Պայքար, պայքար մինչև վերջ. Նիկոլ Փաշինյանը դատապարտվեց 7 տարվա ազատազրկման

Պայքար, պայքար մինչև վերջ. Նիկոլ Փաշինյանը դատապարտվեց 7 տարվա ազատազրկման
Պայքար, պայքար մինչև վերջ. Նիկոլ Փաշինյանը դատապարտվեց 7 տարվա ազատազրկման

Երեքշաբթի կեսօրին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի վճռով հայտնի ընդդիմադիր, «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը, 2008-ի հետընտրական իրադարձությունների կապակցությամբ մեղավոր ճանաչվելով զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ, դատապարտվեց 7 տարվա ազատազրկման:
Մինչ ընդդիմության աջակիցները փողոցում պաստառներով պայքարի և աջակցության բացականչություններ էին անում, դատավոր Մնացական Մարտիրոսյանը հրապարակեց Փաշինյանի վճիռը` արժանանալով դահլիճից հնչող «պատվեր կատարող», «դավաճան», «անամոթ» և այլ վանկարկումների:
«Մենք, իհարկե, այս գործով կանխատեսումներ չէինք անում և արդար դատավճիռ չէինք ակնկալում դատարանից, քանի որ Հայաստանում վաղուց արդար դատավճիռներ չեն կայացվում»,- «Մեդիալաբին» ասում է Փաշինյանի պաշտպան Լուսինե Սահակյանը, որը նշում է, որ որոշումը ոչ թե իրավական, այլ քաղաքական է:

Փաստաբանը նշում է, որ բողոքարկելու են վճիռը վերադաս ատյաններում, սակայն միևնույն ժամանակ վստահ է, որ Հայաստանում, երբ «նույն դատավորներն են», փոփոխություն ակնկալելը միամտություն է:

«Բոլոր ատյաններով անցնելուց հետո մենք կդիմենք Եվրադատարան»,- ասում է նա: Իշխանական կոալիցիայի մաս կազմող ԲՀԿ կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Խաչիկ Գալստյանը թեև խուսափում է դատավճռի կապակցությամբ գնահատականներ տալուց, սակայն ասում է, որ Փաշինյանի շահերի պաշտպանները կարող են օգտագործել իրենց սահմանադրական իրավունքը դատարանի որոշումը բողոքարկելու համար:

«Դատարանն իրավական որոշում է կայացրել»,- ասում է Խաչիկ Գալստյանը:

«Պետք չէ այս ամենին քաղաքական աստառ տալ»,- «Մեդիալաբին» ասում է իշխող ՀՀԿ կուսակցության ԱԺ պատգամավոր, պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հովհաննես Սահակյանը:

Ամենամեծ տպաքանակ ունեցող ընդդիմադիր թերթերից մեկի գլխավոր խմբագիր, 34-ամյա Փաշինյանը, որը համարվում է առաջին նախագահ և ընդդիմության առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի աջ ձեռքը և ընդդիմության շարժման ֆավորիտներից մեկը, մարտիմեկյան հայտնի դեպքերից հետո, երբ ուժայինների հետ բախումների հետևանքով առնվազն տասը մարդ զոհվեց, հարյուրավորները վիրավորվեցին և ձերբակալվեցին, մինչև անցյալ տարվա հուլիսի 1-ը գտնվում էր ընդհատակում:

Թեև նախագահ Սերժ Սարգսյանի համաներում հայտարարելուց հետո նա ինքնակամ հանձնվեց իրավապահներին, սակայն 7 տարվա դատավճիռը նրան փաստորեն զրկեց համաներման հնարավորությունից, որը տարածվում է առնվազն 5 տարվա ազատազրկում ստացածների վրա:

ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը հունվարի 20-ին լրագրողներին ասել է, թե միգուցե Փաշինյանին մի քիչ շատ տվեցին, սակայն միևնույն ժամանակ շեշտել է, որ հանցանք կար, և նա պիտի դատապարտվեր:

«Եթե Նիկոլ Փաշինյանը չլիներ, այդ տասը զոհերը չէի լինի, որովհետև մոլլայական մոգերի պետ անընդհատ ժողովրդին կարողացավ իր ափերից հանել»,- ասուլիսի ժամանակ ասել է Գալուստ Սահակյանը: Սակայն Փաշինյանը, որը երեքշաբթի` հունվարի 19-ի ուշ երեկոյան հանդես է եկել հայտարարությամբ` տարածած հաղորդագրության մեջ կոչ անելով ազատասեր քաղաքացիներին շարունակելու հետևողական պայքարը, նշել է, որ իր նկատմամբ ծայր առած հետապնդումը պատվիրված է իշխանությունը բռնազավթածների կողմից և զուրկ որևէ իրավական հիմնավորումից:

«Որևէ սպառնալիքի ներքո չեմ ընկրկի հանցավոր իշխանության, բեսպրեդելի և լկտիության առաջ. հանուն արդարության, օրինականության, ժողովրդի իշխանության հաստատման, խոսքի ազատության, մարդու իրավունքների` պայքարելու եմ մինչև վերջ, անկախ նրանից` բանտում կլինեմ, թե ազատության մեջ»,- նշված է նրա` լրատվամիջոցներին ուղղած հայտարարության մեջ:

