Քաղաքացիություն` Ժիրայր Սեֆիլյանին. ստորագրահավաքը նոր թափ է ստանում, մինչդեռ ազատամարտի հերոսը սպասումներ չունի

«Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սեֆիլյանի համար ՀՀ քաղաքացիություն պահանջող ստորագրահավաքը վիրտուալ աշխարհից տեղափոխվել է կոնսերվատորիայի այգի:
Հունիսի 15-ին «Հայազն» երիտասարդների միաբանության ակտիվիստներն այստեղ շարունակում էին ստորագրահավաքի գործընթացը: Նրանց խոսքով` ակցիան կտևի մինչև հուլիսի 10-ը` Ժիրայր Սեֆիլյանի ծննդյան օրը:
«Ստորագրահավաքը կշարունակվի մինչև հուլիսի 10-ը, իհարկե, ոչ այս ֆորմատով: Իսկ հուլիսի 10-ին` մեր հերոսի ծննդյան 44-ամյակի օրը, երթով կտանենք նախագահական»,- «Մեդիալաբին» ասում է «Հայազն» երիտասարդների միաբանության անդամ Արմեն Մկրտչյանը:

Հիշեցնենք, որ ստորագրահավաքի պատճառը և պահանջը պարզաբանող տեքստում մասնավորապես ասվում է.

«Մենք` ներքոստորագրյալներս, բարձր ենք գնահատում Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, Մարտական խաչի առաջին աստիճանի ասպետ Ժիրայր Սեֆիլյանի դերը մեր ազգային ինքնագիտակցության ամրապնդման, մեր հայրենասիրական դաստիարակության գործընթացում և խնդրում ենք ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին` հաշվի առնելով մեր կարծիքը, Սեֆիլյանին տալ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն»:

«Ժիրայրը դիմել է երեք-չորս անգամ թե´ ՀՀ, թե´ Արցախի իշխանություններին: Երկու կողմից էլ առանց որևէ հիմնավորման մերժվել է: Անցյալ տարի ապրիլին մենք դիմեցինք Շուշիի քաղաքապետ Կարեն Ավակիմյանին, որպեսզի Շուշիում տան քաղաքացիություն: Շատ զարմանալի ու շատ ամոթալի կերպով հենց մայիսի 9-ին` Ժիրայրի հաղթանակի օրը, Կարեն Ավակիմյանը մերժեց»,- պատմում է Արմեն Մկրտչյանը:

Վերջին տվյալներով` ստորագրահավաքի ընթացքում հավաքվել է արդեն մոտ 5 հազար ստորագրություն, բայց մարդիկ դեռ շարունակում են մասնակցել ակցիային:

Մանկավարժական համալսարանի ուսանողուհի Շուշան Անտոնյանը խոստովանում է, որ ոչ մի քաղաքական կամ հասարակական կառույցի չի հարում: Մասնակցում է ստորագրահավաքին, քանի որ հարգում է Արցախի հերոսներին:

«Իմ կարծիքով` ամեն հայի պարտքն է ստորագրել այս նախաձեռնության համար: Քանի որ նա մեր ազգի հերոսն է: Նա մեզ համար ապահովել է ազատ Արցախ, կռվել է մեզ համար, մենք պարտավոր ենք մեր հերոսներին հարգել»,- «Մեդիալաբին» ասում է Շուշան Անտոնյանը:

«Հայազն» երիտասարդների միաբանության անդամ Արմեն Մկրտչյանի խոսքով` իրենք այս ստորագրահավաքը սկսել են, քանի որ հույսեր են կապում Սերժ Սարգսյանի հետ, ում վարած քաղաքականությունը նրանց այս հարցում հույս է ներշնչում:

«Սերժ Սարգսյանի ներքին քաղաքականության մեջ փոփոխություններ ենք նկատել, ու այդ փոփոխությունները մեզ հույս ներշնչեցին, այդ հույսի հետևանքով էլ այս գաղափարը ծնվեց»,- ասում է Արմեն Մկրտչյանը:

Մինչդեռ ինքը` Ժիրայր Սեֆիլյանը, Հայաստանի իշխանությունների նկատմամբ, մեղմ ասած, դրական չի տրամադրված: Նրա կարծիքով` այն փաստը, որ իրեն քաղաքացիություն չեն տալիս, միայն խոսում է երկրում տիրող վատ իրավիճակի մասին: Նա առանձնապես սպասումներ չունի իշխանություններից:

«Առկա ռեժիմը սրանով ինքն իր պատկերն է ցույց տալիս: Ամբողջ հայ ժողովրդին ասում է` ես սա եմ: Այս 10-12 տարիներին ինձ քաղաքացիություն չտալը մեզ սթափեցնելու հարցում միայն օգնել է,-«Մեդիալաբին» ասում է Ժիրայր Սեֆիլյանը:- Շատ ավելի լուրջ դեպքեր են պատահել և կատարվում են մեր երկրում, որոնք մեզ միայն պետք է զգաստացնեն»:

Լիաննա Խաչատրյան

© Medialab.am