Մասնագետը ՀՀ-ում զբոսաշրջության արագ վերականգնման համար զարգացման ծրագրի մշակման կարիք է տեսնում

Տուրիզմի հայկական ֆեդերացիայի» նախագահ Մեխակ Ապրեսյանի պնդմամբ, կորոնավիրուսի և պատերազմի հետևանքով տնտեսության մեջ ամենատուժած ոլորտը զբոսաշրջությունն է:

«Արմենպրես»ի հաղորդմամբ՝ մամուլի ասուլիսի ժամանակ Ապրեսյանն ասաց, որ անհրաժեշտ է թույլ չտալ, որպեսզի փլուզվի զբոսաշրջության ոլորտը, այլ պետք է այն վերականգնել:

«Զբոսաշրջության ոլորտը պետք է դրվի նույն կայուն զարգացման հիմքերի վրա: Այդ ոլորտից է մեծապես կախված մեր երկրի տնտեսության վերականգնումը, կայուն զարգացմումը, հզորացումը: Պետք է հատուկ այս ոլորտի համար արագ վերականգնման և զարգացման ծրագիր մշակել, նպատակ դնել, որպեսզի 2021-2024 թթ. կրկնապատկվի ներգնա, ինչպես նաև ներքին զբոսաշրջային այցելությունների թիվը։ Անհրաժեշտ է նաև իրականացնել ինստիտուցիոնալ փոփոխություններ, բարելավել գործարար ներդրումային միջավայրը:

Շատ կարևոր է, որ կարողանանք ապահովել առողջապահական անվտանգությունը, բոլոր դիվանագիտական խողովակներով աշխարհին ներկայացնել իրական պատկերը, ամեն ինչ անել, որպեսզի չհայտնվենք այցելությունների համար խորհուրդ չտրվող երկրների ցանկում: Կարծում եմ, կարիք կա նաև միջազգային միջոցառումներ կազմակերպել, որ աշխարհը տեսնի, որ Հայաստանը, ինչպես միշտ, պատրաստ է բարձր մակարդակով, ջերմորեն և հյուրընկալ ընդունել զբոսաշրջիկներին»,- նշեց Ապրեսյանը։

Նա շեշտեց՝ շատ կարևոր է գիտակցել այն փաստը, որ ոչինչ հնարավոր չէ անել, եթե կադրային բազան բարձր մակարդակով ապահոված չլինի։ Ապրեսյանը պրոֆեսիոնալ կադրերի պատրասման և վերապատրաստման դասընթացներ անցկացնելու անհրաժեշտություն նույնպես տեսնում է: