«Ասելով, թե «պատիվ ունի», Վանեցյանը պայքարում է երկրի դեմ՝ գործելով որպես Ռուսաստանի գործակալ»․ Տիգրան Խզմալյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է Հայաստանի եվրոպական կուսակցության համահիմնադիր, կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը։

– Պարո՛ն Խզմալյան, ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանն իր անձնական գաղտնիք պարունակող տվյալները հրապարակելու գործով դիմել է իրավապահներին։ Նա իր հայտարարության մեջ ակնարկել է, որ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի կողմից է եղել տեղեկատվության արտահոսքը։

Մի կողմից Վանեցյանը վերջին շրջանում քաղաքականությամբ զբաղվելու հայտ է ներկայացրել, մյուս կողմից՝ արդեն նրա կողմից կարծես տեղեկատվության արտահոսքեր են լինում։

Որքանո՞վ այս գործելաոճը կարող է վտանգ պարունակել Հայաստանի անվտանգության տեսանկյունից՝ հաշվի առնելով, որ նա ԱԱԾ նախկին տնօրենն է։

– Այստեղ պետք է հիշել մի կարևոր հանգամանք՝ ո՞ւմ է դա ասում Արթուր Վանեցյանը։ Նա իր վերջին գործողություններով ապացուցեց այն, ինչ մենք գիտեինք՝ նա գործում է որպես Ռուսաստանի գործակալ։

Նա ևս մեկ անգամ ապացուցում է, որ ԱԱԾ-ն հանդիսանում է ԿԳԲ-ի, այսինքն՝ Հայաստանի հանդեպ թշնամական կառույցի մաս։ Նա գիտակցաբար ծավալում է իր գործունեությունը՝ արդեն հանելով դիմակը։

Ընդամենը մի քանի օր առաջ «Ինտերֆաքս» գործակալությանը տված իր հարցազրույցում Վանեցյանը քննադատում էր Հայաստանի կառավարությանը, մեղադրում փաշինյանական շրջանակներին՝ հակառուսական լինելու համար։

Սա վիճահարույց հարց է, կարելի է քննարկել՝ որքանով են նրանք հակառուսական, և հետաքրքիր է, որ ընդհանրապես մեր պաշտոնյաները մրցակցում են ռուսամետության մեջ՝ ապացուցելու, թե ո՛վ է ավելի լավ ծառայում Ռուսաստանին։

Բայց շատ հետաքրքիր է, որ դուրս գալով պաշտոնից և ասելով, թե «պատիվ ունի», Վանեցյանը պայքարում է ոչ թե երկրի ներսում, այլ երկրի դեմ՝ երկրից դուրս։

Նա Ռուսաստանից է ստացել, կներեք՝ այդ գռեհիկ արտահայտությունը պետք է օգտագործեմ, «դաբրոն»։ Այսինքն՝ նրա, այսպես կոչված, ընդդիմադիր կեցվածքն իրականում միտված է նրան, որ նա ռուսական շահերն է սպասարկում։

Իրականում նա դա անում է ոչ թե հանուն Հայաստանի, այլ ընդդեմ Հայաստանի շահերի։ Նա փաստորեն Հայաստանից դուրս բերեց մի շարք պետական գաղտնիքներ։

Իհարկե, այս դեպքը պետական գաղտնիք չէ, բայց դրա ենթատեքստը հետևյալն է՝ դուք քրեական տարրեր եք, հակառուսական եք, անփորձ եք և այլն։ Այսինքն՝ եթե տեսնենք, թե ինչ է նա ասում և անում, և ամենակարևորը՝ ինչի համար, ապա դա ուղղված է ոչ թե Նիկոլ Փաշինյանի կամ նախարար Պապիկյանի, այլ ուղղված է Հայաստանի պետականության դեմ։

Եվ դրա մեղավորը մեր իշխանությունն է, որովհետև առ այսօր փորձեր են արվում՝ շարունակել խաղալ նրանց դաշտում, օտար ու թշնամական դաշտում։ Թշնամական խորհրդարանը, որը չցրեցին, այլ փորձեցին ինչ-որ անհասկանալի ձևով վերընտրել, թշնական է դատական համակարգը, որը չցրեցին, հիմա ստիպված են դրա համար ոչնչությունների դեմ հանրաքվե անել։

