«Թուրքիայի ցինիզմը տեսեք,  որ այս ցեղասպան գործողությունը համարում  է օգնության ձեռք ու խորհուրդ տալիս չհրաժարվել դրանից». Ռուբեն Սաֆրաստյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը

 – Պարո՛ն Սաֆրաստյան, դեկտեմբերի 12-ից մինչ օրս  Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ, սա նշանակում է, որ թուրք-ադրբեջանական տանդեմն իր նպատակին դեռ չի՞ հասել:

– Պետք է նշել, որ այս միջանցքի փակումը ոչ միայն ադրբեջանական, այլև թուրքական նախաձեռնություն է: Ես համոզված եմ, որ այս ամենի նախաձեռնողը հենց Թուրքիան է, որովհետև նա, ըստ էության Ադրբեջանի միջոցով  փակելով միջանցքը, նաև աշխարհաքաղաքական խնդիր է լուծում, ոչ միայն փորձում է Հայաստանից զիջումներ կորզել, այլ նաև հեղինակազրկում է ռուս խաղաղապահներին, իսկ դա Թուրքիայի կարևոր նպատակն է:

Թուրքիան 44-օրյա պատերազմից հետո  նպատակ ուներ, որ խաղաղապահ ուժերը լինեն ոչ թե զուտ ռուսական, այլ  թուրք-ռուսական: Դա չստացվեց, հիմա նրանց համար կարևոր է խաղաղապահներին հեղինակազրկել, ցույց տալ, որ նրանք չեն կարողանում իրենց գործառույթները կատարել, քանի որ Թուրքիան չկա խաղաղապահների կազմում:

Թուրքիան նաև այդ աշխարհաքաղաքական խնդիրն է լուծում, ու դրա համար է այս ամբողջ անմարդկային ու խայտառակ շրջափակումը: Չմոռանանք, որ Թուրքիան իր լիակատար աջակցությունն  է հայտնել Ադրբեջանին:

– Ադրբեջանը բացմիցս խոսել է Լաչինի միջանցքում համատեղ վերահսկողություն իրականացնելու իր ցանկության մասին: Կհաջողվի՞ տեղադրել ադրբեջանական անցակետ Հայաստանն ու Արցախը կապող միակ ճանապարհին:

– Համոզված եմ, որ եթե հայկական կողմը շարունակի այս համառ պայքարն այս անմարդկային գործողությունների դեմ, չի հաջողվի: Ռուսական կողմին ևս դա ձեռնտու չէ:

– Թուրքիայի ՊՆ-ն հայտարարել էր, որ մինչև 2025 թվականը Ադրբեջանի բանակը պետք է համապատասխանի Թուրքիայի  զինված ուժերի չափանիշներին ու պահանջներին: 2025-ը հատո՞ւկ է շեշտվում, եթե նկատի ունենանք, որ այդ թվականին է որոշվելու ռուս խաղաղապահների մանդատի երկարաձգման հարցը, թե՞ ուղղակի պատահականություն է, պարո՛ն Սաֆրաստյան:

– Կարծում եմ, որ նրանց նպատակն է հասնել այն բանին, որ ռուս խաղաղպահներին հեղինակազրկելով՝ ավելի շուտ հեռացնեն ԼՂ-ից: Համոզված եմ, կաշխատեն ամեն ինչ անել, որ խաղաղապահներն ավելի շուտ հեռանան:

-Հաջողելո՞ւ են:

– Հայաստանն ու Արցախը պետք է պատասխանեն, բայց ես համոզված եմ, որ պայքարն արցախցիները կշարունակեն ու զիջումների չեն գնա: Եթե զիջումների չգնան, ապա Թուրքիայի ու Ադրբեջանի համար խաղաղապահների հեռացմանն ավելի դժվար կլինի հասնել, շատ բան արցախցիներից է կախված:  

Մենք տեսնում ենք, որ ռուսական կողմը չի կատարում իր պարտավորությունները, բայց խաղաղապահները դեռևս մնում են, ու չկա նշան, որ ռուսները դուրս կբերեն իրենց խաղաղապահներին, որովհետև դա նրանց շահերից չի բխում:

Ադրբեջանն ի՞նչ պայմանով կբացի Լաչինի միջանցքը:

– Պայմանները պարզ են. թուրքական կողմը հայտարարեց, չէ՞, որ հայերը թող չհրաժարվեն Ադրբեջանի մեկնած ձեռքից: Տեսնո՞ւմ եք՝ ինչ ցինիզմ է, որ այս ցեղասպան գործողությունը համարում են օգնության ձեռք ու խորհուրդ տալիս չհրաժարվել դրանից: 

Մենք գործ ունենք ոչ միայն դաժան, այլև շատ ցինիկ կողմի հետ: Պայմաններն առաջին հերթին զիջումն է՝ կապված Արցախի խնդրի հետ, որ Հայաստանը ճանաչի Արցախն Ադրբեջանի կազմում, «Զանգեզուրի միջանցք» և Արցախի հայաթափում: Իրական էթնիկական զտման քաղաքականություն են նախապատրաստվում իրականացնել Արցախում:

– Պարո՛ն Սաֆրաստյան, իսկ այս տանդեմին կանգնեցնելու միջազգային լծակները որո՞նք կարող են լինել, որովհետև նկատելի է, որ հայտարարություններն ու կոչերը չեն հաստատ:

– Իրենց ցեղասպան քաղաքականությունը կշարունակեն այնքան ժամանակ, քանի դեռ չկան միջազգային ճնշման գործնական քայլեր: Եթե մենք կարողանանք հասնել նրան, որ միջազգային կազմակերպությունները, մասնավորապես ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը որոշում ընդունի ու դատապարտի, որը մինչև հիմա չկա, իհարկե իր ազդեցությունը կունենա, էլ չեմ ասում պատժամիջոցների մասին:

Անվտանգության խորհրդի այդ նիստը ցույց տվեց, որ մի շարք երկրներ օբյեկտիվ գնահատականներ տվեցին, ինչը բխում էր այն իրավիճակից, որը ստեղծվել է: Երկրների մի մասը փորձեց այդ օբյեկտիվությունը փոխարինել լղոզված հայտարարություններով, բայց, ընդհանուր առմամբ, մենք կարող ենք արձանագրել, որ  իրատեսական օբյեկտիվությունը գերակշռում էր այդ նիստում հնչած հայտարարություններում:

Սա իհարկե դրական քայլ է, մեր դիվանագիտությունը շատ լուրջ պետք է աշխատի, որ այս քայլը օդի մեջ չմնա, դրան հետևեն կոնկրետ գործողություններ, եթե դա լինի, թուրք-ադրբեջանական տանդեմի վրա ճնշումն ավելի կմեծանա:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am