ՊՆ-ն առաջարկում է տուգանել զինվորական համազգեստ կրող ոչ զինվորականներին. նոր նախագիծ

Հայաստանի պաշտպանության նախարարությունը օրենսդրական մի քանի փոփոխություններով մտադիր է որոշ տեխնիկական նորամուծություններով կանոնակարգել զինծառայության ոլորտը:

Նախ կարգավորվում է զինվորական համազգեստ կրելու կարգը, որի համաձայն՝ զինվորական ծառայության մեջ չգտնվող այլ անձինք զինվորական համազգեստ կրելու դեպքում ենթարկվելու են վարչական պատասխանատվության: Ըստ առաջարկվող փոփոխության՝ զինվորական համազգեստը զինվորական ծառայության մեջ չգտնվող և զինվորական համազգեստ կրելու իրավունք չունեցող անձի կողմից կրելը առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով, այսինքն՝ 100 հազար դրամով: Նույն արարքը, եթե կատարվել է երկրորդ և յուրաքանչյուր հաջորդ անգամ, վարչական տույժ կիրառելուց հետո` մեկ տարվա ընթացքում, դարձյալ առաջացնում է տուգանքի նշանակում, բայց այս անգամ տուգանքը կլինի 200 հազար դրամով:

Նախագծում, սակայն, չի հստակեցվում՝ ո՞ր մարմինն է կատարելու ստուգումներ և սահմանելու հսկողություն՝ զինվորական համազգեստի կրման պայմանների պահպանման համար:

Պաշտպանության նախարարությունը նաև հստակեցնում է ծառայողական քննություն նշանակելու հիմքերը. եթե գործող կարգավորումների համաձայն՝ սպաների կատարած կարգապահական իրավախախտումների դեպքում պարտադիր նշանակվում է ծառայողական քննություն, ապա այս փոփոխություններով առաջարկվում է հստակեցնել այն դեպքերը, որոնց պարագայում կնշանակվի ծառայողական քննություն: Ըստ այդմ՝ սահմանվել է, որ զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելու, մարտական հերթապահության կրման կամ սպառազինության և ռազմական տեխնիկայի շահագործման կանոնները խախտելու, մարմնական վնասվածք կամ նյութական վնաս պատճառելու դեպքում կնշանակվի ծառայողական քննություն:

Բացի այդ, կարգապահական տույժերի տեսակների ցանկում աշխատանքի արտահերթ վերակարգի փոխարեն նախատեսվում է նոր տույժ՝ զինծառայողի դրամական բավարարումից պահում՝ մինչև 30 տոկոս չափով և մինչև երեք ամիս ժամկետով: 

Նախագիծը ՊՆ-ն հանրային քննարկման է ներկայացրել հուլիսի 28-ին, որի ժամկետի ավարտից հետո կներկայացվի Կառավարություն հաստատման, այնուհետև՝ Ազգային ժողով:

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am