Մենք ակտիվորեն խորացնում ենք ԵՄ հետ համագործակցությունը և գնահատում ենք այս ճանապարհին Լիտվայի անկեղծ աջակցությունը. Միրզոյանը՝ Լանդսբերգիսին

Սեպտեմբերի 23-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Լիտվայի ԱԳ նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսի հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Զրուցակիցները քննարկել են երկկողմ և բազմակողմ ձևաչափերում փոխգործակցության հարցեր:

Անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգի ընդլայնմանն ուղղված համատեղ աշխատանքներին, առկա հեռանկարներին։ «ՀՀ-ն շարունակում է ժողովրդավարական բարեփոխումները, մենք ակտիվորեն խորացնում ենք ԵՄ հետ համագործակցությունը բոլոր ուղղություններով և մեծապես գնահատում ենք այս ճանապարհին Լիտվայի անկեղծ աջակցությունը»,- ընդգծել է ՀՀ ԱԳ նախարարը։

Տարածաշրջանային զարգացումների համատեքստում մտքեր են փոխանակվել Հարավային Կովկասում զարգացումների միտումների շուրջ։ Արարատ Միրզոյանն ընդգծել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի՝ սեղմ ժամկետում ստորագրման կարևորությունը և այդ հարցում ՀՀ արտահայտած քաղաքական կամքը: