Հայաստան հիմնադրամը մշակել և նախատեսում է Արցախում իրականացնել հումանիտար օժանդակության մեծածավալ ծրագրեր

«Հայաստան» համահայկական հիմնադրամը 2020թ․ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմի առաջին իսկ օրերից սկսած շարունակաբար ծրագրեր է իրականացրել պատերազմի հետևանքով առաջացած հումանիտար ճգնաժամը հաղթահարելու նպատակով:

Արցախի վերականգնումն ու զարգացումը, բնակչության սոցիալ-տնտեսական կարիքների բավարարումը Հանրապետության նախագահ, Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Սարգսյանի, ինչպես և բոլոր հոգաբարձուների և գործադիր վարչության համար բացարձակ առաջնահերթություն է և «Հայաստան» համահայկական հիմնադրամի կարևորագույն առաքելությունը: Ցուցաբերվող աջակցությունը կրելու է շարունակական բնույթ, ներկայումս Հիմնադրամը մշակել և նախատեսում է Արցախում իրականացնել հումանիտար օժանդակության մեծածավալ ծրագրեր:

Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահի մշտական պահանջն է արդյունավետ, պատասխանատու և նպատակային ծախսել հարյուր հազարավոր հայերի միջոցներով հավաքված գումարները և խստորեն պահպանել ծրագրերը մշակելու, հաստատելու և մեկնարկելու համար սահմանված բոլոր ընթացակարգերը և օրենսդրության պահանջները, ապահովել գործունեության թափանցիկությունն ու հաշվետվողականությունը:Հենց այս պահանջներով և օրենսդրությամբ սահմանված ժամկետներով է առաջնորդվում Հիմնադրամն իր ծրագրերն իրականացնելիս:

Հիմնադրամը բարձր է գնահատում հանգանակություն արած բոլոր բարերարների, յուրաքանչյուր անձի հայանպաստ և հայրենանվեր գործունեությունը և գործադրում է բոլոր ջանքերը հիմնադրամի հանդեպ վստահությունը չխաթարելու նպատակով: