվել։

Մակերեսներից և աշխատակիցների ձեռքերից վերցված լվացուկներում հայտնաբերվել են աղիքային ցուպիկի խմբի մանրէներ (ԱՑԽՄ) և Staphylococcus aureus։

Ինչպես հիվանդներից վերցված կենսանմուշներում, այնպես էլ սննդամթերքից վերցված նմուշներում (բուրգերի համար նախատեսված հում միս (կիսաֆաբրիկատ))՝ հայտնաբերվել է աղիքային վարակիչ հիվանդության հարուցիչ (salmonella enteritidis):