50-ամյա ինժեներ Երևանի բնակիչ Արման Մուրադյանը «Մեդիալաբին» ասում է, որ խորապես հիասթափված է իշխանությունների նման պահվածքից: Նա ասում է, որ իր շրջապատում բոլորն էլ ծանր տարան նման դատավճիռը:

«Սա նման է եռացող կաթսայի, որի բերանը անընդհատ փորձում են ամուր փակել: Ես կարծում էի, թե գոնե ձևի համար բաց կթողնեն Նիկոլին, այդպիսով հասարակության մեջ իշխանությունների վարկանիշը գոնե կբարձրանար,-ասում է նա:

– Բայց նրանք միշտ գնում են ամենականխատեսելի և պրիմիտիվ ճանապարհով, և օրերից մի օր այդ եռացող կաթսայի բերանը փակել չի լինի»:

Մեկ այլ քաղաքացի` կենսաթոշակառու Հրանտ Հարությունյանը, դատավճիռը որակում է «խայտառակություն»: «Բոլորի համար էլ պարզ է, որ Փաշինյանը չի անկարգություններ կազմակերպողը, նա ուղղակի խանգարում է իշխանություններին, որոնք մինչև վերջ սեղմած են պահում իրենց «ժողովրդավարությունը»,- ասում է Հարությունյանը:

– Երբ իսկական հանցագործներն ազատության մեջ են, ես ո՞նց կարող եմ հավատալ էս իշխանություններին»:

Մեկ այլ քաղաքացի բարկացած ասում է, որ մարտիմեկյան արյունահեղությունը երբեք չէր լինի, եթե ընդդիմությունը ճիշտ գործողությունների դիմեր:

«Լևոն Տեր-Պետրոսյանն իր թիմակիցներով խառնեց ամեն ինչ, և մարտիմեկյան դեպքերը եղան, իսկ Նիկոլը ղեկավարում էր այդ անկարգությունները:

Եվ ով մեղավոր է, պետք է պատասխան տա»,- ասում է նա: Սակայն ՀԱԿ-ն իր տարածած հայտարարության մեջ գտնում է, որ պատասխանատուն իշխանություններն են:

Հայտարարության մեջ Փաշինյանի դատավճիռը որակվում է որպես ժողովրդի նկատմամբ արհամարհանքի գագաթնակետ և հայտնում պայքարը շարունակելու պատրաստակամության մասին:

«Երկարատև դատավարական պրոցեսում դատարանն այդպես էլ չկարողացավ գտնել որևէ վկայություն, որևէ ապացույց` հիմնավորելու համար քաղբանտարկյալի նկատմամբ հարուցված մեղադրանքներից և ոչ մեկը,- նշված է ՀԱԿ-ի հայտարարության մեջ:

– Եվ ընդհակառակը` դատարանում ներկայացվեցին բազմաթիվ նյութեր, փաստեր և վկայություններ, որոնք հիմնովին հերքում էին հարուցված մեղադրանքները»:

«Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագրի դատավճիռը տեղական լրագրողական կազմակերպությունների կողմից որակվել է որպես ազատ խոսքի և ազատ արտահայտվելու դեմ ուղղված մի քայլ:

«Դատարանի նման վճիռը լրագրողների մոտ մասնագիտական գործունեության հանդեպ վախ սերմանելու և ինքնագրաքննությունը խորացնելու նպատակ ունի»,- նշված է չորեքշաբթի Մամուլի ազգային ակումբի տարածած հայտարարության մեջ:

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի փորձագետ Մեսրոպ Հարությունյանը համոզված է, որ Նիկոլ Փաշինյանի մեղքը դատարանում չապացուցվեց: Նա ասում է, որ Փաշինյանը պետք է արդարացվեր:

«Հանգիստ կարող ենք ասել, որ սա քաղաքական դատավճիռ է և ուրիշ ոչ մի բան: Նույնիսկ մինչև համաներում չպետք է հասներ, այսինքն` դատարանի դահլիճից նա պետք է ազատ արձակվեր»,- ասում է Մեսրոպ Հարությունյանը: Փորձագետը նշում է, որ եթե Հայաստանում լիներ անկախ դատարան, անկախ դատավոր, անկախ դատական համակարգ, Նիկոլ Փաշինյանը կարդարացվեր:

«Դատարանը որոշում է կայացրել, և ես դեմ եմ այն հայտարարություններին, թե դատապարտել են լրագրողի,- «Մեդիալաբին» ասում է Հովհաննես Սահակյանը: – Շահումյանի հրապարակում, համենայնդեպս, Փաշինյանը լրագրողական գործունեություն չէր ծավալում: Մեր դատարանն անկախ է և, քննելով գործը, կայացրել է վճիռ:

Եթե չեն վստահում Հայաստանի դատական համակարգին, կարող են դիմել միջազգային ատյաններ»:

ՀԱԿ-ի առանցքային գործիչ Վլադիմիր Կարապետյանն ասում է, որ արդարացման վճիռ այս դեպքում կարող էր լինել միայն նորմալ երկրում, նորմալ իրավիճակում:

Նա ասում է, որ անպայման դիմելու են միջազգային ատյաններ. «Մենք շարունակելու ենք մեր պայքարն այնքան ժամանակ, մինչև ավարտվեն այս ապօրինությունները,- «Մեդիալաբին» ասում է Վլադիմիր Կարապետյանը: – Իշխանությունների այս քայլը միայն ավելացնելու է մարդկանց պայքարելու վճռականությունը»:

© Medialab.am