Կայացել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը. Տեսանյութ

Կայացել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը. Տեսանյութ
Կայացել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը. Տեսանյութ

Սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ) եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի մասնակցությամբ տեղի ունեցավ Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի եւ Էլմար Մամեդյարովի հանդիպումը։

Զրուցակիցները քննարկեցին Լեռնային Ղարաբաղի խաղաղ գործընթացին առնչվող հարցերի շրջանակ եւ գնահատեցին ներկա իրավիճակը։ ՀՀ ԱԳ նախարարը բարձր գնահատեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գործունեությունը:

Քննարկման ընթացքում հայկական կողմը կարեւորեց զինադադարի ամրապնդման եւ լարվածության նվազեցման ուղղությամբ շարունակական ջանքերի գործադրումը՝ ներառյալ համապատասխան մեխանիզմների ներդրման եւ ամրապնդման միջոցով։ Ընդգծվեց նաեւ վստահության մթնոլորտի ձեւավորման ուղղությամբ հետեւողական քայլերի անրաժեշտությունը, այդ թվում՝ նախկինում ձեռքբերված պայմանավորվածությունների կյանքի կոչման միջոցով:

Ադրբեջանի տարածքում կալանքի մեջ գտնվող ՀՀ քաղաքացիների առնչությամբ՝ հայկական կողմը շեշտեց վերջիններիս հայրենադարձության ապահովման անհրաժեշտությունը:

Խաղաղ գործընթացի առաջմղման տեսակետից նախարար Մնացականյանը կարեւորեց կարգավորման շրջանակում կողմերի ստանձնելիք հանձնառությունների համաչափության ապահովումը՝ վերահաստատելով գործընթացում Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը եւ մոտեցումները։

Կողմերը նախանշեցին այս ուղղությամբ հետագա քայլերը, այդ թվում՝ համանախագահների այցը տարածաշրջան եւ մոտ ժամանակներում ԱԳ նախարարների մակարդակով հերթական հանդիպման անցկացումը։

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից: