Հայ գերիների հարցի լուծման համար Հայաստանի իշխանությունները ջանասիրություն չեն դրսևորում. Սիրանուշ Սահակյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է միջազգային իրավունքի մասնագետ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հայ ռազմագերիների շահերի պաշտպան Սիրանուշ Սահակյանը 

– Տիկի՛ն Սահակյան, Բաքվի բանտում գտնվող Ռուբեն Վարդանյանի հացադուլն ինչի՞ մասին է ահազանգում, ինչո՞ւ են լռում միջազգային հանրությունը և Հայաստանը պետական մակարդակով:

– Դա ակնհայտ բողոքի ակցիա է, որը հնարավորության սահմաններում պատասխանն է այս դատավարությունների, որոնք կեղծված են, որտեղ կա արդար դատաքննության իրավունքի ապահովման իմիտացիա, բայց փաստացիորեն այդ դատավարություններում հայտնված բոլոր ամբաստանյալները դարձել են իրավազուրկ, ու այստեղ իրականացվում է դատաստան: Այստեղ մենք արդարադատության տարրեր չենք տեսնում, ցուցադրաբար արհամարհվում են արդար դատաքննության իրավունքները, և ուժի ցուցադրության տարրը ևս առկա է: 

Ի սկզբանե բազմաթիվ հարցեր բարձրաձայնվել են՝ դատարանների անկախության մասով, առհասարակ հայերին վերաբերող գործերը չէին կարող քննության արժանանալ այդ ռազմական դատարանների կողմից, որտեղ գործում են դատավորներ, որոնք հրահանգավորվում են գործադիր իշխանության կողմից: Այդ դատավորները մեծացել ու կրթություն են ստացել այնպիսի միջավայրում, որտեղ համակարգված ատելություն է սերմանվել հայերի նկատմամբ, այն պարագայում, երբ այդ խնդիրներն առնչվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը: Հասկանալի է, որ այստեղ կան նաև դատավորների անձնական համոզմունքներ, որոնք տեղավորվել են դատական քաղաքականության շրջանակներում: 

Մենք տեսնում ենք, որ լիարժեքորեն սահմանափակված է պաշտպանության իրավունքը, նաև մասնավոր պաշտպաններն են գտնվում պետական ճնշման ներքո, ընդ որում՝ այստեղ հոգեբանական ճնշում են գործադրվում, փաստաթղթեր են առգրավվում, ու տեղական փաստաբանների գործունեության վրա ազդելուն զուգահեռ Ադրբեջանը նաև արգելում է միջազգային փաստաբանների ներգրավվածությունը, օրինակ՝ Ռուբեն Վարդանյանը ուղղակիորեն արձանագրել է, որ միջազգային իրավական թիմին արգելվել է շփվել կամ հանդիպել իր հետ: 

Դրանից զատ՝ տեսնում ենք, որ կողմերի հավասարության մրցակցության սկզբունք գոյություն չունի, բոլոր միջնորդությունները, որոնք ներկայացվում են սահմանափակ պաշտպանության իրավունքի սահմաններում, մերժվում են: Պաշտպանական կողմը զրկված է անգամ վկաներ ունենալու, նրանց հարցաքննելու հնարավորությունից: Անգամ ապացույցներին ծանոթանալու տարրական իրավունքն է այդտեղ խախտված, ու դռնբացության ներքո կրկին հանրությունից փակ ու գաղտնի նիստեր են անցկացվում, խոչընդոտվում է միջազգային լրագրողների ու ներկայացուցիչների մուտքը դատարան: Ինչպես նախաքննության ընթացքում չենք ունեցել փակ հաստատություններում միջազգային ներկայություն, խոշտանգումների կանխարգելման, պայմանների, նաև՝ ֆիզիկական և այլ վիճակի ուսումնասիրություն, նույն կերպ նման մեխանիզմներ ներկայացված չեն դատական գործընթացում: 

Այս դատավարություններն իրականացվում են բոլոր հայերի հանդեպ, ես նշել եմ այս դատավարությունների խորհրդանշական դրույթը. այստեղ, մեծ հաշվով, ամբաստանյալի աթոռին հենց Արցախի ինքնորոշման իրավունքն է, ու նախկին ղեկավարների միջոցով նրանք հենց այդ իրավունքն են դատապարտում, ու, կարծում եմ, խորհրդանշական կերպով ընտրվելու է ցմահ ազատազրկում՝ ազդարարելու համար, որ ինքնորոշման իրավունքն այլևս պարտադիր իրավունք չէ: 

Պարոն Վարդանյանի նպատակն է հավելյալ միջազգային ուշադրություն հրավիրել, կարծում եմ, որ այս գործելակերպն արդարացված է: Մենք տեսանք, որ նիստի ընթացքում կատարված որոշ հայտարարություններ՝ կապված ճնշումների գործադրման հետ, արժանացել են միջազգային հանրության ուշադրությանը: Նույն Amnesty International-ը հանդես եկավ հայտարարությամբ, այլ կառույցներ ևս որոշ դիտարկումներ են արել: 

Շատերն այս պահին չեն արձագանքում, քանի որ դատավարություններն ավարտած չեն, նրանք ցանկանում են ամբողջացնել տեղեկատվությունը, բայց ես լիահույս եմ, որ այս գործընթացներին զուգահեռ ձևավորվում են ապօրինությունների վերաբերյալ տեսակետներ: Դրանք ամրագրվում են, և դատավարությունների ավարտին զուգահեռ մենք կունենանք ավելի ուժեղ միջազգային արձագանք՝ ուղղված Ադրբեջանի իշխանություններին, որ այդ դատավարությունները ընդունելի չեն: Միջազգային հանրությունը կվերահաստատի ազատ արձակելու իր կոչը, ու, կարծում եմ, որ հետևողական աշխատանք կտարվի նաև այդ կոչերը կյանքի կոչելու ուղղությամբ, ինչը հնարավոր է բացառապես իրավաքաղաքական ճնշման ներքո: 

– Հայաստանը՝ որպես պետություն, ի՞նչ պետք է անի, ինչո՞ւ չի անում:

– Հայաստանի իշխանությունների դիրքավորումը պարզ է. նրանք այս խնդիրն ընկալում են որպես ածանցվող հարց ու գլոբալ հայ-ադրբեջանական հարաբերությունների նորմալացման ֆոնին լուծելիք խնդիր ու ինքնուրույն ջանասիրություն չեն դրսևորում՝ անկախ այս հարցերի լուծումն ապահովելու նպատակով: 

Կանխավարկածը հետևյալն է. քանի որ կա խաղաղության մեծ պրոցես, ու Հայաստանը դրա շրջանակներում փոխզիջումների շնորհիվ հասնելու է որևէ թղթի ստորագրման, ապա այդ համատեքստում իրական կլինի հայերի ազատ արձակումը: 

Դիվանագիտական ջանքերն այս առումով ավելի սահմանափակ են, իրավական գործընթացներ նախաձեռնված են, դրանք ժամանակատար գործընթացներ են, բայց, ինչպես տեսնում ենք, նաև դրանք են ռիսկի տակ դրվում, ինչը կրկին վերահաստատում է քաղաքականության մեջ հարցեր լուծելու Հայաստանի մոտեցումը, որը մեր գնահատմամբ արդարացված չէ:

Արտաքին քաղաքականության հարթակներում Հայաստանը չունի այն նույն կապիտալը, ինչ ունի Ադրբեջանը, այստեղ Հայաստանին՝ որպես թույլ կողմի հարկադրելու են լուծումներ, ու այս ուժի վերաձևակերպման հնարավորությունները տարբեր իրավական հարթակներում ու Հայաստանը նաև ակտիվ դիվանագիտության ճանապարհով կարող է հասնել բանակցային ուժի փոփոխության, ինչի ուղղությամբ մենք ակտիվ աշխատանքներ չենք տեսնում: 

– Տիկի՛ն Սահակյան, այսինքն՝ հայցերից փոխադարձ հրաժարումը միայն վնասելո՞ւ է Հայաստանին:

– Միանշանակ այո՛, շատ կարևոր է, որ պետություններն ու ազգերը չհրաժարվեն իրենց իրավունքից, եթե անգամ իրավունքի ուժով հասանելիքը չի պատկանում հայ ժողովրդին, դրա վերադարձի ուղիներ կան, ու կարծում եմ, որ ապագա սերունդները մեծ պատասխանատվությամբ այդ խնդիրները լուծելու են: Այստեղ շատ վտանգավոր է, որ գոյություն ունեցող իրավունքից պետությունը կարող է հրաժարվել ու զրկել իրեն այդ հնարավորությունից: 

Միջպետական հայցերից հրաժարումն ու դրա ֆոնին այնպիսի փաստաթղթերի ստորագրումը, որոնցում Հայաստանը կհրաժարվի իր գոյություն ունեցող իրավունքներից, Հայաստանին ու ողջ հայությանը պարզապես իրավազուրկ են դարձնելու:

– Հաշվի առնելով այս պահին առկա իրավիճակը՝ Բաքվի բանտերում գտնվող հայերն ի՞նչ սպասելիք ունենան:

– Ազատելու որոշակի հույսեր կան քաղաքական գործընթացների հանգուցալուծման ֆոնին, բայց այս մարդկանց ազատելու լիարժեք գործիքը դատական գործընթացն է, իրավունքը, որոնք անվերապահորեն կարձանագրեն իրավունքների խախտում ու կպահանջեն իրավաբանորեն պարտադիր ակտերի կայացման՝ այս անձանց ազատ արձակում: 

Ադրբեջանն այս ակտերի կայացման փաստի ուժով ձեռք կբերի նոր պարտավորություն՝ կատարել դատական ակտը, իսկ չկատարելու դեպքում՝ ենթարկվել շարունակական քաղաքական ճնշման: Այս աշխատանքի շնորհիվ է, որ հայերը չեն գտնվի փակուղում, ու հնարավոր կլինի նրանց վերադարձը այս դինամիկայի ֆոնին: 

Սա է նաև պատճառը, որ մենք կարծում ենք, որ առանց այս անձերի ազատ արձակման երբևէ չի կարող քննարկվել նրանց առնչվող հայցերից հրաժարումը, քանի որ նման պայմաններում նրանք կհայտնվեն կամայականության տիրույթում: Եթե քաղաքական լուծումները չապահովեն ազատ արձակումը՝ Հայաստանն այդ պրոցեսների վրա ազդելու այլ լծակներ չի ունենա: 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am