«Փորձել անօգնական մարդուն նվաստացնել՝ նշանակում է՝ այդ ազգը ինքն իր հետ առերեսվելու խնդիր ունի»․ ազգագրագետը՝ ադրբեջանցիների բռնությունների մասին

Պատերազմի օրերին և նույնիսկ հրադադարից հետո ադրբեջանական կողմը շարունակում է անմարդկային բռնություններով լի տեսանյութեր հրապարակել սոցիալական ցանցերում։

Վերջին օրինակներից մեկը Շուշիի բնակիչ, 80-ամյա ծերունու դեպքն  էր։ Տարեց անօգնական մարդուն զինվորները նվաստացնում են, հարվածում, իսկ սոցիալական ցանցերում առկա տեղեկությունների համաձայն՝ նաև ականջներն են կտրել։ 

Ազգագրագետ Սվետլանա Պողոսյանի խոսքով՝ Ադրբեջանի կողմից սպասելի էր նման վարքագիծը՝ մի կողմից շարունակվում էր պետականորեն սերմանվող ատելությունը հայերի նկատմամբ, մյուս կողմից՝ այն բնորոշ է տվյալ ազգին:

«Ադրբեջանցին՝ Կովկասի թաթարը, չի փոխվել, մենք ենք գուցե պատրանքներ ունեցել, որ 21-րդ դարում կարող է լինել բարի թուրք, բարի ադրբեջանցի, որը նույն կովկասյան թաթարն է, որ 1905 թվին Բաքվում կոտորում էր հայերին, հետո 1918 թվականին Շուշիում՝ և՛ ջարդեր, և՛ ավերածություններ, այսինքն՝ այլ բան մենք չենք էլ սպասում։ 

Այն, ինչ կա, նույն թուրքական ցեղին հատուկ նկարագիրը երևում է, միշտ է զգալ տվել։ Եվ ատելության քարոզչություն կա, և սա տեսակի է վերածվել։ Դա ո՛չ քաջության նշան է, ո՛չ պանծացող բան է, որ զինված մարդը ծեր, անօգնական մարդուն հարվածում է, նվաստացնում, որը նույնիսկ Սումգայիթից որոշակի հարվածներ ստացած ծերունի էր»,- «Մեդիալաբին» ասում է Պողոսյանը։

Հայ գերեվարված անձանց մասին վերջնական տվյալներ մինչ այժմ չկան։ Պատերազմի օրերին նշվում էր մոտ 2 տասնյակ ռազմագերիների մասին, ավելի ուշ հայտնի դարձավ, որ ադրբեջանական կողմն առևանգել է նաև 10 քաղաքացիական անձանց։

Արցախի ՄԻՊ-ի փոխանցած տվյալներով՝ ադրբեջանական զինված ուժերի կողմից անմարդկային վերաբերմունքի արժանացած անձը Շուշի քաղաքի բնակիչ, 80-ամյա Ջոնիկ Թևոսյանն է: Նա չէր հասցրել լքել Շուշին և ընկել էր ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության ներքո:

https://www.facebook.com/artak.beglaryan/videos/3730458263659050

«Սա հայատյացության ու պատերազմական հանցագործությունների մեծ շղթայի մեկ դրվագն է, և ցավալիորեն պետք է արձանագրել, որ մեկը մեկից ավելի դաժան այդպիսի դրվագները ոչ միայն ուղղակիորեն ողջունվում են ադրբեջանական հասարակության կողմից, այլ նաև շարունակություն են ստանում միջազգային հանրության կուրության, խլության ու համրության պատճառով»,- նշել է Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը: 

Ազգագրագետի խոսքով՝ իրեն հարգող, քաղաքակիրթ ժողովրդի ներկայացուցիչը նման բան չէր անի։ 

«Մենք ինչ ենք տեսնում, որ արյունարբու նկարագիրը չի փոխվել։ Եթե դու դեմ առ դեմ կռվում ես քո հակառակորդի հետ, որը թեկուզ հայ է, դա ուրիշ բան է, մարտի դաշտում լինի, բայց փորձել անօգնական մարդուն նվաստացնել՝ դա ազգի մասին լավ չի խոսում, դա նշանակում է, որ այդ ազգը ինքն իր հետ առերեսվելու խնդիր ունի, սա շատ վատ բան է նրանց համար»,- ասում է ազգագրագետը։


Ադրբեջանի գլխավոր դատախազությունը շրջանառվող տեսանյութերի վերաբերյալ հերքում տարածեց՝ նշելով, թե դրանք կեղծ են։ Ի պատասխան՝ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը հայտարարեց, որ խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի վերաբերյալ տեսանյութերի մեծագույն մասն իրականություն է:

ՄԻՊ-ն ընդգծեց, որ դրանք ապացույցի տեսքով հայաստանյան ու արցախյան կողմերն ամրագրել են, ներկայացրել ու շարունակում են ներկայացնել միջազգային մարմիններին՝ ըստ իրավասության:

«Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը հայտարարում է նաև, որ այդ դաժանությունները, խոշտանգումներն ու անմարդկային վերաբերմունքը պատերազմական հանցագործություններ են:

Այդ խոշտանգումների ու անմարդկային վերաբերմունքի ուղիղ պատասխանատուն Ադրբեջանի իշխանություններն են»,- նշված է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի հայտարարության մեջ:

Չնայած խաղաղ բնակիչների հանդեպ պատերազմական հանցագործությունների, հուշարձանների ոչնչացման, գերեվարված անձանց հանդեպ խոշտանգումների վերաբերյալ ապացույցներին՝ միջազգային հանրությունը դրա դեմ որևէ գործնական քայլ չիրականացրեց։ Միջազգային հանրության լռությունը ազգագրագետը պայմանավորում է երկրների շահերով։

«Քաղաքակիրթ աշխարհը պետք է արձագանքեր։ Չնայած 21-րդ դարն է, բայց գերակա են երկրների շահերը, այսինքն՝ եթե դա ինձ հետ չի կատարվում, կտեսնեմ, թե ինչ է լինելու։ Բայց մենք հստակ տեսնում ենք այդ «Գորշ գայլերի» գործունեությունը Եվրոպայում, այդ խնդիրն արդեն իսկ կա և վաղն ավելի մեծ է լինելու, եթե նույնիսկ փորձեցին ջայլամի քաղաքականություն վարել, դա օգուտ չի բերելու։

Եթե մի տեղ ռմբակոծում են, արգելված զինատեսակներ են օգտագործում, ինչի՛ մասին է խոսքը, այսօր այստեղ է, վաղը Եվրոպայում է լինելու, պատմությունը կրկնվում է, 1918-20 թվերին ենք տեսել»,- ասում է Սվետլանա Պողոսյանը։

Ազգագրագետի խոսքով՝ այդուհանդերձ, ստեղծված իրավիճակում չպետք է չարանալ և թուլանալ, ընդհակառակը՝ միայն ուժեղանալով է հնարավոր կանգնեցնել հակառակորդին։
«Թուրքը միշտ զենքին է կարևորություն տալիս, իսկ մենք հակառակը՝ բնույթով ավելի ստեղծագործ ենք, ստեղծարար ենք կամ շատ նյութական ենք և սպառողական, նյութականի վրա շատ ենք կենտրոնանում, դրա համար դժվար կացության մեջ ենք հայտնվում։

Մենք չենք կարող չարանալ, բայց մենք պետք է ուժեղանանք, մտածենք մեր հողի, ջրի մասին, սա մեր հայրենիքի հարցն է, մենք պետք է ունենանք ուժեղ պետություն, որը հոգ է տանում իր զինվորի մասին, մենք մշակույթով, զենքով պիտի ուժեղ լինենք, պետական մոտեցում պետք է լինի»,- ընդգծում է ազգագրագետը։

Արփինե Արզումանյան

MediaLab.am