Ստվերային կառավարությունը` «լավ, բարի ցանկություն». ինչո՞ւ Րաֆֆին մերժեց Նիկոլի առաջարկը

Ստվերային կառավարությունը` «լավ, բարի ցանկություն». ինչո՞ւ Րաֆֆին մերժեց Նիկոլի առաջարկը
Ստվերային կառավարությունը` «լավ, բարի ցանկություն». ինչո՞ւ Րաֆֆին մերժեց Նիկոլի առաջարկը

Նախագահական ընտրություններում պաշտոնական տվյալներով երկրորդ տեղը զբաղեցրած և հասարակական պայքարով կեղծված ընտրությունների դեմ դուրս եկած Րաֆֆի Հովհաննիսյանը թեև հարգում է շարժմանը միացած ԱԺ ՀԱԿ-ի խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի տեսակետը, սակայն ստվերային կառավարություն ձևավորելու նրա առաջարկը չի ընդունել:
Րաֆֆի Հովհաննիսյանն այս մասին հայտարարել է այսօր հրավիրած մամուլի ասուլիսում:

«Ես չեմ ընդունել, դա մոտեցումներից մեկն է, հարգում եմ Նիկոլի տեսակետը: Ինքը և մնացած բոլորը միացել են կամավոր: Մեր շարժման և Հայաստանի ներկա իրավիճակի առանձնահատկությունն այն է, որ ես ոչ մեկին չեմ զանգել, ով եկել է, եկել է կամավոր: Կարող է մի քանի տարի առաջ քննադատել ենք իրար, բայց հիմա բոլորը հասկանում են, որ սա երկիրը միասնաբար փրկելու և սահմանադրական ոլորտ բերելու հրամայականն է: Ես հարգում եմ Նիկոլի առաջարկը, այլ տեսակետ կա, որ չարժե, բայց առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում դուք ինձանից կլսեք մեր ապագա կառավարության, դատական իշխանության և օրենսդիր իշխանության ապագա մանրակերտի մասին իմ առաջարկները»,- ասել է նա:

Թե ինչո´ւ Փաշինյանի առաջարկը չընդունվեց, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը համոզված է, որ Հայաստանի քաղաքական մշակույթի ներկայիս իրավիճակում ստվերային կառավարության մասին առաջարկությունը նպատակահարմար չէ:

«Դա լավ, բարի ցանկություն է, և երևի ինչ-որ պահի Հայաստանի քաղաքական մշակույթը կհասնի այն մակարդակին, որ դա ուղղակի անհրաժեշտություն կլինի, բայց հենց այս պահին ստվերային կաբինետի մասին հայտարարելը չի նպաստի այս գործընթացներին»,- «Մեդիալաբին» ասում է «Ժառանգության» ներկայացուցիչը:

Հիշեցնենք, որ ԱԺ ՀԱԿ-ի խմբակցության պատգամավոր, Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքային շարժմանը միացած Նիկոլ Փաշինյանը նախօրեին հանդես էր եկել հայտարարությամբ, որում Հովհաննիսյանին առաջարկում էր ձեռնամուխ լինել ստվերային կառավարության ձևավորման գործին:

«Րաֆֆի Հովհաննիսյանն, ըստ այդմ, եթե լրջորեն է հայտարարել նախագահական ընտրություններում իր հաղթած լինելու մասին, պետք է սկսի այդ նոր կառավարության ձևավորումը և ոչ թե զբաղվի ԿԸՀ հրապարակած թվերի վիճարկմամբ,- առաջարկել էր Նիկոլ Փաշինյանը, իսկ ընթացակարգը, ըստ Փաշինյանի, պետք է հետևյալը լինի,- Հովհաննիսյանը պետք է հատ-հատ ընտրի այն մարդկանց, ում հետ համատեղ ցանկանում է կառավարել Հայաստանը, և իր նախարարներին պետք է ներկայացնի Ազատության հրապարակի հաստատմանը»:

Ըստ Փաշինյանի` այդ կառավարությունն աստիճանաբար կստանա թե´ ժողովրդի, թե´ քաղաքական ուժերի, թե´ միջազգային հանրության ճանաչումը:

«Ես Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ, երբ քննարկում էինք այդ հարցը, ասացի, որ այդ պահին նպատակահարմար չէ ներկայացնել ստվերային կաբինետը: Դա ընդհանրապես ճիշտ է և քաղաքակիրթ ու զարգացած երկրներում նույնիսկ անհրաժեշտ է: Օրինակ` Անգլիայի խորհրդարանում ստվերային կաբինետը և գործող դիմության կաբինետը նստում են միասին, բանավիճում են, և դա շատ ճիշտ մոտեցում է, ուղղակի այս պահին մեր քաղաքական մշակույթն այն մակարդակին չէ, որ հայտարարենք, և դա ճիշտ ընկալվի»,- նշում է Ռուբեն Հակոբյանը:

Հակոբյանը կարծում է, որ այս փուլում նման քայլը շարժումը կտանի շահարկումների դաշտ և հանրության ուշադրությունը կշեղի ժողովրդական շարժումից: Ռուբեն Հակոբյանը միևնույն ժամանակ նշում է, որ Նիկոլ Փաշինյանի առաջարկի նկատմամբ այս արձագանքը չի կարող ազդել շարժման մեջ նրա ներգրավվածության վրա:

«Ձևավորվել է մի հարթակ, որտեղ յուրաքանչյուրն իր առաջարկությամբ է ներկայանում, և բոլորս շատ նորմալ, ստեղծագործաբար ենք վերաբերվում առաջարկություններին: Նիկոլ Փաշինյանը մասնակցում է մեր հավաքներին, շատ նորմալ է, որ տարբեր կարծիքներ կարող են լինել»,- «Մեդիալաբին» ասում է Ռուբեն Հակոբյանը:

Մինչ Րաֆֆի Հովհաննիսյանն անձամբ կարձագանքի, իշխանության ներկայացուցիչը նշում է, որ ստվերային կառավարություն ձևավորելու առաջարկն անհեթեթություն է:

«Անհեթեթ առաջարկ է դա: Ընտրություններից հետո նման առաջարկով հանդես գալը պատեհ ժամանակ չէ, միգուցե ընտրություններից առաջ նման խնդիր դրվեր, որ ցանկացած քաղաքական ուժ նաև դա ներկայացներ հանրությանը»,- «Մեդիալաբին» ասում է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:

Նրա խոսքով` իշխող կուսակցությունը կադրային բավականին մեծ բանկ ունի և առաջնորդվելու է կառավարության ծրագրով, իսկ ստվերային կառավարության գաղափարն ուղղակի «ռոմանտիկայի ժանրից է»:

© Medialab.am