Լիտվայի գլխավոր դատախազությունը հայտարարել է, որ բացահայտվել է Ռուսաստանի հետ կապ ունեցող կասկածյալների խումբ, որը ծրագրել և կազմակերպել է ահաբեկչական հարձակումներ տարբեր եվրոպական երկրներում։
Քննության տվյալներով՝ կասկածյալները ինքնաշեն պայթուցիկներով ծանրոցներ են ուղարկել Եվրամիության երկրներ և Մեծ Բրիտանիա՝ օգտագործելով միջազգային բեռնափոխադրման ծառայություններ։ Պայթուցիկ սարքերը թաքցված են եղել մերսման բարձերի և կոսմետիկայի խողովակների մեջ՝ ժամաչափերով ապահովված դետոնատորներով։
Ընդհանուր առմամբ 15 մարդ՝ Ռուսաստանի, Լիտվայի, Լատվիայի, Էստոնիայի և Ուկրաինայի քաղաքացիներ, կասկածվում են հարձակումների կազմակերպման և իրականացման մեջ։ Երեք անձի նկատմամբ հայտարարվել է միջազգային հետախուզում։ Դատախազությունը չի պարզաբանել՝ քանի հոգի է արդեն ձերբակալվել։
Հայտնի է, որ ծանրոցները Լիտվայի քաղաքացու կողմից ուղարկվել են 2024 թվականի հուլիսի 19-ին։ Երկու ծանրոց Վիլնյուսից DHL-ի բեռնատար ինքնաթիռներով ուղարկվել է Մեծ Բրիտանիա, իսկ մյուս երկուսը՝ Լեհաստան DPD բեռնատարներով։ Դրանցից մեկը բռնկվել է Լայպցիգի DHL-ի լոգիստիկ կենտրոնում, երկրորդը պայթել է հուլիսի 21-ին Լեհաստանում ընթացող բեռնատարում, երրորդը՝ հուլիսի 22-ին Բիրմինգհեմի DHL պահեստում։ Չորրորդը չի գործել տեխնիկական անսարքության պատճառով։
Լիտվայի իշխանությունների տեղեկացմամբ՝ հարձակումների կազմակերպումը համակարգվել է Ռուսաստանի քաղաքացիների կողմից, որոնք կապ ունեն Ռուսաստանի ռազմական հետախուզության՝ ԳՌՈՒ-ի հետ։ Քննության ընթացքում Լիտվայում, Լեհաստանում, Լատվիայում և Էստոնիայում իրականացվել է ավելի քան 30 խուզարկություն, որոնց արդյունքում հայտնաբերվել են լրացուցիչ պայթուցիկ սարքեր։
Հետաքննությամբ պարզվել է, որ ծանրոցներում եղել է թերմիտ՝ բարձր այրման հատկություններով նյութ, որն օգտագործվում է արդյունաբերական և ռազմական նպատակներով։



















