Մենք Հայաստանի շահն ենք սպասարկում, իսկ Դաշնակցությունն ԱԺ ամբիոնը զբաղեցնում է ադրբեջանական նարատիվներ տարածելու համար. Հակոբյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը 

– Տիկի՛ն Հակոբյան, խորհրդարանական այս քառօրյայում ակնհայտ լարվածություն կար իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ու Դաշնակցության ներկայացուցիչների միջև: Ինչո՞վ է պայմանավորված այդ լարվածությունը:

– Որովհետև Դաշնակցությունը խաղաղության համաձայնագիրը կամ գոյություն ունեցող խաղաղությունը բնորոշում է՝ այսպես կոչված, այսինքն՝ նկատի ունեն, որ չկա խաղաղություն, իսկ «Զանգեզուրի միջանցքի» մասով չի ասում՝ այսպես կոչված, ուղիղ արտահայտում է, այսինքն՝ ադրբեջանական նարատիվներ է տարածում կամ «Արևմտյան Ադրբեջան» է անվանում Հայաստանի որևէ տեղանք: Նկարագրական այս մեկ նախադասությամբ փորձեցի ցույց տալ, թե ո՛րն է խնդիրը մեր միջև: Այսինքն՝ մենք Հայաստանի շահն ենք սպասարկում, իսկ այս մարդիկ ամբողջ օրը այդ ամբիոնը զբաղեցնում են միայն ադրբեջանական նարատիվներ տարածելու համար: 

– Նրանք էլ հակառակն են պնդում, որ ձեր քաղաքական թիմն է ադրբեջանական նարատիվները պաշտպանում, Ադրբեջանին չեք հակադարձում և այլն:

– Թող մեր հանրությունն անի իր հետևությունները, դիտելով ԱԺ նիստերը ու հարցազրույցները, որպեսզի պարզ դառնա, թե ո՛վ է ադրբեջանական նարատիվներ առաջ տանում Հայաստանում, իսկ ո՛վ է հայամետ գործում:

– Նման մթնոլորտում ինչպե՞ս եք պատկերացնում ձեր համատեղ աշխատանքը խորհրդարանում:

– Մեր և Դաշնակցության միջև չի եղել մի շրջան, որ լարված մթնոլորտ չլինի, դա մշտապես կա, որովհետև այս խնդիրն ու հակամարտությունը, թույլ տվեք այդպես ասել, գաղափարախոսական այս պայքարը մշտապես կա մեր ու հավաքական ընդդիմության միջև, բայց դա մեզ երբեք չի խանգարել, որ մենք առաջնորդվենք մեր օրակարգով։ Մեզ չի հետաքրքրում, թե այդ մասին ի՛նչ է մտածում ընդդիմությունը, մեզ բացարձակ հետաքրքիր չէ նրանց կարծիքը, մենք աշխատում ենք մեր օրակարգով, ինչպես և խոստացել ենք մեր ժողովրդին:

– Տիկի՛ն Հակոբյան, ճի՞շտ եմ հասկանում, որ Դաշնակցությանը, ըստ էության, մեղադրում եք հակապետական գործունեություն ծավալելու մեջ:

– Իհարկե, բա ընդդիմության առաջին դեմքը Գյումրիում, որին այդքան աջակցում էին, Վարդան Ղուկասյանը, հայտարարեց, չէ՞, այդ մարդը հայտարարեց, որ եթե դու Հայաստանը չես տեսնում Ռուսաստանի հետ Միութենական որևէ միավորի մեջ, ապա դու «թրքահպատակ շան որդի ես»: Սա է իրենց գործելաոճը:

– Ժամանակին միտք էիք արտահայտել, որ պետք է մտածել կրկին Դաշնակցության գործունեությունը Հայաստանում դադարեցնելու մասին, երեկ էլ, եթե չեմ սխալվում, Նիկոլ Փաշինյանը խոսեց այդ կուսակցության փակման մասին: Հնարավո՞ր է, որ այդ ուղղությամբ գործուն քայլեր սկսեք:

– Նիկոլ Փաշինյանն այլ բան ասաց, ասաց, որ Դաշնակցությունը փակելու կարիք չկա, որովհետև այն ինքն իրենով փակվում է, երբ որ այդ մարդիկ հանրային ինչ-որ միտք են արտահայտում: Այսինքն՝ անգամ մեր ջանք թափելու կարիքը չկա, իրենք իրենցով փակվում են, որովհետև նման բովադակություն են արտահայտում:

– Ձեր գնահատմամբ՝ ինչո՞ւ ընդդիմությունն այսօր չմասնակցեց «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման վերաբերյալ» ԱԺ հայտարարության նախագծի քննարկմանը:

– Որովհետև իրենք կապ չունեն պետականության ու խաղաղության հետ, իրենք ինչ-որ դժբախտ դեպք լինի, գան ու փորձեն դա կապիտալացնել ու փորձեն հայրենասիրություն վաճառել հանրությանը: Իրենք կապ չունեն բարեկեցության, պետության կամ խաղաղության հետ, դրա համար էլ փախան նիստերի դահլիճից՝ քսան րոպե ընդմիջում խնդրեցին ու փախան: 

– Տիկի՛ն Հակոբյան, այդ պայմաններում որքանո՞վ եք արդյունավետ համարում խորհրդարանի աշխատանքը, երբ, ըստ էության, քննարկումների մեծ մասն անցնում է միայն իշխանական խմբակցության մասնակցությամբ:

– Անկեղծորեն ասեմ, որ շատ արդյունավետ կլիներ, որ ունենայինք բովանդակային ընդդիմություն, որովհետև մեր այն բացերը, որոնք ընդդիմությունը պետք է մատնանշի, շատ հաճախ հենց իշխանության ներկայացուցիչներն են անում, որովհետև ընդդիմություն չկա: Այսինքն՝ մենք մեզ հաճախ ընդդիմություն ենք դառնում, ընդդիմադիր այդ խոսքը մենք ենք մեզ ասում, որովհետև դա շատ կարևոր է, որպեսզի օրինագծերն ավելի ներառական լինեն: Ստացվում է, որ խորհրդարանում և՛ իշխանություն ենք, և՛ ընդդիմություն: 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am