Ղազանչեցոց եկեղեցին «Ղազանչի» չի վերանվանվի․ FIP.am

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում սեպտեմբերի 27-ին գրառում էր արել՝ անդրադառնալով

նույն օրը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) ընդունված Լեռնային Ղարաբաղի հակամարտության հումանիտար հետևանքների վերաբերյալ բանաձևին։ 

«ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության առաջարկով ընդունված բանաձևում այսուհետ Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Աստվածածին եկեղեցին կանվանվի Ղազանչի»,- նշել էր Գալստյանը՝ նշելով, որ ՔՊ-ականների Հայաստանում շարունակվում է պարտությունը դիվանագիտական/միջազգային ճակատում։ 

Գալստյանի գրառումը տարածել էին iravaban.netnews.ampanorama.am կայքերը և այլ լրատվականներ։ 

«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրեց սեպտեմբերի 27-ին ընդունված Լեռնային Ղարաբաղի հակամարտության հումանիտար հետևանքների վերաբերյալ ԵԽԽՎ բանաձևը։

Նախ նշենք, որ Գալստյանի պնդումը, թե բանաձևն ընդունվել է Ադրբեջանի առաջարկով, տարակուսելի է, քանի որ բանաձևը պատրաստվել է ԵԽԽՎ միգրացիայի, փախստականների և հարկադիր տեղահանվածների հարցերով զեկուցող, իռլանդացի Փոլ Գավանիևի կողմից։ Իսկ Ադրբեջանի և Թուրքիայի պատվիրակությունները դեմ են քվեարկել այս բանաձևին։ 

ԵԽԽՎ բանաձևում նշվում է, որ երկարատև հակամարտությունն աղետալի ազդեցություն է ունեցել տարածաշրջանի մշակութային ժառանգության վրա, որի պատասխանատվությունը կրում են և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը։ 

«Վեհաժողովը դատապարտում է վերջին 30 տարիների հայկական մշակութային ժառանգության ոչնչացումն Ադրբեջանում, որի համար պատասխանատու է Ադրբեջանը՝ հատկապես Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում, և դատապարտում է վեց շաբաթյա պատերազմի ընթացքում մշակութային ժառանգության դիտավորյալ վնասումը, ինչպես նաև Շուշի/Շուշա-ում Ղազանչի եկեղեցու/Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց տաճարի, ըստ երևույթին, դիտավորյալ հրետակոծումը, ինչպես նաև հակամարտության ընթացքում և դրանից հետո այլ եկեղեցիների և գերեզմանատների ավերումը կամ վնասումը»,- նշված է բանաձևի մեջ։ 

Պատգամավոր Լիլիթ Գալստյանը նշել է, որ փաստացի՝ անվանափոխվելու է Շուշիի Սուրբ Աստվածածին եկեղեցին, այնինչ Ղազանչեցոց եկեղեցին կոչվում է Սուրբ Ամենափրկիչ։

Բացի այդ, նշենք, որ ԵԽԽՎ-ի բանաձևը ոչինչ չի պարտավորեցնում անդամ պետություններին, ավելին՝ բանաձևում չի արձանագրվում, որ Ղազանչեցոց եկեղեցին պետք է վերանվանվի Ղազանչի, պարզապես ԵԽԽՎ բանաձևում կիրառվել են, համապատասխանաբար, երկու երկրների կողմից կիրառվող անվանումները։ Այսինքն, հայկական Ղազանչեցոցից բացի, շրջանառվում է նաև ադրբեջանական անվանումը։

Նույն կերպ բանաձևում Դադիվանք անվան հետ կիրառվել է ադրբեջանական Խութավանք անվանումը, որի, ինչպես նաև այլ եկեղեցիների և խաչքարերի հետագա ճակատագրի վերաբերյալ ԵԽԽՎ-ն մտահոգություն է հայտնում։  

Ավելի ուշ՝ սեպտեմբերի 28-ին, Ռուբեն Ռուբինյանը Sputnik.am-ի հետ զրույցում ևս հայտնել էր, որ եկեղեցու անվանումը չի փոխվել։

«Եկեղեցու անվանումը չի փոխվել։ Նախնական տեքստում գրված էր «Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց» տաճար, սակայն ադրբեջանցիների առաջարկած փոփոխությամբ` դրան ավելացվում էր «Ղազանչի» անվանումը, որն իբր իրենց անվանումն է։ Մենք փորձեցինք այնպես անել, որ այդ առաջարկը չանցնի, բայց բանաձևն ընդունվեց, և Սուրբ Ղազանչեցոցի կողքին ավելացավ նաև Ղազանչի անվանումը, ինչպես, օրինակ, գրվում է Շուշի/Շուշա»,- ասել է Ռուբինյանը՝ հավելելով, որ հայկական կողմը փորձել է հնարավոր ամեն բան անել, բայց զեկուցողը փորձել է պահպանել բալանսը։

Այսպիսով, Լիլիթ Գալստյանի գրառումն այն մասին, թե ԵԽԽՎ բանաձևն ընդունվել է Ադրբեջանի պատվիրակության առաջարկով, չի համապատասխանում իրականությանը։ ԵԽԽՎ բանաձևով Շուշիի Ղազանչեցոց եկեղեցին չի վերանվանվելու Ղազանչի, քանի որ բանաձևում պարզապես կիրառվել են Հայաստանի և Ադրբեջանի կողմից կիրառվող անվանումները։

Փաստերի ստուգման հարթակ