Թամարա Ստեփանյանի «Արտոյի երկիրը» ֆիլմը Հայաստանը կներկայացնի «Օսկար»-ի 2027 թվականի մրցանակաբաշխությանը

Թամարա Ստեփանյանի «Արտոյի երկիրը» (In the Land of Arto) ֆիլմն ընտրվել է որպես Հայաստանի պաշտոնական հայտ՝ 2027 թվականի «Օսկար» մրցանակաբաշխության «Լավագույն միջազգային լիամետրաժ ֆիլմ» անվանակարգում։

Այս մասին հայտնել է Armenian Film Society-ն։

Ֆիլմի բրիտանական պրեմիերան տեղի կունենա սեպտեմբերի 8-ին Լոնդոնում՝ ռեժիսոր Թամարա Ստեփանյանի մասնակցությամբ։ Սեպտեմբերի 9-ին նույն նախաձեռնության շրջանակում կցուցադրվի նաև նրա «Իմ հայկական ուրվականները» (My Armenian Phantoms) վավերագրական ֆիլմը։

«Արտոյի երկիրը» ֆիլմի սյուժեի կենտրոնում Սելինն է, որը առաջին անգամ գալիս է Հայաստան՝ օրինականացնելու ամուսնու՝ Արտոյի մահը։ Այստեղ նա բացահայտում է, որ ամուսինը թաքցրել է իր անցյալը, մասնակցել է պատերազմին և այլ ինքնությամբ է ապրել։ Սելինը սկսում է բացահայտել Արտոյի անցյալը՝ հանդիպելով 2020 թվականի պատերազմի վիրավորներին ու 1990-ականների պատերազմի վետերաններին։

Armenian Film Society-ն հիշեցնում է, որ 2024 թվականին «Ամերիկացի» (Amerikatsi) ֆիլմը դարձել էր առաջին հայկական ֆիլմը, որը ընդգրկվել էր «Օսկար»-ի «Լավագույն միջազգային լիամետրաժ ֆիլմ» անվանակարգի կարճ ցուցակում։

Կինոարվեստի և գիտությունների ակադեմիան կարճ ցուցակը կհրապարակի դեկտեմբերի 15-ին, անվանակարգերը՝ հունվարի 21-ին, իսկ «Օսկար»-ի մրցանակաբաշխությունը նախատեսված է մարտի 14-ին՝ Լոս Անջելեսի Dolby Theatre-ում։