Երևանում անցկացվեց «Ուտեստ ֆեստ» փառատոնը

Հայկական խոհանոցի համն ու հոտը Երևանում: Մայրաքաղաքում անցկացվեց «Ուտեստ ֆեստ» տոնածիսական ուտեստների փառատոնը:

Գաղափարն իրագործվեց Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ՝ «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ-ի հետ: Նպատակը հայկական ավանդական տոնածիսական ուտեստների հարուստ ընտրանին և հայկական տոնացույցի կերակրատեսակները հանրայնացնելն է:

Խաչքարերի պուրակում՝ շուրջ 30 տաղավարում, խոհանոցային ոլորտի կազմակերպությունները, ռեստորանները, հանրային սննդի տեղական արտադրողները, քոլեջներն ու ուսումնարանները ներկայացրեցին եկեղեցական տաղավար և հայկական ավանդական տոները, դրանց խորհուրդը, ծիսական ավանդույթները և ուտեստները:

Առանձին ներկայացվեցին նաև հայկական հուշանվերները:

Փառատոնն ուղեկցվեց հայկական ազգային երգով ու պարով: Միջոցառմանը մասնակցեցին համեղ սննդի սիրահար բազմաթիվ երևանցիներ ու քաղաքի օտարազգի հյուրեր:

Փառատոնին առանձնացվեցին ամենահամեղ, ամենահյուրընկալ և հետաքրքիր ձևավորմամբ տաղավարները, նաև լավագույն ուտեստը:

Այս մասին տեղեկացնում է Երեւանի քաղաքապետարանը: