Կորոնավիրուսային վարակը շատ նենգ է, և եղել են դեպքեր, որ երեխաների մոտ առաջացել են բարդություններ․ Մանկաբույժ

«Մուրացան» համալսարանական հիվանդանոցի մանկաբուժության թիվ 2 կլինիկայի ղեկավար, մանկաբույժ Մարի Դարակչյանը փաստում է՝ վերջին շրջանում կորոնավիրուսային հիվանդությամբ վարակակիր երեխաների դեպքերը շատացել են։ 

Մասնագետը նաև ցրում է այն մտայնությունը, որ կորոնավիրուսային հիվանդությունը երեխայի մոտ բարդություններ չի առաջացնում։

«Կան ուղեցույցներ, որոնց պետք է խստագույնս հետևել։ Հիվանդությունը բավականին անկանխատեսելի զարգացումներ կարող է ունենալ, և երբեմն հիվանդների կլինիկական վիճակը, և թոքերում թոքաբորբի հետ կապված պրոցեսները դիսոցացված են, այսինքն՝ հիվանդը լավ է, բայց թոքերում գործընթաց է գնում։ Համակարգչային շերտագրությունը կարող է միայն տալ դրա պատասխանը, սակայն մեր պոլիկլինիկաներում չկան նման սարքավորումներ։ Այդ առումով ռիսկեր կան»,- խնդիրը ներկայացնում է մանկաբույժը։

«Մեդիալաբը» մի քանի հարց է ուղղել մասնագետին։

– Տիկին Դարակչյան, հնչում են մտահոգություններ, որ առաջնային օղակը՝ պոլիկլինիկաները, պատրաստ չեն ներգրավվելու կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարին․ նշվում է, որ մասնագետները մեծահասակ են, վախեր ունեն, իսկ պոլիկլինիկաներն էլ տեխնիկապես հագեցած չեն և այլն։ Ի՞նչ եք դուք մտածում։

– Այն, որ պոլիկլինիկաներում աշխատող բժիշկների միջին տարիքը բավականին մեծ է, կարծում եմ, փաստ է, բոլորը գիտեն։ Վստահ եմ՝ նախարարությունն էլ է տեղյակ։ 

Բայց նաև հասկանում ենք, որ հաշվի առնելով հիվանդության մասշտաբները, ուղղակի բոլորին ֆիզիկապես հնարավոր չէ տեղավորել հիվանդանոցներում։ Բայց նաև՝ հուրախություն բոլորիս, այս հիվանդությամբ վարակակիրների 80 տոկոսը անախտանշան դեպքերն են։ 

Ինչքանո՞վ են այս անախտանշանները վարակիչ, ինչքանո՞վ կարիք ունեն ամենօրյա այցերի, ե՞րբ է այն սահմանը, երբ անախտանշանը դառնում է արդեն թոքաբորբով հիվանդ՝ դժվար է ասել։

Դա հնարավոր կլինի վերլուծել, երբ այս ամենը ավարտվի։ Նորմալ է, որ պոլիկլինիկաների բժիշկները կվախենան, ընդհանրապես, բոլորս էլ անհանգստանում ենք հիվանդանալու հետ կապված, որովհետև այս վիրուսը առաջացնում է թոքաբորբ, որը շատ անգամ ոչ թե բարդություն է, այլ պայմանավորում է դրա կլինիկական ընթացքը։ 

Դրա համար էլ բոլորս էլ անհանգիստ ենք, իսկ մեծահասակները, որոնք ունեն քրոնիկական հիվանդություններ, էլ ավելի անհանգիստ են, քանի որ ռիսկի խմբում են։ 

– Դուք մանկաբույժ եք, շատ են խոսում, թե կորոնավիրուսային հիվանդությունը երեխաների վրա ծանր չի անդրադառնում։ Ի՞նչ է ձեզ ցույց տալիս վերջին ամիսների փորձը։

– Ես կարծում եմ, որ այն հայտարարությունները, թե երեխաների մոտ այս հիվանդությունից բարդություններ չեն լինում, իրականությանն այդքան էլ մոտ չէ, որովհետև կոնկրետ իմ անձնական փորձից ասեմ՝ մենք ունեցել ենք և թոքաբորբով, և վասկուլիտով (անոթների բորբոքման հետևանքով ցանավորում), սուր շնչառական վարակին բնորոշ կլինիկայով, փորլուծությամբ երեխաներ։ 

Վիրուսը իրեն շատ նենգաբար է պահում և ունի տարատեսակ կլինիկական դրսևորումներ։ Հնարավոր է նաև, որ երեխան ուղղակի չջերմի կամ ջերմի մեկ-երկու օր, վազվզող երեխա լինի, բայց նրա մոտ արդեն իսկ թոքաբորբ զարգացած լինի։ 

Այս վարակի կլինիկան բավական խայտաբղետ է ու տարատեսակ, և ուզում եմ ասել, որ եթե տանը կա հաստատված դեպք, ապա միանշանակ մանկաբույժի հետ կոնտակտի մեջ լինելը խրախուսվում է, որովհետև այնպիսի կլինիկական ընթացքով կարող է զարգանալ հիվանդությունը, որ տանը մայրիկը բացարձակապես չհասկանա, որ երեխան այդ պահին թոքաբորբ է տանում։

