ԱՄՆ պետքարտուղարությունում հաստատել են, որ Ստամբուլում Մինսկի խմբի համանախագահների հանդիպում է եղել Լեռնային Ղարաբաղի թեմայով

ԱՄՆ-ի, ԵՄ-ի և Ռուսաստանի միջև սեպտեմբերի 17-ին Ստամբուլում տեղի ունեցած հանդիպման  ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղում առկա հրատապ հումանիտար խնդիրներ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին ճեպազրույցում հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակի առաջին տեղակալ Վեդանտ Պատելը։

Պաշտոնյան հրաժարվել է հանդիպումը բնութագրել որպես «գաղտնի», ինչպես այն բնութագրել էր POLITICO-ն, որն առաջինն էր գրել հանդիպման մասին։

«Մենք բավականին կանոնավոր կերպով շփվում ենք տարածաշրջանի շահագրգիռ կողմերի և զրուցակիցների հետ, և սեպտեմբերի 17-ին Ստամբուլում կայացած հանդիպումը տեղի ունեցավ՝ անդրադառնալու հատկապես հրատապ հումանիտար խնդիրներին և Լեռնային Ղարաբաղում հնարավոր մարդասիրական օգնության տրամադրմանը: Ահա թե ինչի մասին էր այդ հանդիպումը: Սակայն, ընդհանուր առմամբ, ԱՄՆ-ն շարունակում է խորապես ներգրավված լինել այս իրավիճակում, և մենք շարունակում ենք հավատարիմ մնալ՝ աջակցելու կողմերին Հարավային Կովկասում կայուն խաղաղության հասնելու հարցում», – ասել է Պատելը։

Նա նաև հաստատել է, որ դա եղել է Մինսկի խմբի համանախագահների հանդիպում և տեղի է ունեցել աշխատանքային մակարդակով։

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակի առաջին տեղակալը հրաժարվել է ավելի շատ մանրամասներ հաղորդել հանդիպման մասին, սակայն շեշտել է, որ ԱՄՆ-ն շարունակում է մտահոգված մնալ ստեղծված իրավիճակով, որի հետևանքով շուրջ 100 հազար հայ լքել է Լեռնային Ղարաբաղը։

«Իհարկե, մենք շարունակում են մտահոգված լինել և ուշադրությամբ հետևում ենք դրա հումանիտար հետևանքներին։ Հենց դա էլ պատճառներից մեկն էր, որ տեղի ունեցավ այդ հանդիպումը», – նշել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակի առաջին տեղակալը։