«Զվարթնոց» օդանավակայանում ծառայությունը ամբողջությամբ պետք է իրականացնեն Հայաստանի սահմանապահները․ ԱԽ քարտուղար

Հայաստանի դիրքորոշումը այն է, որ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում ծառայությունն ամբողջությամբ պետք է իրականացնեն Հայաստանի սահմանապահ զորքերը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը` պատասխանելով հարցին, թե արդյոք քննարկվում է ՌԴ սահմանապահներին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից դուրս բերելու հարցը։

«Հայաստանը այս հարցում հստակ դիրքորոշում ունի և այդ հստակ դիրքորոշման մասին Ռուսաստանի Դաշնությանը տեղյակ պահել է պաշտոնական նամակով։

Հայաստանի դիրքորոշումն այն է, որ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում ծառայությունը պետք է իրականացնեն Հայաստանի սահմանապահ զորքերը»,- ասաց Գրիգորյանը։

Հարցին, թե ինչու այդպիսի անհրաժեշտություն առաջացավ, Գրիգորյանը պատասխանեց, որ Հայաստանը անկախության շրջանում տարբեր ուղղություններով կարողություն է ձեռք բերում, և այս պահին Հայաստանը ամբողջական կարողություն ունի օդանավակայանում ամբողջությամբ վերահսկողություն իրականացնելու համար։