Նախկին նախագահների՝ իշխանության գալու հավանականությունը շատ ցածր եմ գնահատում, ու սա հակակրանքի հարց չէ.  Սուրեն Սուրենյանց

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցը 

– Պարո՛ն Սուրենյանց, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր իր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց, որ այս խորհրդարանական ընտրությունների համար ավելի լավ պայմաններ են ստեղծված, քան՝ 2021-ին էր, և որ ինքը կնախընտրի գնալ ավելի լայն կոալիցիայի: Համակարծի՞ք եք այս մտքին:

– 2021-ի ընտրություններն անցկացվեցին հետպատերազմյան շոկային իրավիճակում, նաև արտահերթ էին, ու քաղաքական ուժերը, ըստ էության, ոտքի վրա որոշումներ կայացրին, բնականաբար, օրացուցային ընտրություններին կուսակցությունները շատ ավելի համապարփակ ու հանգամանալից են նախապատրաստվում, այս առումով, իհարկե, ասվածի մեջ ճշմարտություն կա: Ես տեսնում եմ, որ առաջիկա ընտրություններին եղանակ են ստեղծելու 3-4 ընդդիմադիր ազդեցիկ կոնսոլիդացիոն կենտրոններ: 

Այո՛, ես որպես տարբերակ տեսնում եմ, որ փոքր կուսակցությունները, օրինակ՝ մեր կարգի, ինտեգրվեն ավելի խոշոր կոնսոլիդացիոն կենտրոնների, որպեսզի ձայները չփոշիանան: Երկու ծայրահեղություն կա, երկուսն էլ ինձ համար անընդունելի են. մեկը ընդդիմության միասնական ցուցակն է, ինչն ուտոպիա է, ու ինչը նաև Ռոբերտ Քոչարյանն էլ բացառեց, մյուս վտանգավոր ծայրահեղությունն էլ այն կլինի, որ այդ 3-4 խոշոր կոնսոլիդացիոն կենտրոնները չձևավորվեն, ու փոքր մասնակիցների թիվը շատ լինի: Ընդհանրապես, այս ընտրություններն առանձնահատուկ են նրանով, որ առանձին մասնակցությունների ընտրություն չէ: 

– Ձեր ասած այդ ազդեցիկ ընդդիմադիր քաղաքական ուժերը որո՞նք են:

– Սամվել Կարապետյանի, Ռոբերտ Քոչարյանի, Գագիկ Ծառուկյանի շուրջ ձևավորվող ուժերն են, քաղաքական որոշակի գործոն է նաև «Հանրային ձայն» կուսակցության նախագահ Վարդան Ղուկասյանը՝ Դոգը, եթե նա ձևավորի: 

– Սերժ Սարգսյանի շուրջ ձևավորվող ուժն ազդեցիկ չե՞ք համարում:

– Առայժմ նրանք չեն հայտարարել մասնակցության մասին, եթե հայտարարեն, ապա, այո՛, երրորդ նախագահի շուրջ ևս կարող են ձևավորվել:

– Պարո՛ն Սուրենյանց, դուք այն մարդկանցից եք եղել, որ համակարծիք են եղել Միքայել Սրբազանի այն մտքին, որ նախկին նախագահները իրենց դեմքերով չպետք է մասնակցեն ընտրություններին, առհասարակ, նրանք պետք է դուրս գան քաղաքականությունից: Նախագահ Քոչարյանն այսօր էլ անդրադարձավ այդ հարցին ու նորից վերահաստատեց, որ այդ մտքի իմաստը չի հասկանում, և չբացառեց, որ իրենց թիմի վարչապետի թեկնածուն կլինի ինքը, եթե սոցհարցումներով իրեն տեսնեն այդ պաշտոնում: Ձեր կարծիքը չե՞ք փոխել:

– Նախընտրակա այս փուլում՝ որպես կուսակցության լիդեր, ընդդիմադիր գործիչ, ընտրել եմ մի մարտավարություն, որի իմաստն այն է, որ չթիրախավորեմ որևէ ընդդիմադիր ուժի՝ անկախ նրանից, թե իրենց հետ համաձայն եմ, թե՞ չէ: Բայց թույլ տվեք մնալ իմ կարծիքին, որ նախկին նախագահների՝ իշխանության գալու հավանականությունը շատ ցածր եմ գնահատում, ու սա նախասիրության կամ հակակրանքի հարց չէ: 

Կարծում եմ, որ Արցախի կործանումով մի նոր փուլ սկսվեց նաև ներքաղաքական կյանքում: Արցախի կործանումը դարձավ Լեռնային Ղարաբաղի խնդրով քաղաքական մեծ դերակատարություն ունեցող գործիչների պատմաշրջանի փակումը, ու սա ես տեսնում եմ օբյեկտիվ ընթացքի մեջ: Ես մնում եմ իմ կարծիքին, որ կան պատմագիտական օրինաչափություններ, որոնք դժվար թե չգործեն, որքան էլ դրանց դեմ են գնում ուժեղ անհատները: 

– Ձեր քաղաքական թիմը կոնսոլիդացիա կկազմի՞ կոնկրետ երկրորդ նախագահի թիմի հետ:

– Մեր քաղաքական թիմն այդ առումով դիրքավորում ունի, մենք պաշտպանել ենք Գագիկ Ծառուկյանի՝ «Առաջարկ Հայաստանին» կոնցեպտը, թե ձևաչափային ինչպիսի լուծումներ կգտնենք, դրա համար դեռ փետրվար-մարտ ամիս կա, բայց մեր քաղաքական դիրքավորումը պարզ է:

– Նախագահ Քոչարյանը խոսեց նաև Սահմանադրության փոփոխության անհրաժեշտության մասին, նշեց, որ կառավարման համակարգի փոփոխություն է անհրաժեշտ երկրում: Դուք է՞լ եք կարծում, որ կա կառավարման գործող համակարգից ազատվելու անհրաժեշտություն:

– Միանշանակ, այս Սահմանադրությունը պետք է չեղարկվի, ու կա՛մ վերադարձ կատարվի հին համակարգին, կա՛մ նոր մոտեցումներ գտնենք, համենայնդեպս, նախագահական ինստիտուտի լիարժեք անհրաժեշտություն ես տեսնում եմ: Նախագահական կառավարման մոդելը թույլ է տալիս օրենքով ամրագրել ժամկետային սահմանափակումներ, ինչի արդյունքում նախագահը չի կարող երկու ժամկետից ավելի վերարտադրվել։ Ընդհանուր առմամբ պետք է հիմքեր ստեղծվեն միահեծան իշխանությունը երկրում բացառելու համար, հակակշիռների ճիշտ մեխանիզմ պետք է դրվի, սա միանշանակ է: 

Այս Սահմանադրության գլխավոր բացերից մեկն այն է, որ կառավարումը գտնվում է մեկ անձի ձեռքին, թվում է, թե խորհրդարանական կառավարումն ավելի ժողովրդավարական է, բայց ըստ էության մենք գործ ունենք վառ ընդգծված սուպերվարչապետական համակարգի հետ, որն ավելի վտանգավոր համակարգ է, քան՝ նախագահականը: Նախագահականի դեպքում գոնե կար երկու առաջնային մանդատ ունեցող ինստիտուտ՝ նախագահի և խորհրդարանի, որոնք միմյանց հակակշռում էին:

– Եթե մնա այս Սահմանադրությունը, վտանգները որո՞նք են լինելու:

– Մենք հիմա էլ տեսնում ենք այդ վտանգները. Հայաստանում որևէ պետական ինստիտուտ չի գործում, բոլորը գտնվում են կառավարության ղեկավարի գրպանում: Հիմա մենք, ըստ էության, հակասահմանադրական ռեժիմում ենք, որովհետև ո՛չ դատական, ո՛չ օրենսդիր իշխանություն ունենք, Փաշինյանն ասում է, որ ինքն է կառավարությունը: Ուզուրպացիայի մակարդակն այնքան բարձր է, որ իրեն իրավունք է վերապահում միջամտել բոլոր ոլորտներին: Գործող Սահմանադրությունը, ցավոք սրտի, շատ է փոքրացնում լեգալ ճանապարհով իշխանափոխության հասնելու հնարավորությունը:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am