Ինչ էլ անեք, միևնույն է, ձեզ խաչելու են, որովհետև դուք եկել եք ավգյան ախոռներ մաքրելու․ Կարինե Խոդիկյանը՝ Փաշինյանի կառավարությանը

Լուսանկարը՝ Factor.am

«Մեդիալաբի» հարցազրույցը արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս Կարինե Խոդիկյանի հետ։

– Տիկի՛ն Խոդիկյան, երեկ, այսօր վարչապետը իր ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է հրապարակում՝ ինչպես են մարդիկ խախտում հակահամաճարակային կանոնները։ Քննարկումներում առաջացել է այսպիսի հարց՝ ո՞վ է մեղավոր։ Հիմա ես այդ հարցը ձեզ եմ տալիս՝ ո՞վ է իսկապես, մեղավոր՝ ժողովո՞ւրդը, կառավարությո՞ւնը, թե՞․․․

– Ես նախ փորձեմ իրավիճակը բնորոշել՝ սա իսկական պատերազմ է։ Ընդ որում՝ երկրի ներսում մի քանի պատերազմ է գնում․ մեկը՝ կորոնավիրուս կոչված աղետն է, որը այս դեպքում միայն մեզ չի պատուհասել։ Երկրորդ պատերազմը՝ երկու տարի առաջ տեղի ունեցած հեղափոխությունը, շատ թարմ է, և քանի որ ամեն հեղափոխության հաջորդում է քաղաքացիական պատերազմը, ես հին մարդ եմ, պատմությունն անցել եմ, կարող եմ եզրահանգել՝ ցանկացած հեղափոխության հետևում է հեռացված վարչակարգի ռևանշի հնարավորությունը։

Ցավոք սրտի, այս համամոլորակային պատերազմի վտանգը օգտագործվում է հաշվեհարդար տեսնելու համար։ Ես ընդունում եմ, որ ցանկացած քաղաքական ուժ՝ թեկուզ մերժված, թեկուզ այնպես խայտառակ մերժված, ինչպես 2018 թվականին եղավ, կարող է խոսել, բայց նման պայմաններում, երբ մեր երկիրը մահվան հետ է կռիվ տալիս, այդ դեպքում այդ քաղաքացիական պատերազմը, թեկուզ Ֆեյսբուքում այդ խոսքակռիվը, քանդում է մեր արմատը, քանդում է մեր դիմադրողականությունը, ամեն առիթով փորձում է խփել, հարվածել։

Գիտեք՝ ես երկու օր է ուշքի չեմ գալիս Հրանտ Բագրատյանի այդ սարսափելի նախադասությունից։ 1988 տեսած, ապրած մարդ եմ, և եթե հանկարծ 88-ին, 90-ին, 98-ին, 2008-ին երբևէ մեկնումեկը հանկարծ ասեր՝ «ես եթե Ալիևի տեղը լինեի․․․»

Մարդու ուղեղը պայթում է։ Հիմա նա կարող է արդարանալու հազար տեսակի բան ասել, բայց երբեմն բառերը, որոնք բարձրաձայն են դուրս պրծնում, ավելի խայտառակ են, քան այն մտքերը, որոնք փորձում են թաքցնել իրենք իրենցից։ Ա՛յ սա այդ պահն է։ Երբ հասկանում ես, թե դիմացինդ ինչի է պատրաստ ․․․ այս վիճակում հայտարարել, որ երկիրդ այնքան թույլ է․․․Նույնիսկ չեմ ուզում կրկնել․․․ Այս ամենը թևաթափ է անում։ 

Եվ իմ նշած երրորդ պատերազմը, որ գնում է երկրում, ժողովրդի վերաբերմունքն է։ Զատկի այդ խայտառակ իրարանցումից հետո հաջորդ ուրբաթ «Գրական թերթի» խմբագրականում ես գրել էի՝ այդ ի՞նչ վիճակ էր, ո՞ւր էր պարետատունը, «բայղուշություն» էի արել՝ գրելով, որ առնվազն 10 օրից սպասեք՝ ինչ պայթյուն է լինելու։

Հիշո՞ւմ եք՝ եղավ։ Ո՛չ համաճարակաբան եմ, ո՛չ բժիշկ։ Ո՞ւր էր պարետատունը, ինչի՞ համար է այդ կառույցը, այդ մարմինը։ Այդ օրից հետո պարետի աշխատանքն ի՞նչ բավարար, անբավարար անգամ չեմ գնահատի։ Դրանից հետո պետք է հետևություններ անել։

Այդ օրը անցավ, ոչ մի հետևանք չեղավ, մարդիկ մտածեցին՝ ուրեմն այսպես պետք է լինի։ Բայց ժողովուրդ, քաղաքացի ասելով պետք է հասկանաս, որ պետության կառավարման լծակը քո ձեռքին է։ Ինչի՞ համար է պարետատունը։ Ջավախքի ժողովուրդը գիտե՞ք որքան իրասածի է, բայց նաև օրինապահ է, օրինապահ է, որովհետև 3000 լարի տուգանք էր դրված, քերթում էին, հանում էին։

– Այսինքն՝ դուք խիստ արգելքների, պատժի կողմնակից եք։ 

– Այո՛։ Գիտե՞ք ՝այն խանութները, որոնք բաց էին, խանութի տերը ինքն էր կանգնում, հսկում, որ մարդիկ հանկարծ առանց դիմակի մուտք չգործեն, որովհետև այդ օրենքը խախտող քաղաքացուց առաջ 3000 լարի տուգանք պետք է վճարեր նաև խանութի տերը։

Ու ես մինչև հիմա չեմ հասկանում՝ ինչու 100 հազար տուգանքը դարձրին 10 հազար։ Սա նշանակում էր՝ ժողովո՛ւրդ ջան, դուք խախտում եք ու դրա համար 100 հազար եք վճարում, ծանր ա ձեզ համար, եկեք 10 հազար դնենք, թող հեշտ լինի։ Տուգանքը 100 հազարից 10 հազար դրամ դարձնելը պոպուլիստական քայլ էր։ Այո՛, հենց պոպուլիստական։

– Այդ ժամանակ էլ ընդդիմությունն էր դժգոհ, թե ինչո՞ւ եք սոցիալապես վատ պայմաններում ապրող ժողովրդին նման խոշոր չափով տուգանում։

– Պատասխանեմ մի հրաշալի առակով՝ պապը, թոռը ավանակի հետ գնում են։ Մարդիկ նայում, ասում են՝ պապը խելք չունի՞, այդ թոռը ոտքով է գնում, ինչո՞ւ է ավանակն ինքն իրեն քայլում։ Պապը թոռանը դնում է ավանակի վրա, մարդիկ ասում են՝ լսի՛ր, այս ինչ կյանք է դառել, լակոտը իր համար նստել է ավանակին, ծեր պապը կողքից քայլում է։

Պապը թոռանը իջեցնում է, ինքը նստում է ավանակին, հետո ասում են՝ լրիվ է խելքը գցել այս ծերուկը, խեղճ երեխան կողքից քայլում է, ինքը նստել է ավանակին։ Պապը ստիպված էշին է շալակում, որովհետև իմանում է՝ ինչ էլ որ ասի, անի, քննարկելու են․․․ Իմ քննադատությունն ուղղված է պարետին, որովհետև ես չեմ կարծում, թե վարչապետը պետք է նստեր ու այս ամեն ինչը աներ։ 

Պատասխանատուն պարետն է, և ես պատասխանատու հայտարարում եմ՝ պարետը չպետք է հաշվի նստի, թե ընդդիմությունն ինչ է ասում, եթե դու օրենք ես ընդունել մարդկանց տեղորոշելու, որի ընդունումը ալիք բարձրացրեց, ի՞նչ է արվել այդ օրենքին համապատասխան։ Ի՞նչ ունենք այսօր, որևէ տվյալ ինձ՝ հարկատուիս, ներկայացվե՞լ է։

Ես չգիտեմ։ Այս իշխանությունը, այս կառավարությունը իմն է, որովհետև ես եմ ընտրել, ես եմ կանգնել հեղափոխության կողքին, հիմա էլ կանգնած եմ հեղափոխության կողքին, ոչ թե իշխանափոխության կողքին, որովհետև համարում եմ՝ հեղափոխությունը դեռ առաջին քայլերն է անում, ցավոք սրտի, 2 տարի անց։

Այն համակարգային փոփոխությունները, որոնց համար ես աջակցել եմ հեղափոխությանը, դեռ արված չեն, բայց ես լավատես եմ, մտածում եմ՝ կգա մի օր, որ մենք կունենանք մեր երազած Հայաստանը։

Իմ ամբողջ ասածը ցավ է ու տագնապ։ Կառավարման ղեկը հանձնել ենք երիտասարդներին, ի դեպ, ես դրա կողմնակիցն եմ եղել ու հետևում եմ նրանց մտքերին, հայտարարություններին ու ես միշտ ասում եմ՝ սիրելիներս, մի քիչ դուրս եկեք այդ ֆեյսբուքներից, թողեք նրանց, թող ասեն, խոսեն, ուրախանան։ Ինչո՞ւ պետք է դու աշխատանքի ժամին նստես Ֆեյսբուքում ինչ-որ մեկին պատասխանես։

Միևնույն է, ինչ էլ անեք, ձեզ խաչելու են։ Այո՛, ձեզ խաչելու են, որովհետև դուք եկել եք ավգյան ախոռներ մաքրելու։ Իսկ այդ ավգյան ախոռներում թալանած ու հիմա էլ թալանելու մոլուցքով մարդիկ կան, որ ձեր կյանքը երբեք ոչ թե դրախտ, այլ սովորական չեն թողնի։ Ուրեմն, հարգելիներս, բարեկամներս, կողքի՛ դրեք այդ ամենը, ունեցե՛ք ձեր ծրագիրը ու գնացե՛ք մինչև վերջ։

Ի վերջո, այս համավարակը կավարտվի, և կգա այն օրը, երբ մենք ազատ շունչ կքաշենք ու այդ ժամանակ կորոշենք՝ ով է մեղավորը, ով է սխալ արել, ով է արդարը։ Բայց եթե նույնիսկ այսօր տեսնում ենք սխալներ, հիմա ժամանակը չէ Գողգոթայի բարձրացնել, հիմա ժամանակն է այդ սխալները ուղղելով առաջ գնալ։

Մինչև վերջերս ես մի ադեկվատ կնոջ էի ճանաչում, լավ շփվում էինք, անցած օրը կանգնեց հայտարարեց՝ նման վիրուս չկա, հորինել են, ես էդ վիրուսով երկու տարի առաջ եմ վարակվել ու եթե վարակվեմ էլ՝ ինձ ոչինչ չի լինի։ 

– Ի՞նչն է խնդիրը, տեղեկատվության պակա՞ս կա։

– Պատճառը հենց այդ հետհեղափոխական հակամարտությունն է։ Այն պատկան մարմինները, որոնք պետք է հետևողականորեն աշխատեին արտակարգ դրության բոլոր կետերին համապատասխան։ Երբ նրանք թույլ են լինում, ժողովրդի մեջ մի մեծ հատված, ինչպես ծույլիկ աշակերտը, սկսում է չհետևել կանոններին, նրան պետք է ուղղորդել։

Նրան պետք է հասկացնել, որ դու այդ դիմակը դնում ես, որ դիմացինիդ, հարազատիդ չվտանգես։ Ինչո՞ւ պետք է վարչապետը այդ հիվանդ վիճակով նստի, ֆլեշմոբեր կազմակերպի, խնդիրներ բարձրացնի։ 

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am