«Անհրաժեշտ է իրապես ցույց տալ ՀՀԿ-ի կառավարման ողջ էությունը՝ հանձին այդ կոռուպցիոն բացահայտումների». Արթուր Սաքունց

«Անհրաժեշտ է իրապես ցույց տալ ՀՀԿ-ի կառավարման ողջ էությունը՝ հանձին այդ կոռուպցիոն բացահայտումների». Արթուր Սաքունց
«Անհրաժեշտ է իրապես ցույց տալ ՀՀԿ-ի կառավարման ողջ էությունը՝ հանձին այդ կոռուպցիոն բացահայտումների». Արթուր Սաքունց

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:

– Պարո՛ն Սաքունց, ԱԱԾ-ի տնօրենը հայտարարեց, որ իրենց կասկածները հաստատվել են, և կոռուպցիոն գործերով արդեն կան բերման ենթարկվածներ։ Ձեր կարծիքով՝ իշխանությունները որքա՞ն կարող են առաջ գնալ կոռուպցիայի դեմ պայքարում։

– Նման հարց չպետք է լինի, որովհետև նախորդ ամբողջ ժամանակաընթացքում, հատկապես ՀՀԿ իշխանության տարիներին նախագահների փոփոխմամբ հանդերձ, Հայաստանում հիմնական բնութագրիչը եղել է անպատժելիությունը, համակարգային կոռուպցիան։ Ներկա կառավարությունը, օգտագործելով թեկուզ սահմանափակ ռեսուրսներ, քանի որ ոստիկանության պետն ու ԱԱԾ-ի տնօրենը փոխվել են, բայց Հատուկ քննչական ծառայության պետը, Քննչական կոմիտեի պետը, գլխավոր դատախազությունը մնացել են ՀՀԿ-ի օրոք նշանակված կադրեր, այդուհանդերձ, ունեն լուրջ հնարավորություններ կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման, քրեական գործերի հարուցման, նյութերի նախապատրաստման և քննչական մարմիններին փոխանցելու առումով։ Այստեղ սահմանները չպետք է որոշիչ լինեն, այլ անպատժելիության մթնոլորտի հաղթահարումը, որ օրենքի առջև բոլորը պետք է հավասար պատասխանատվություն կրեն։

Իհարկե, ժամանակի տեսանկյունից առաջնային են այն խնդիրները, հանցագործությունները, որոնք կապված են պետական բյուջեի միջոցների յուրացման, մարդկանց իրավունքների խախտման մեջ պատասխանատու անձանց, բռնությունների կատարման մեջ մեղավոր անձանց հայտնաբերման հետ, և մենք տեսնում ենք, որ կատարվում են քայլեր։ Այնպես որ, չեմ կարծում, որ այս դեպքում պետք է դիտարկել, թե դա մինչև ո՛ւր կարող է հասնել։ Մինչև այնտեղ, որտեղ կվերանա անպատժելիությունը, սա՛ է սահմանը։

– Նկատի ունեմ այն, թե որքանո՛վ այս ժամանակահատվածում հնարավոր կլինի դա իրականացնել՝ հաշվի առնելով, որ իշխանությունների օրակարգում է արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հարցը։ Մյուս կողմից՝ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը նաև հայտարարել է, որ կարող է այս կառավարությունը 4 տարի լինել իշխանության։

– Ես կարծում եմ, որ այդ ընտրությունները պետք է տեղի ունենան։ Այդ մասին հստակ խոսել է և Նիկոլ Փաշինյանը, որովհետև կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման միջոցով հասնել քաղաքական իրավիճակի փոփոխության, նկատի ունեմ նաև Ազգային ժողովում ձայների հարաբերակցության փոփոխությունը, որքան էլ տեսանելի լինի, այդուհանդերձ, պետք է քաղաքական ձևակերպում, ուժերի հարաբերակցության փոփոխության ձևակերպում, որը կարող է տեղի ունենալ միայն արտահերթ խորհրդարանական ընտրությունների միջոցով։ Այն գործողությունները, որոնք հիմա իրավապահ մարմինների կողմից կատարվում են, այն կարևոր երաշխիքներից մեկն են, որոնք ուղղված են արտահերթ խորհրդարանական ընտրությունների ազատ և արդար անցկացմանը։

– Ընտրական օրենսգրքի փոփոխությունը որքանո՞վ է առաջնային, թե՞ կարելի էր նաև հիմա ընտրություններ հայտարարել, իսկ այդ փոփոխությունները հետո արվեին, որպեսզի դիսբալանս չլիներ կառավարության և Ազգային ժողովում ուժերի հարաբերակցության միջև։

– Մերկապարանոց արտահերթ ընտրություններ, առանց իրավիճակի փոփոխության, որի նպատակը պետք է լինի ազատ ու արդար ընտրությունների համար երաշխիքների ապահովումը, անիմաստ են, որովհետև կստացվեր, որ չեն կապիտալացվում թավշյա հեղափոխության հետ կապված ձգտումներն ու ակնկալիքները։ Իսկ հանրային ակնկալիքների հիմքում հիմնականում սոցիալական արդարության, արդարադատության ապահովման, անպատժելիության, կոռուպցիոն հանցագործությունների համար պատասխանատվության քայլերն են, որոնք և նախորդ իշխանության դեմ քաղաքացիական ընդվզման հիմնական պատճառներն էին։ Այնպես որ, անհրաժեշտ է իրապես ցույց տալ Հանրապետական կուսակցության կառավարման ողջ էությունը՝ հանձին այդ կոռուպցիոն բացահայտումների։

Նաև պետք է ցույց տալ կամք, որ հեղափոխությունը իրապես ոչ միայն իշխանափոխություն է, այլև տեղի է ունեցել մոտեցումների փոփոխություն, ինչն իր էությամբ հեղափոխական է։ Մենք 20 տարի գտնվում էինք կոռուպցիոն համակարգի ճիրաններում, անպատժելիության պայմաններում։ Հեղափոխությունը հենց նման վարքագծի իրավիճակի փոփոխությունն է։

Այդ առումով, առանց իրավապահ մարմինների գործողությունների՝ ուղղված կոռուպցիոն սխեմաների, կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման, պետական բյուջեի յուրացումների, հանքային ռեսուրսների վատնումների, անպատժելիության մթնոլորտի հաղթահարման հնարավոր չէր ակնկալել, որ ազատ ու արդար ընտրություններ տեղի կունենան։ Հակառակ պարագայում դուրս կգար, որ ՀՀԿ-ն, դե ֆակտո ունենալով ֆինանսական, կոռուպցիոն լուրջ լծակներ, վերստին կարող էր դա օգտագործել քաղաքական նպատակներով։

Բայց քաղաքական նպատակները պետք է հիմնված լինեին ոչ թե կոռուպցիոն ռեսուրսների վրա, այլ քաղաքական իրավիճակը պետք է ձևակերպվի ծրագրային, ընտրողների ազատ կողմնորոշման և ազատ ընտրության հիման վրա։ Այնպես որ, կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման ուղղությամբ քայլերն անհրաժեշտ են, պահանջված են։ Տնտեսական դաշտում մենաշնորհների հաղթահարումը ցույց տվեց, որ իրապես ամբողջ տնտեսավարումը հիմնված է եղել կոռուպցիոն ու խմբային շահերի վրա։

– Դուք կարծում եք, որ այս փուլում կառավարության համար վտանգներ չկա՞ն։

– Վտանգներ չկան, որովհետև ՀՀԿ-ի իշխանությունն այն աստիճան էր լճացել, որ ցանկացած բացահայտում ինքնին արդեն նվազեցնում է այդպիսի վտանգները։ Ավելին՝ հանրային ակնկալիքների բավարարումը այս գործողություններով միակ ճանապարհն է, որով բոլոր հնարավոր վտանգները կարելի է կանխել։

– Ո՞րն է ողջամիտ ժամկետը, երբ պետք է անցկացվեն արտահերթ ընտրություններ։

– Չեմ կարծում, որ հիմա կարող ենք այդպիսի ժամանակահատվածի մասին ճշգրիտ բան ասել, բայց կարծում եմ, որ անհրաժեշտ է առաջին հերթին Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարել, տարածքային-ռեյտինգային սկզբունքը հանել, նաև վերացնել կայուն մեծամասնություն հասկացությունը և կոալիցիայի ձևավորման համար կուսակցությունների թվի սահմանափակումը։

Այսօր օրենքով առավելագույնը երեք կուսակցություն կարող են կոալիցիա ձևավորել։ Հաջորդը բոնուսային համակարգի վերացումն է։ Եվ, ի վերջո, ԱԺ պատգամավորի մանդատի և բիզնեսի համատեղման անթույլատրելիության խնդիրը պետք է լուծել։ Այսինքն՝ եթե այս փոփոխությունները կատարվում են, այդ ժամանակ արդեն արտահերթ ընտրությունների իրավական բազան կարող ենք լուծված համարել։ Մյուս կողմից՝ անպատժելիության համակարգի վերացմանն ուղղված պրակտիկ քայլերն են ազատ ու արդար ընտրությունների երաշխիքները։

– Սակայն ՀՀԿ-ն արտահերթ ընտրությունների անհրաժեշտություն չի տեսնում։

– ՀՀԿ-ն արտահերթ ընտրությունների անհրաժեշտություն տեսնել-չտեսնելու հնարավորությունից կզրկվի, երբ այս ամենը կատարվի։ Նրան այլ բան չի մնա, քան հաշտվել այս իրողությունների հետ։ Այն, որ մտածում են, թե կառավարության ծրագրի ընդունմամբ կարող են իրենց կյանքը երկարացնել, հույս ունենալով, որ նոր իշխանությունը թույլ կտա այնպիսի սխալներ, որոնք հնարավոր կլինի շահարկել, կարծում եմ՝ անիմաստ է, որովհետև իրենք պետք է հասկանան, որ այս իշխանությունն իրենցից տարբերվում է նրանով, որ եթե իրենք սխալներ գործեն, ունեն կամք նաև այդ սխալները շտկելու, այդ թվում նաև՝ կադրերի առումով։ ՀՀԿ-ն անգամ դա չէր անում, նրանք իրենց անգամ ձախողված կադրերին չէին փոխում։ Իսկ այս կառավարությունում եթե որևէ կադր ձախողի իրեն վստահված բնագավառը, միանշանակ է, որ փոխվելու է։

Մանե Հարությունյան

MediaLab.am