Ծովափնյա Անթալիան՝ «արգելված գոտի». հայ զբոսաշրջիկները պատերազմից հետո հրաժարվել են Թուրքիա մեկնելուց

Արմինե Հարությունյանը, որ նախորդ տարիներին ամառային հանգիստն անցկացրել է թուրքական Անթալիայի ափերին, ասում է, որ էլ երբեք նման որոշում չի կայացնի։

«Մի քանի տարի շարունակ Անթալիա ենք մեկնել, քանի որ ծովը լավն էր, սպասարկումն ու գներն էլ՝ համաչափ, սակայն պատերազմի օրերին անընդհատ ինձ մեղադրում էի, թե ինչու էի հանգստի համար թշնամու երկիր մեկնում։ Էլ երբեք նման ընտրություն չի լինի մեզ համար, թեման փակված է»,- «Մեդիալաբին» ասում է Հարությունյանը։

ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի տվյալներով՝ 2021 թ. հունվար-հունիս ամիսներին 115.546 ՀՀ քաղաքացի է Հայաստանից մեկնել արտագնա հանգստի: Եթե նախկինում ամառային հանգստյան այս օրերին թուրքական Անթալիան իր ափերով ամենապահանջված ուղղություններից մեկն էր, ապա պատերազմից հետո իրավիճակը լիովին փոխվել է։ 

Զբոսաշրջության կոմիտեի հավաստմամբ՝ 2020-ի Արցախյան 44-օրյա պատերազմից հետո դադարել է Թուրքիայի ուղղությամբ զբոսաշրջային փաթեթների և ավիատոմսերի վաճառքը: Չնայած սրան, որևէ ամփոփ թիվ կամ էլ տվյալ չկա, որը ցույց կտար՝ արդյոք մարդիկ տարանցիկ ուղիներով մեկնո՞ւմ են Անթալիա, թե՞ ոչ։

«Քվանտ» տուրիստական գործակալության փոխտնօրեն Մելինե Հակոբյանի խոսքերը գալիս են ապացուցելու Անթալիայի հանդեպ մարած հետաքրքրությունը։ Հակոբյանը «Մեդիալաբին» ասում է, որ Անթալիայի ուղղությամբ վերջին ամիսներին հետաքրքրություն առհասարակ չկա․ 

«Անթալիայի ուղղությամբ, չեմ հիշում՝ վերջին անգամ երբ ենք տուր կազմակերպել, արդեն քանի տարի է` Անթալիա ո՞վ է մարդ ուղարկում: Մենք որ չենք ուղարկում, չենք էլ ուզում ուղարկել, ճիշտն ասած՝ հարցնող էլ չի լինում։ Ավելի լավ է՝ մարդիկ գնան, օրինակ՝ Ջերմուկում հանգստանան, քան Անթալիայում»։

Փոխտնօրենի խոսքով՝ իրենք հարցումներ ունեցել են տարիներ առաջ, այդ ժամանակ նաև ուղիղ չվերթեր են եղել։ Ընկերությանը դիմել են հիմնականում երիտասարդ ընտանիքներ և մեղրամիս մեկնող զույգեր։ Հակոբյանի կարծիքով՝ մարդկանց այս ուղղությունը գրավում է, քանի որ այնտեղ սպասարկումը լավ է, իսկ գները՝ մատչելի։

Անթալիայի լավ սպասարկումը և մատչելի գները ընտրողներին չի կարողանում հասկանալ 56-ամյա Գագիկ Գասպարյանը։ Նա ասում է, որ Թուրքիա մեկնող և այնտեղ հանգստացող հայերը պետք է հասկանան, որ այնտեղ գումարներ ծախսելով` իրենք ավելի են հզորացնում և հարստացնում թշնամուն։ 

Նա հավելում է` Թուրքիայում հանգստացող հայերը իրենց ձեռքով ջուր են լցնում թուրքական ջրաղացին․ «Այսինքն՝ ստացվում է՝ ներդրում են ունենում թշնամու զենք-զինամթերքի պաշարների հարստացման գործում, ինչն էլ թուրքը մեր դեմ է օգտագործում»։ Գասպարյանի դիտարկմամբ` ոչ բոլորն են գիտակցում այս հանգամանքը։

Երևանի բնակիչ Տաթև Սիմոնյանի դիտարկմամբ՝ եթե մարդիկ գնում են իրենց պատմական հայրենիք, օրինակ՝ Սասուն, Վան, դա Թուրքիա չէ, այլ իրենց տունը, ուր մարդիկ գնում են իրենց կարոտն առնելու, իրենց նախնիներին ու արմատներին ավելի մոտ լինելու․ 

«Բայց եթե գնում են Անթալիա կամ նման այլ ծովափնյա վայրեր, ես ոչ մի կերպ չեմ կարող նման մարդկանց հասկանալ, մանավանդ պատերազմից, այսքան կորուստներից հետո Թուրքիա մեկնելը շատ սխալ է»։ 

Սակայն, այս կարծիքը չի կիսում ճամփորդությունների սիրահար Անի Կիրակոսյանը, որ որևէ հետաքրքիր և հրաշալի երկիր կամ վայր գնալու ու տեսնելու հնարավորություն բաց չի թողնում, Թուրքիա գնալուն էլ դեմ չէ. 

«Ինչ վերաբերում է Թուրքիա մեկնելուն և այնտեղ հանգստանալուն, կարծում եմ՝ այդտեղ վատ բան չկա, պարզապես գնում, հանգստանում և վերադառնում ենք։ Ես եղել եմ Անթալիայում և Ստամբուլում։ Եթե հնարավորություն լիներ, մեկ անգամ էլ կմեկնեի ու հենց` Ստամբուլ, ուղղակի հրաշալի քաղաք է»։

Նրա խոսքով՝ ինքը որքան էլ սիրում է իր հայրենիքը և ցավում կատարվածի համար, բայց, ասում է, որ պետք չէ մարդկանց մեղադրել հանգստի համար Թուրքիան ընտրելու համար։

«Հարազատներիս և ծանոթներիս մեծ մասը կարծում է, որ այնպես, ինչպես թշնամին մեզ հետ վարվեց, այդքանից հետո, մեղմ ասած, անմտություն է նրանց երկիր ոտք դնելը, և համաձայն չեն ինձ հետ, բայց ես նրանց հետ չեմ վիճում, քանի որ ամեն մարդ իր կարծիքն ունի,- «Մեդիալաբին» ասում է նա և հավելում,- նախորդ տարիներին բազմաթիվ հայերի եմ հանդիպել, որոնք Հայաստանում վայ-վույ էին անում և ասում, որ չեն ընդունում Թուրքիայում հանգստացող հայերին, մինչդեռ իրենք էլ թաքուն մեկնում էին Անթալիա՝ ծանոթներին ստելով՝ թե Հունաստանում կամ Բուլղարիայում են հանգստացել։ Արդյոք սա ընդունելի՞ է»:

Դեպի Թուրքիա ուղղության վրա մասնագիտացած «Բագրատ տուր» զբոսաշրջային ընկերությունից «Մեդիալաբին» հայտնում են, որ իրենք ևս պատերազմից հետո դադարել են Թուրքիայի ուղղությամբ չվերթեր իրականացնել։

«Մարդիկ սովոր էին իրենց հանգիստը Անթալիայում անցկացնել և մեծ սիրով էին գնում, այնտեղ նաև ծառայություններն էին լավը։ Բացի այդ, այնտեղ հիմնականում ռուսերեն են խոսում, իսկ մարդիկ տիրապետում են այդ լեզվին»,- Անթալիայի նկատմամբ նախկինում ունեցած հետաքրքրությունն է ներկայացնում «Բագրատ տուրի» ներկայացուցիչը։

Ըստ աշխատակցի՝ թեև այժմ իրենց նախաձեռնությամբ գործակալությունը այլևս չվերթեր չի իրականացնում Անթալիայի ուղղությամբ, բայց նախկինում, երբ կազմակերպում էին, մարդիկ մեկնում էին ընտանիքներով, իսկ չվերթերը հիմնականում ուղիղ էին. կային նաև չարտերային չվերթեր։ 

Աշխատակիցը թեև չի հստակեցնում, թե որքան արժեր Անթալիայում հանգիստը, բայց ասում է՝ գները մոտավորապես համարժեք էին այս տարվա Եգիպտոսի գներին, այսինքն՝ մատչելի էին։

Անթալիայի ուղղությամբ այսօր թռիչքներ իրականացնողը բելառուսական «Բելավիան» է, սակայն, ի տարբերություն նախկին ուղիղ չվերթերի, Անթալիայի հանդեպ հետաքրքրություն ունեցողներին առաջարկում է մեկնել տարանցիկ՝ Մինսկով։ Խմբակային փաթեթներ չկան, և մեկնողներն ընտրություն են կատարում՝ անհատական նախաձեռնությամբ։ 

Ցանկացողների համար ընկերությունն ամրագրում է հյուրանոց և ավիատոմս՝ Երևան-Մինսկ-Ստամբուլ ուղղությամբ, իսկ Ստամբուլից Անթալիա՝ մեկ այլ ավիատոմս։ Գներն էլ կախված են մեկնողների թվից և մեկնելու օրից։ Սակայն, հստակ թվեր, թե քանի հոգի է մեկնել Անթալիա, ընկերությունը չի տրամադրում։

Հոգեբան Կիմա Գևորգյանը նշում է, որ թեև չունի վիճակագրություն, որը կվկայի մարդկանց՝ Թուրքիայում հանգստանալու ցանկության մասին, բայց չի բացառում, որ կլինեն այդպիսիք։ Նա նշում է, որ մարդկանց մի մասը կարող է Թուրքիան դիտարկել որպես թշնամի պետություն, որի տնտեսությանն զբոսաշրջությամբ աջակցելն անընդունելի է, մյուս մասն էլ մտածել, որ ուղղակի ծով է գնում։

«Դա կապված է մարդու մտածելակերպի առանձնահատկությունների հետ, որը շատ դեպքերում կարող է պայմանավորված լինել նրանով, որ մարդիկ Թուրքիան՝ Անթալիան, դիտարկում են ուղղակի որպես ծովափնյա, հանգստյան երկիր` առանց հաշվի առնելու մնացած փաստերը։ Մարդիկ պարզապես իրենց հանգստի մեջ այն չեն դիտարկում որպես կարևոր գործոն»,- ասում է հոգեբանը և հավելում, որ Թուրքիայում հանգստանալու մարդկանց ցանկությունը հավանաբար պայմանավորված է նաև գնային մատչելիությամբ կամ այլ երկիր տեսնելու հնարավորությամբ։ 

Մերի Մաթևոսյան

MediaLab.am