Հասարակական գործիչ, ազգագրագետ Հրանուշ Խառատյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել եւ ներկայացրել ենթադրյալ այն ելույթը, որը երկրի նախագահը ստեղծված իրավիճակում պիտի ուղղեր ժողովրդին, ինչը չարվեց: Գրառումն ամբողջությամբ ներակայացնում ենք ստորեւ:
«Սիրելի հայաստանաբնակներ և արցախաբնականեր, իմ քաղաքացիական և էթնիկական հայրենակիցներ, սիրելի հայ ժողովուրդ
Շուրջ մեկ շաբաթ է՝ ես ամեն օր մտովի խոսում եմ ձեզ հետ, բայց չեմ կարողանում բարձրաձայնել: Չեմ կարողանում բարձրաձայնել, որովհետև շատ հուզված եմ:
Հուզված եմ ձեր արիությամբ, հայրենիքին ձեր նվիրվածությամբ, ձեր համախումբ կամքով և կյանքի առաջնահերթություններն ընտրելու ձեր անսխալ կարողությամբ:
Չեմ կարողանում բարձրաձայնել նաև, որովհետև պարզ ու հստակ գիտակցում եմ, որ միշտ չէ, որ տեղին ու ժամանակին երկխոսել եմ ձեզ հետ, որովհետև միշտ չէ, որ խորհրդակցել եմ ձեզ հետ և հավանաբար միշտ չէ, որ ամենաճիշտ որոշումներն եմ ընդունել անձամբ կամ իմ թիմակիցների հետ միասին:
Կյանքը վերահաստատեց վաղուց հայտնի ճշմարտությունները՝ ազնվությունը, բարությունը, սերը համամարդկային արժեքներ են, հասարակական ազնվությունը, բարությունը և սերը՝ անգերազանցելի արժեքներ:
Տվյալ դեպքում՝ սերը մեր երկրի, մեր հայրենիքի, մեր հայրենիքի զավակների նկատմամբ:
Հավատացեք, որ իմ և ձեր զգացմունքները նույնն են, պարզապես իմ պատասխանատվությունն ավելի մեծ է: Հիմա ես մտածում եմ, որ իմ պատասխանատվությւոնը կլիներ մե՛ր պատասխանատվություն, եթե մենք միասին լինեինք ոչ միայն վտանգի պահին, այլև՝ որոշումների պահին:
Հայաստան և Արցախ երկրի իմ սիրելի հայրենակիցներ, ինձ ափեափ լցրած զգացմունքները նույն զգացմունքներն են, ինչ ձերը, ես ընդամենը ձեզնից մեկն եմ, իսկ եթե երբեմն այդպես չի թվացել, ուրեմն մեղավորը ես եմ, վրիպողը ես եմ, քանզի ի՛մ պարտականությունն էր, որ դուք միշտ տեսնեիք և զգայիք, որ ես ձեզնից մեկն եմ, որ մենք միասին մե՛կ ենք, մե՛նք ենք:
Մե՛նքի այս չափազանց կարևոր երևույթն է, որ հաղթանակի գրավականն է, մեր ուժի գրավականն է, մեր ապագայի գրավականն է:
Մեր ազնիվ ու բարի ապագայի: Ապրիլյան այս օրերին մենք միասին ապրեցինք, զգացինք և վերստին հասկացանք-վերահաստատեցինք մենքի ուժը և հմայքը:
Հասկացանք և վերահաստատեցինք, որ մեր համախումբը մեր ապագան է, և այդ համախումբը պետք է ոչ թե դիպվածով դրսևորվի, ոչ միայն առարկայական վտանգի պահին դրսևորվի, այլ մեր առօրյան լինի, մեր սովորական կյանքի հիմնական շաղախը: Բոլորս միասին անցանք մի ծանր փորձություն, և այդ փորձությունը մեզ բերեց նոր որակի հարաբերությունների: Սա մի դաս էր, որից բոլորս հետևություններ ենք անում:
Բոլորս, այո, միասին մտնում ենք նոր որակի հասարակություն, որտեղ հավասար ենք միասին, որտեղ որոշում ենք և պատասխանատու ենք միասին: Հավասար և միասին:
Մենք միասին և ուժեղ դուրս եկանք մեզ պարտադրված երկրորդ պատերազմի փորձությունից, բայց մեզ սպասում է ձեռք բերված հարաբերական խաղաղության լուրջ փորձությունը:
Ինչպես պատերազմում էինք միասին, մենք հիմա միասին պետք է հաղթանակենք հարաբերական խաղաղության փորձությունը: Խոստովանում եմ՝ ես անձամբ միշտ չէ, որ գիտակցել եմ խաղաղության մարտահրավերները, արդար հասարակության հասնելու մարտահրավերները:
Արդար հասարակության հասնելու ճանապարհը, թերևս, խաղաղության պատերազմն է, որը զինադադար չունի, և մենք այդ պատերազմն անցնելու ենք նույնպես միասին»: