«Իսկական իշխանությունը ժողովրդի ձեռքին է, և մարդիկ պատրաստ են դա ցանկացած պահի ցույց տալ». Լեւոն Բարսեղյան

«Իսկական իշխանությունը ժողովրդի ձեռքին է, և մարդիկ պատրաստ են դա ցանկացած պահի ցույց տալ». Լեւոն Բարսեղյան
«Իսկական իշխանությունը ժողովրդի ձեռքին է, և մարդիկ պատրաստ են դա ցանկացած պահի ցույց տալ». Լեւոն Բարսեղյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը:

-Պարոն Բարսեղյան, ՀՀԿ խմբակցությունն արդեն խոստացել է, որ կողմ է քվեարկելու վարչապետի թեկնածուին, այսինքն՝ քվեարկելու է Նիկոլ Փաշինյանի օգտին: Ի՞նչ սպասել այս գործընթացից:

– Նրանք հասկացան հանրության դիրքորոշումը, որ եթե բավարար քվեներ չտան, որպեսզի Նիկոլը դառնա վարչապետ, հանրությունն էլի փողոց է դուրս է գալու, իր քաղաքացիական անհնազանդությունը շարունակելու է: Արդեն ապացուցվել է, որ Հայաստանում կա իրական իշխանություն և ձևական իշխանություն: Իսկական իշխանությունը ժողովրդի ձեռքին է, և մարդիկ պատրաստ են դա ցանկացած պահի ցույց տալ: Սպասվում էր, որ ՀՀԿ-ն մի քանի օր կդիմադրեր, բայց պարզվեց, որ ընդամենը մեկ օր դիմադրեց, արդեն մայիսի 2-ի երեկոյան կոտրվեց: Հասկացան, որ իրենք արարքներն արդեն վերածվում են խեղկատակության:

– Ի՞նչ հույս ունեին նրանք մայիսի մեկին, որ այդքան ինքնավստահ էին, և չնայած ժողովրդի պահանջին, դեմ քվեարկեցին Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը:

– Մայիսի մեկին հավանաբար ենթադրում էին, որ իրենց քվեարկությունից հետո մարդիկ տուն են գնալու: Իրենց հրաման տվողը՝ Սերժիկ Սարգսյանը, երևի կարծում էր, որ եթե իրենք դեմ քվեարկեն, մարդիկ կասեն՝ լավ, եկեք թարգը տանք: Բայց դա շատ սխալ հաշվարկ էր:

– Եթե Նիկոլ Փաշինյանը վարչապետ ընտրվի, որո՞նք պետք է լինեն նրա կողմից իրականացվելիք հաջորդ քայլերը:

– Հաջորդ քայլը պետք է լինի կառավարություն ձևավորելը, և հետո բազմաթիվ վնասատուներ պետք է գործադիր իշխանությունից հեռացվեն: Նրանք ոստիկանության, քննչական, դատախազության և այլ համակարգերում են: Հանրային հեռուստաընկերությունը պետք է անհապաղ դարձվի հանրային: Քաղաքական բանտարկյալներին ազատ արձակելու գործընթաց պետք է ձեռնարկվի: Ունենք տարբեր խմբերի քաղբանտարկյալներ. կան մարդիկ, ովքեր դեռևս դատապարտված չեն, կալանավորված են, որոշ դեպքերում էլ դատավճիռներ կան, օրինակ՝ Շանթ Հարությունյանն ու ընկերները:

Կալանքի տակ գտնվողներին կարելի է սկսել ազատ արձակել՝ դատախազի միջնորդությամբ, խափանման միջոցները կարելի է արագ փոխել: Հետո արդեն կարելի է այդ մարդկանց վրայից մեղադրանքները հանել: Իսկ արդեն դատապարտվածների մասով լուծումները տարբեր են՝ սկսած համաներումից վերջացրած անհատական ներումով ու արդարացմամբ: Ես ամբողջովին կիսում եմ Նիկոլի դիրքորոշումը, որ քաղաքական բանտարկյալներ չպետք է լինեն երկրում:

Իսկ թե ովքեր են քաղաքական բանտարկյալներ, անկախ փորձագիտական հանձնաժողովը պետք է որոշի ու գնահատական կա: Իմ մոտավոր հաշվարկներով՝ նրանք մոտ 60 հոգի են: Անշուշտ, պետք է նաև «Սասնա ծռերի» ապստամբության օրերին երեք ոստիկանների սպանության հանգամանքները պատշաճ քննվեն:

Հաջորդ քայլով կրթական համակարգը Հայաստանում պետք է ազատվի քաղաքականությունից: Այսօր քանդվեց թիվ 11 դպրոցի կոնցլագերը: Եվ շատ ուրիշ դպրոցների տնօրեններ, որոնք նախորդ օրերին ահաբեկում էին իրենց աշխատակիցներին, ստորագրություններ վերցնում, որ նրանք այլևս ցույցերի չեն մասնակցելու, գրավոր դիմումներ էին պահանջում, որով ներողություն էին խնդրում մասնակցելու համար, կարծում եմ, այդ տնօրենները դաս քաղեցին սրանից:

Այդ աշխատանքներն անելը շատ բարդ է՝ խորհուրդների կազմն ու ձևաչափը փոխել և այլն: Ես կարծում եմ, որ պետական ու համայնքային իշխանությունը մեծ մասնակցություն չպետք է ունենա դպրոցի կառավարման գործում: Այդ խորհուրդներում կարող են լինել վեց հոգի, որից երկուսը կարող են լինել իշխանություններից, որպեսզի դպրոցներն անկախ լինեն:

Պետական բուհերի կառավարման խորհուրդները պետական մասնակցությունից իսպառ պետք է մաքրվեն: Պետական բուհերի խորհրդի կազմում այսօր 25 տոկոսն ուսանողներն են, 25 տոկոսը՝ բուհի պրոֆեսորադասախոսական կազմն է, իսկ մնացած 50 տոկոսը պետական պաշտոնյաներն ու այլ պետական այրեր են: Պետական բուհերը պետք է ինքնակառավարվեն, ինքնակարգավորվեն միայն բուհի ուսանողության ու պրոֆեսորադասախոսական կազմի կողմից: Մի խոսքով, կրթական համակարգը պետք է ամբողջովին ապաքաղաքականացվի:

– Պարոն Բարսեղյան, նաև Ընտրական օրենսգրքի փոփոխություններն են անհրաժեշտություն, որպեսզի հետագայում արտահերթ ընտրություններ անցկացվեն: Բայց այն դեպքում, երբ խորհրդարանում մեծամասնություն է լինելու ՀՀԿ-ն, ի՞նչ երաշխիք կա, որ փոքրամասնության առաջարկած օրենսդրական փոփոխությունները կհաստատվեն:

– Ամեն անգամ, երբ Հանրապետական խունտան, Հանրապետական այդ մնացորդային իշխանությունը սկսի ատամ ցույց տալ, ժողովուրդը պետք է դուրս գա փողոց, արգելափակի, քաղաքացիական անհնազանդություն անի: Պետք է ցույց տալ ՀՀԿ-ական պատգամավորներին, որ նրանք պետք է ժողովրդի կամքը կատարեն:

Նիկոլ Փաշինյանն իր կաբինետում լինելու է ժողովրդի ներկայացուցիչը: Ոչ թե ժողովուրդն է Նիկոլի ներկայացուցիչը կամ կամակատարը, այլ Նիկոլն իր կաբինետով լինելու է մեր կամակատարը: Հենց Ազգային ժողովի ՀՀԿ-ական առայժմ մեծամասնությունը սկսի դիմադրել ու ջղաձգվել, պետք է իրենց բացատրել, թե որը որից հետո է: Եվ ես կարծում եմ, որ ՀՀԿ-ական մի շարք պատգամավորներ, ի վերջո, դուրս են գալու այդ կուսակցությունից, գոնե դառնան անկախ պատգամավորներ, որ ազատ քվեարկեն:

Բացի այդ, ԱԺ-ում շատ որոշումներ արդեն ներկաների մեծամասնությամբ պետք է ընդունվեն, ոչ թե ձայների բացարձակ մեծամասնությամբ: Իսկ սա նշանակում է, որ ՀՀԿ-ականների մի մասը կարող է իր դեմքը փրկել, ուղղակի չգալ նիստերին: Ես չեմ կարծում, որ նրանք շարունակելու են դիմադրել, որովհետև արդեն հասկացել են, որ պարտվել են: Դարձել են Սերժ Սարգսյանի գործիքը, մի հատ էլ գործիք են դառնալու մայիսի 8-ին: Եթե քվեարկող էիք, մայիսի մեկին քվեարկեիք, վերջացնեիք:

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am