– Պաշտոնապես հայտարարվեց, որ Հայաստանում կավասակիի երկու դեպք է գրանցվել։ Դա այս կորոնավիրուսի հետևա՞նքն էր։

– Կավասակի հիվանդության մասին շատ վաղուց է հայտնի եղել, դա միջին տրամաչափի անոթներում բորբոքային պրոցեսի առկայություն է և հրահրվում է օրգանիզմում տարատեսակ վիրուսների ներդրմամբ ոչ սուր շրջանում, այլ լավանալուց հետո։

Այս դեպքում շատերը խոսում են ոչ թե դասական կավասակիի, այլ բազմաօրգանային բորբոքային համախտանիշի մասին, որը ըստ նկարագրված միջազգային տվյալների՝ կորոնավիրուսային հիվանդության բարդություն է։ 

Այս դեպքը դասական կավասակի չէ, չպետք է խոսել այդ հիվանդության մասին։ Սա ավելի լայն, տարբեր օրգանները ներգրավող բարդություն է, որը ամենայն հավանականությամբ հրահրվում է վիրուսով, որը ներդրվում է երեխայի օրգանիզմ։ 

Երբ երեխան վիրուսից լավանում է, մոտ երկու-երեք շաբաթ հետո առաջանում է այս հիվանդությունը և կոչվում է բազմաօրգանային բորբոքային համախտանիշ։

– Դա վերաբերում էր Հայաստանում արձանագրված դեպքերի՞ն, այսինքն՝ կավասակի՞ չէր։

– Այո, Հայաստանի մի դեպքը, որը նախնական ախտորոշմամբ կավասակի էին հայտարարել, վերանվանվեց բազմաօրգանային բորբոքային համախտանիշ։ Այսինքն՝ մասնագետները վերանայեցին իրենց ախտորոշումը։ 

Երեխան ընդունվել էր կավասակի նախնական ախտորոշմամբ, բայց հետագայում այն վերանվանվեց բազմաօրգանային բորբոքային համախտանիշ։ Երկրորդ երեխայի մասին ես ճիշտն ասած տեղյակ չեմ, թեպետ կարդացել եմ, և կարծես թե նախնականը կավասակի ախտորոշումն էր։

– Կներկայացնեք՝ ի՞նչ հիվանդություն է, վարակի՞չ է, ինչպե՞ս է արտահայտվում։

– Վարակիչ չէ։ Դա տարած վիրուսի հետևանքով օրգանիզմի տված սխալ պատասխանի հետևանքն է։ Շատ անկանխատեսելի է, թե որ երեխայի մոտ կարող է զարգանալ այդ հիվանդությունը։ 

Պետք է ասեմ, որ շատ բարձր հիվանդացություն ունեցող երկրներում՝ Իտալիայում, Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում և ԱՄՆ-ի ամենամեծ համաճարակային կենտրոն հանդիսացող Նյու Յորքում թվերը շատ չեն։ 

Ըստ հավաստի տեղեկատվական աղբյուրների՝ կավասակիի շուրջ 250 դեպք է նկարագրված բոլոր երկրներից, իսկ պատկերացնում եք՝ ինչքան հիվանդ երեխաներ կլինեն։ 

– Տիկին Դարակչյան, շա՞տ վախենալու է այդ հիվանդությունը, եթե, ասենք՝ ծնողը հայտնաբերում է, որ երեխան նման հիվանդություն ունի, ինչպե՞ս վարվի։

– Միանշանակ, պետք է անհանգստանալ, պետք է անմիջապես դիմել բժշկի։ Բայց նաև պետք է ասեմ, որ ծնողը բժշկի չդիմելու այլընտրանք էլ չունի, որովհետև առաջին ախտանշանը բարձր կայուն ջերմությունն է, որը դժվար է իջեցնել ստանդարտ ջերմիջեցնողներով։ 

Բնականաբար, 39 աստիճանով ջերմող երեխային որևիցե ծնող տան պայմաններում չի որոշի բուժել։ Ուղղակի ծնողները թող իմանան, որ այն երեխաները, որոնց մոտ ախտորոշվել է կորոնավիրուս, և դրա բուժումից 3-5 շաբաթ անց ունենում են կայուն բարձր ջերմություն, պետք է անհապաղ դիմել բժշկի։ Տան պայմաններում ինքնաբուժմամբ չպետք է զբաղվել։ 

Ըստ գրականության տվյալների՝ այդ երեխաների շուրջ 80 տոկոսի մոտ զարգանում է շոկ, որը մի իրավիճակ է, երբ երեխայի համակարգային ճնշումը իր տարիքային նորմայից ցածր է դառնում, ինչի հետևանքով խախտվում է արյան շրջանառությունը տարբեր օրգան-համակարգերում։ 

Շոկային վիճակը պահանջում է բուժում վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքում։ Իմ նշած 250 երեխաներից 60-80 տոկոսի մոտ շոկը զարգացել է։

– Կա՞ տարիքային սահմանափակում, երբ այդ հիվանդությունը նրա մոտ չի կարող լինել։

– Բացարձակ ոչ մի սահմանափակումների մասին չեն խոսում, ուղղակի նկարագրված տվյալներով՝ միջին տարիքը եղել է 9-9․5 տարեկանը։

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am