«Տղայիցս հետո էլ ի՞նչ կյանք»․ 20-ամյա որդուն և Հադրութի գյուղը կորցնելուց հետո Պողոսյանները չեն ապրում՝ «ուղղակի քնում ու արթնանում են»

Պողոսյանների կյանքը 44-օրյա պատերազմի հետևանքով ամբողջովին շրջվել է։ Կորցրել են Հարդրութի շրջանի Մոխրենես գյուղի տունը, այգին, մեքենաները, անասունները, այն, ինչ ստեղծել էին երկար տարիների քրտնաջան աշխատանքի շնորհիվ, սակայն ամենասարսափելին հոկտեմբերի 26-ին ստացած ողբերգական լուրն էր, երբ իմացան՝ հայրենիքը պաշտպանելիս ընկել է կրտսեր որդին՝ 20-ամյա Վարդգես Պողոսյանը։

«Տղայիցս հետո էլ ի՞նչ կյանք»,- ասում է Վարդգես Պողոսյանի հայրը՝ 49-ամյա Վասիլի Պողոսյանը, որը նույնպես կամավոր մասնակցել է պատերազմին. «Տուն-տեղ կորցնես, ուրիշի տանը ապրես, հետո էլ զավակիդ կորցնես, էլ ո՞նց կլինի, էլ ի՞նչ ապագա»։

Որդին՝ Վարդգես Պողոսյանը, ցանկանում էր իրավաբան դառնալ, ընդունվել էր Արցախի «Գրիգոր Նարեկացի» համալսարան՝ իրավագիտության ֆակուլտետ, մեկ տարի սովորելուց հետո զորակոչվել էր բանակ, մայրն ասում է՝ մի քանի ամիս էր մնացել, որ վերադառնար, կրթությունը շարունակեր, ապագայի պլաններ ուներ, բայց… ամեն ինչ փլուզվեց։

Պողոսյանների ընտանիքն այժմ վարձով ապրում է Ստեփանակերտում: Ապրում են միայն անցյալի հիշողություններով ու անհուն կարոտով։

49-ամյա կինն ասում է, որ վերջին անգամ տղային տեսել է օգոստոսին՝ նախքան պատերազմը։ Այդ օրը հանդիպելիս տղան փաթաթվել է մորն ու ասել՝ կռիվ է լինելու: 

«Ասեց՝ մամա՛, ահագին թուրքեր են կուտակված, կռիվ ա լինելու, ասեցի՝ զգույշ մնա, ասեց՝ ինչ էլ լինի, մտածի՝ ես կենդանի եմ»,- արցունքների միջից հիշում է մայրը։

Վարդգես Պողոսյանը զոհվել է հոկտեմբերի 26-ին՝ Սոս գյուղում ականանետի հարվածից։ Մայրը հիշում է, որ որդու զոհվելուց ժամեր առաջ խոսելիս զգացել էր, որ ինչ-որ բան այն չէ։

«Զանգեց, ասեց մաա՜մ, ասեցի՝ մատաղ, ինչի՞ ես էդպես ասում, ասեց՝ տեղդ ո՞նց ա, ասեցի՝ տեղս լավ ա, քեզ համար եմ անհանգիստ: Ասեց՝ մամա, կռիվ ա, ասեցի՝ կարող ա ռազմադադար լինի: Ասում ա՝ ոնց ա լինելու, էսօր ավելի շատ են կրակում։ Ասեցի՝ զգույշ կաց, տղե՛ս, ասեց՝ մի՛ մտածի, բոլորս էստեղ ենք, ինչ էլ որ լինի, ինչ էլ պատահի, չհաշվես, որ ինչ-որ բան է պատահել, դու միշտ լավը մտածի, ինչ լինի՝ չմտածես»,- հուզմունքով պատմում է մայրը։

Ժամեր անց թեժ մարտերում տղան զոհվում է: 

«Իրենք մինչև էդ էլ Մատաղիսում էին զասադ ընկել, հետո եկել էին Հադրութ, Մարտունի, Սոս, երեք-չորս օր մնացել Սոսում, չորրորդ օրը զոհվել ա»,- դողացող ձայնով ասում է Լիանան։

Մայրն ասում է՝ տղան կատակասեր էր, ընկերասեր, սիրում էր ընկերական հավաքներն ու խնջույքները, ուշադիր ու հոգատար էր, այսպիսին են հիշում հարազատները Վարդգես Պողոսյանին։

Մայրը՝ մաթեմատիկայի ուսուցչուհի Լիանա Մոսինյանն ասում է՝ մինչև պատերազմը կյանքը խաղաղ էր, հանգիստ, աշխատում էին, ապրում, սեպտեմբերից 27-ից հետո ամեն ինչ փոխվեց, ոչ տղան կա, ոչ հայրենիքը, ոչ աշխատանքը։

«Օրը դատարկ ա, անհիմն ա, ուղղակի քնում ու արթնանում ենք։ Եթե անգամ աշխատանք էլ լինի, էլ ոչ մի բանի սիրտ չկա»,- հոգոց հանելով ասում է որդեկորույս մայրը։

Մոր առողջական վիճակը որդու կորստից ու պատերազմից հետո վատթարացել է, ասում է՝ «Առողջականս սաղ խախտվեց, ատամներս թափվեցին, ճնշումս ա բարձրանում, աչքս վիրահատեցին, ո՞նց պիտի լինեմ»։

«Ամիսը երեք անգամ Ստեփանակերտից գալիս ենք Եռաբլուր, հետ գնում, էլ ուրիշ ի՞նչի մասին մտածեմ»,- որդու զոհվելուց հետո կյանքի իմաստը կորցրել է 49-ամյա հայրը։

Արփինե Արզումանյան

MediaLab.am