Ի՞նչ փոխհատուցում կուզեն իշխանությունները Կրեմլից. Հայաստանը Վրաստանի հետ ծագած խնդիրները լուծելու է Ռուսաստանի ցանկությամբ

Ի՞նչ փոխհատուցում կուզեն իշխանությունները Կրեմլից. Հայաստանը Վրաստանի հետ ծագած խնդիրները լուծելու է Ռուսաստանի ցանկությամբ
Ի՞նչ փոխհատուցում կուզեն իշխանությունները Կրեմլից. Հայաստանը Վրաստանի հետ ծագած խնդիրները լուծելու է Ռուսաստանի ցանկությամբ

Հայաստանը պետք է հաշվի նստեր այն իրողության հետ, որ Ռուսաստանի հետ էլ ավելի սերտ հարաբերությունների գնալով ու ինտեգրվելով  ռուսական աշխարհաքաղաքական  պրոյեկտին, կարող է խնդիրներ ունենալ հարեւան երկրների հետ  փոխհարաբերություններում: Անդրադառնալով Վրաստանում վիզայի ռեժիմի փոփոխություններին եւ Հայաստանի վրա հնարավոր ազդեցությանը «Մեդիալաբին» ասում է քաղաքական վերլուծաբան Էդգար Վարդանյանը:

«Փաստացի երկու հարեւան պետություններ աշխարհաքաղաքական ընտրության տեսանկյունից տարբեր  բեւեռների հետ են ինտեգրվում, ինչը չի կարող խնդիրներ  չառաջացնել: Հնարավոր է, որ սա են ուզում հնչեցնել վրացական լրատվամիջոցները` անդրադառնալով այդ խնդրին եւ ցանկանում են շոշափել հանրային կարծիքը»,-ասում է նա:

Վրացական լրատվամիջոցների փոխանցմամբ, Վրաստանի Կառավարության վերջերս ընդունած «Օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց իրավական կարգավիճակի մասին» օրենքով, Վրաստանում սեպտեմբերի մեկից արտասահմանյան բոլոր երկրների քաղաքացիների համար կսահմանվի վիզային ռեժիմի նոր կարգ:

Համաձայն նոր կարգի, երկար ժամանակով Վրաստան այցելող քաղաքացիները, օրինակ բիզնես գործունեություն ծավալելու կամ ուսման նպատակով մեկնողները, պետք է վիզա ստանալու հայտ ներկայացնեն: Այն երկրների քաղաքացիները, որոնց հետ Վրաստանն ուներ ազատ վիզային ռեժիմ, առանց մուտքի արտոնագրի Վրաստանում կարող են անցկացնել  90 օր` 180 օրվա ընթացքում: 

Նշված փոփոխությունները կատարվում են Վրաստանի  եվրաասոցացման գործընթացի եւ Արեւելյան գործընկերության ծրագրի տրամաբանության շրջանակում: Հիշեցնենք, որ Վրաստանի ու ԵՄ-ի միջև Ասոցացման համաձայնագիրը կսկսի գործել սեպտեմբերից: Վրաստանի արտգործնախարարությանը տեղեկացվել է, որ միգրացիոն քաղաքականության համապատասխանեցումը եվրոպական չափանիշերին Եվրոպական միության պահանջն է:

«Վրաստանը 2016 թվական հունվարից պատրաստվում է նաեւ Շենգենյան երկրներին միանալ, այսինքն, ամբողջ այդ համակարգը փոխվում է: Սա սովորական գործընթաց է, որն ընդունված է ԵՄ երկրներում: Թեեւ Հայաստանի իշխանությունները հայտարարում են, թե մենք ունենք համաձայնագրեր մեղմելու այդ խնդիրը, բայց դժվար է ասել, թե ինչ վիճակում են դրանք գտնվում` կապված նաեւ ռուս-ուկրաինական զարգացումների հետ, որովհետեւ այն երկրների նկատմամբ , որոնք ցանկանում են իրենց տնտեսական ինտեգրումը  դեպի Ռուսաստան եւ Մաքսային Միություն տանել, խստացումն ավելի մեծ է»,-«Մեդիալաբին» ասում է ՀԱԿ անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը:

Հիշեցնենք, որ անցած տարվա սեպտեմբերի 3-ին շատերի համար անսպասելի, Սերժ Սարգսյանը Մոսկվայում հայտարարեց Մաքսային Միությանն անդամակցելու Հայաստանի «պատրաստակամության» մասին: Մինչեւ անորոշության մեջ դեգերող Հայաստանի անդամակցությունը ՄՄ եւ ԵՏՄ անհաասկանալի պատճառներով ձգձգվում է, Արևելյան գործընկերության ծրագրի երեք անդամ երկրները՝ Ուկրաինան, Վրաստանն ու Մոլդովան հունիսի 27-ին Բրյուսելում ստորագրել են Եվրոպական միության  հետ տնտեսական ու քաղաքական համագործակցության սերտացման համաձայնագրերը:

«Ցավոք, Վրաստանի հետ մեր հարաբերությունները գնալով վատանալու են: Նույնը վերաբերելու է  ոչ միայն սովորական այցելություններին կամ ընդհանրապես վիզայի խնդրին, այլեւ առեւտրատնտեսական գործունեությանը: Դրա մասին խոսել են եւ վրացական կողմը եւ ԵՄ ներկայացուցիչները: Հայաստանի իշխանությունները փորձում են խուսափել, բայց սա իրականությունն է, որովհետեւ մեր հարեւան երկիրը բոլորովին այլ տնտեսական համակարգում է աշխատելու եւ բոլորովին այլ հարաբերություններ կունենա Հայաստանի նման երկրի հետ»,-կարծում է Վահագն Խաչատրյանը:

Տնտեսագետի խոսքով, եթե Հայաստանը դառնա ՄՄ կամ ԵՏՄ անդամ, ստեղծվելու է մի իրավիճակ, որ Հայաստանի ու Վրաստանի մաքսային ռեժիմները հակառակ տրամաբանությամբ են աշխատելու:

«Մենք պետք է պատրաստ լինենք սրան եւ պատրաստ լինենք, որ ավելի խստացում կլինի զուտ այդ երկրից մեր տարածք ապրանքների փոխադրումների համար: Հնարավոր է նաեւ գին սահմանվի դրա համար: Չի բացառվում, որ Վրաստանը լրացուցիչ սակագներ սահմանի իրենց երկիրը տարանցիկ օգտագործելու համար»:

Նշենք, որ վրացական երկաթուղին դեպի ծով դուրս գալու Հայաստանի միակ ճանապարհն է: Վրաստանի միջոցով է Հայաստան հասնում ներկրվող ապրանքների  գերակշիռ մասը, ինչպես նաեւ երկնագույն վառելիքը` Ռուսաստանից:

«Յուրաքանչյուր տեսակի խնդիր կարող է առաջանալ տարանցման հետ կապված, բայց հիմնական հարցն այն է, թե իչպես են մոտենալու այդ խնդիրներին հայաստանյան իշխանությունները: Հասկանալի է, որ իշխանություններն այս առումով մեծապես կախված են լինելու Ռուսաստանի արտաքին քաղաքականության կուրսից եւ փորձելու են բոլոր տեսակի խնդիրները լուծել ռուսական քաղաքական էլիտայի հետ չակերտավոր բանակցությունների միջոցով: Այսինքն, եթե խնդիր է առաջանում Վրաստանի հետ եւ Հայաստանը վնասներ է կրում դրանից, նշանակում է, որ այդ մասին գիտի նաեւ Կրեմլը եւ ՀՀ իշխանությունները փորձելու են  դրա դիմաց փոխհատուցում ստանալ հենց Կրեմլից»,-«Մեդիալաբին» ասում է Էդգար Վարդանյանը :

Վերլուծաբանի խոսքով, ստեղծված իրավիճակում խնդիրն այն է, թե որքանով համարժեք կլինի այդ փոխհատուցումը եւ որքան Հայաստանը կախված լինի Կրեմլից, այնքան այդ փոխհատուցումն անհամարժեք կլինի:

«Քեզ հետ հաշվի են նստում, երբ քեզնից ուժ ես ներկայացնում եւ քո սեփական գինն ու կշիռն ունես աշխարհաքաղաքական կենտրոնների հետ հարաբերվելիս»,-ասում է Էդգար Վարդանյանը` հավելելով, որ այդուհանդերձ, Վրաստանը շահագրգռված չէ վատացնել հարաբերոթյունները Հայաստանի հետ:

«Կարծում եմ ԵՄ հետ իր հարաբերություններում խնդիր կդրվի , որ հայ-վրացական հարաբերությունները չտուժեն, բայց եւ հասկանալի է, որ ծայրահեղ դեպքերում չի կարելի բացառել, որ հնարավոր են Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցներն այս կամ այն կերպ անդրադառնան նաեւ Հայաստանի վրա»,-եզրափակում է վերլուծաբանը:

Էմմա Քալաշյան

© Medialab.am