Տպավորություն կա, թե ռուսական կողմի դիրքորոշումները փոխվել են Ադրբեջանից ինչ-որ բաներ ստանալու կամ ինչ-որ խոստումների դիմաց․ Սաֆարյան․ Factor.am

Տպավորություն կա, թե ռուսական կողմի դիրքորոշումները փոխվել են Ադրբեջանից ինչ-որ բաներ ստանալու կամ ինչ-որ խոստումների դիմաց, այլապես այս փոփոխությունը՝ մայիսի 12-ից հետո, որևէ այլ բանով չես բացատրի․ Factor.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը՝ անդրադառնալով ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի այն հայտարարությանը, թե «Հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը կապված չէ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ»։

«Շատ մտահոգիչ է այն, որ Ռուսաստանը չի գիտակցում՝ Հայաստանի արևելյան սահմանին կատարվողն արդյունք է իր կողմից երաշխավորված նոյեմբերի 9-յան պրոցեսի, որովհետև սահմանային այս իրավիճակն առաջացել է Քարվաճառի և Քաշաթաղի շրջանների հանձնման արդյունքում»,- նշեց Սաֆարյանը։ Նա նկատում է, որ ռուսական կողմի դիրքորոշումը փոխվել է, հատկապես մայիսի 12-ից հետո, երբ Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները հատեցին հայ-ադրբեջանական սահմանը։ «Եթե Ռուսաստանը հանդես էր գալիս այդ ամենի պատասխանատու և երաշխավոր, ապա պարտավոր էր հենց ինքն էլ, ինչպես միջադեպից հետո ասացին, իր ունեցած քարտեզներով, թեկուզև սովետական, հստակ նշեր բնագծերը, որպեսզի այսօր՝ այդ անորոշ ձևակերպումներով, այն չդառնար, ըստ էության, վիճելի հատված»,- նկատեց քաղաքագետը։ Սաֆարյանը հարց է բարձրացնում՝ ինչու ավելի վաղ, օրինակ, երկու, երեք տասնամյակների ընթացքում ռուսական կողմը չի ցանկացել երբևէ պարզել այն պատասխանատվության գոտու սահմանները, որտեղ երկկողմ մակարդակով, ինչպես նաև ՀԱՊԿ շրջանակներում բազմակողմ մակարդակով պատասխանատու է Հայաստանի անվտանգության համար։

«Հետաքրքիր է, որ սկզբնական շրջանում Հայաստանում ռուսական ռազմաբազայի և Հայաստանի կառավարության տեսանկյունները համընկնում էին, ՀՀ վարչապետն, անգամ հայտարարեց, որ, ըստ էության, երկու կողմի տրամադրության տակ եղած քարտեզներով կատարվածը սահմանի խախտում է։ Թվում էր, թե հետագայում ռուսական կողմն իր դիրքորոշումը կկառուցի այն տեղեկատվության վրա, որը փոխանցել է իր ռազմաբազան և իր քարտեզներով, ըստ էության, կատարվածը սահմանախախտում էր»,- ասաց Սաֆարյանը՝ հավելելով, որ հետագայում երկու էական փոփոխություն է տեղի ունեցել․ «Մեկն այն, որ իրենք չեն կապում այս ամենը նոյեմբերի 9-10 գործընթացի հետ և չեն համարում դրա հետևանք, և երկրորդը, որ շարունակում են համարել՝ հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը կապված է միջազգային իրավական ձևակերպման բացակայության հետ»։