Հիմա չեն փորձում արմատական փոփոխություններ մտցնել բանակում։ Մենք վերջին շրջանում 13 զոհ ունենք, և ոչ ոք չի փորձում հասկանալ՝ ինչո՛ւ է այդպես։

– Որտե՞ղ է խնդիրը։

– Խնդիրը ոչ թե անփույթ հրամանատարներն են, ամեն ինչ շատ ավելի պարզ է ու շատ ավելի տխուր։ Մեր բանակը շարունակում է մնալ սովետական բանակ։ Մեր բանտերը շարունակում են մնալ սովետական բանտեր, դպրոցները՝ սովետական դպրոցներ, և այդպես շարունակ։

Այսինքն՝ ինչպես, ցավոք սրտի, գրված է մեր Սահմանդրության նախաբանում, որը կոչվում է «Անկախության հռչակագիր», Հայաստանը պարզապես ՀԽՍՀ՝ Սովետական Հայաստանի իրավահաջորդն է, այլ ոչ թե Առաջին հանրապետության։

Մենք խուսափեցինք անվանել մեզ առաջին հանրապետության իրավահաջորդ, և փաստորեն դա ոչ թե լեզվական սայթաքում էր, դա ոչ թե մտավոր սխալ էր, դա խորագույն քաղաքական և աշխարհաքաղաքական վիրպում է, որը պետք է փոխել։

Չփոխելով դա՝ մենք օրինական, սահմանադրական ու հոգեբանական հիմք չունենք՝ պայքարելու հակահեղափոխության դեմ։ Մենք չենք կարող բարեփոխել ԱԱԾ-ն, որովհետև դա չի բարեփոխվում։ Վիշապին հնարավոր չէ բարեփոխել։

Այն, որ ԱԱԾ նախկին տնօրենի կողմից տեղեկատվության արտահոսք է տեղի ունենում, անվտանգության տեսանկյունից սա ի՞նչ խնդիր կարող է առաջացնել։

Այս առումով Վանեցյանը՝ որպես գործակալ, սպառված է։ Նա բոլորովին այլ դեր է հիմա կատարում։ Նրա ինֆորմացիան արդեն պետք չէ, բացի դա, Մոսկվան հիմա շատ աշխատակից գործակալներ ունի, նույն ԱԱԾ-ում։

Այսինքն՝ հիմա գաղտնիքները չեն, որ նրանց հետաքրքրում են։ Վանեցյանը ստանձնել է, այսպես կոչված, ընդդիմության առաջնորդի՝ եթե ոչ դերը, ապա հավակնում է այդ դերին։

Մոսկվան փաստորեն հաշտվեց Քոչարյանի անպիտության հետ։ Մոսկվան հաշտվեց այն բանի հետ, որ ինչպես 2016 թվականին չարողացավ, այնպես էլ հիմա չի կարող Սերժ Սարգսյանին բացարձակապես իր նպատակների համար օգտագործել, որովհետև Սերժ Սարգսյանը շարունակում է խաղալ սեփական խաղը։

Ռուսաստանին պետք էր նոր մի թեկնածու։ Եվ արդեն ամիսներ առաջ պարզ էր, որ այդ թեկնածուն լինելու է Արթուր Վանեցյանը։ Եվ նրա վերջին շարժումներն ապացուցում են, որ նա շատ է ձգտում դրան հասնել։

Եվ ըստ երևույթին նրան կտրվի այդ շանսը՝ հերթական հեղաշրջումն անելու՝ որպես դրա առաջնորդ։ Կարելի է վստահ ասել, որ նրանց մոտ դա էլ չի ստացվի։ Ոչ թե չի ստացվի մեր հզորության շնորհիվ, որովհետև մենք միավորված չենք, այլ նրանց անկարողության պատճառով։ ԿԳԲ-ն պարտվել էր իր կարևորագույն մարտերում, կպարտվի նաև հիմա։ Դա անխուսափելի է։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am