Ըստ Ռոբերտ Մելքոնյանի` ՀԱԿ-ը ՀԱԿազդեց. «Պարոնայք, փաստեր ունեիք գնայիք, մասնակցեիք»

Ըստ Ռոբերտ Մելքոնյանի` ՀԱԿ-ը ՀԱԿազդեց. «Պարոնայք, փաստեր ունեիք գնայիք, մասնակցեիք»
Ըստ Ռոբերտ Մելքոնյանի` ՀԱԿ-ը ՀԱԿազդեց. «Պարոնայք, փաստեր ունեիք գնայիք, մասնակցեիք»

Նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանն իր ֆեյսբուքյան հերթական գրառման մեջ անդրադարձել է իշխանությունների` կոռուպցիայի դեմ պայքարի հայտարարությանն եւ ՀԱԿ արձագանքին:
«Օրերս ՀԱԿ-ը հանդես եկավ հայտարարությամբ` որտեղ նշեց, որ իրենք չեն մասնակցի թատերական ներկայացմանը. ի պատասխան վարչապետի կոռուպցիայի դեմ տարվող պայքարի գործում իշխանություններին աջակցելու առաջարկի:

ՀԱԿ-ը միանգամից` ինչպես սովորաբար ՀԱԿազդեց, առանց մասնակցելու կոռուպցիայի դեմ տարվող պայքարի խորհրդի աշխատանքներին եւ հայտարարությամբ ընդհանրական լուրջ մեղադրանքներ ներկայացրեց բարձրաստիճան իշխանավորներին,-գրել է Մելքոնյանը:

Պարոնայք, դե եթե այդպես է, փաստեր ունեիք գնայիք,մասնակցեիք, աշխատեիք, վերհանեիք ձեր փաստերը, ներկայացնեիք, քննարկեիք…Գոնե փորձեիք, արդյունքի չհասնելու դեպքում նոր հայտարարեիք, որ այդ ամենը թատերականացված ներկայացում է, էժանագին խաբկանք…»

Հիշեցնենք, որ երեկ պատասխանելով կառավարության նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանի` կոռուպցիայի դեմ «վճռական գործողությունների» հաստատակամությանը, ՀԱԿ-ը հայտարարել է, թե չի պատրաստվում մասնակցել «թատերական ներկայացմանը»:

«Տիգրան Սարգսյանը հայտարարել է, թե Սերժ Սարգսյանի պահանջով «վճռական գործողությունների» պիտի անցնեն կոռուպցիայի դեմ պայքարում՝ դրան մասնակից դարձնելով ընդդիմադիր ուժերի, հասարակական կազմակերպությունների եւ միջազգային կառույցների։ Այսպես կոչված «կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի» նիստին մասնակցելու պաշտոնական հրավեր է ստացել նաեւ Հայ Ազգային Կոնգրեսը,-նշված է ՀԱԿ հայտարարության մեջ` հավելելով, որ ՀԱԿ-ը չի մասնակցի թատերական այդ ներկայացմանը, «էժանագին խաբեությանը եւ հավատացած է, որ դրան նույն կերպ կարձագանքեն մյուս քաղաքական ուժերը, հասարակական կազմակերպությունները եւ միջազգային կառույցները»։

Չնայած կոռուպցիայի դեմ պայքարի հաստատակամության իշխանությունների բազում հայտարարություններին, որոնք առավել քան երբեք թեժանում են նախընտրական շրջանում, տարիներ շարունակ, ըստ միջազգային կազմակերպությունների, Հայաստանում գտնվում է «լճացած» վիճակում:

Ըստ «Թրանսփարենսի ինթերնեշնլ» միջազգային հակակոռուպցիոն կազմակերպության տվյալների` վերջին տարիներին Հայաստանի կոռուպցիայի ընկալման համաթիվը մեծ հաշվով փոփոխության չի ենթարկվում, ի տարբերություն Վրաստանի, որը թռիչքային բարելավում է արձանագրել:

2011 թվականի զեկույցում, 183 երկրների շարքում Հայաստանը կիսում էր 129-133-րդ տեղերը` Դոմինիկյան Հանրապետության, Հոնդուրասի, Սիրիայի և Ֆիլիպինների հետ: 0-10 գնահատման սանդղակում, ուր 0-ն բացարձակ կոռումպացվածությունն է, իսկ 10-ը` բացակայությունը, Հայաստանն անցած երկու տարիներին պահպանել է 2,6 ցուցանիշը` հայտնվելով կազմակերպության մինչև 3 միավոր ցուցանիշ ունեցող երկրների շարքում, ուր կոռուպցիան համակարգային է և հանդիսանում է պետական համակարգի գործունեության նախապայման:

© Medialab.am