Առաջարկվում է ծխելն արգելել հանրային սննդի բոլոր օբյեկտներում

Հակածխախոտային հայտնի օրինագծում փոփոխություն է կատարվել: Հանվել է կիսափակ տարածքներում ծխելու արգելքի առաջարկը, այսպիսով՝ նախագծով առաջարկվում է սահմանել հանրային փակ տարածքներում և հանրային սննդի բոլոր օբյեկտներում ծխելու արգելք: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ծխախոտային արտադրատեսակների եւ դրանց փոխարինիչների օգտագործման հետեւանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման եւ կանխարգելման մասին օրենքի նախագծի և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փետրվարի 5-ի նիստում ներկայացրեց ՀՀ առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը:

«Առաջարկում ենք հանել կիսափակ հասկացությունը: Կիսափակ հասկացությունը հստակեցման կարիք ուներ, և վարչարարության առումով կարող էին խնդիրներ առաջացնել։ Սակայն դրույթ է ավելացվել, որ Հանրային սննդի բոլոր օբյեկտներում կարգվելի ծխախոտի օգտագործումը, որը և վարչարարության և առողջապահական և տնտեսական առումով հիմնավորումներ ունի»,-ասաց Նանուշյանը:

Հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը խնդրեց հստակեցնել՝ սրանով արդյոք հանրային սննդի բոլոր օբյեկտներում՝ անկախ բաց և փակ լինելուց ծխելն արգելվելու է 2022-ից: Նանուշյանը  դրական պատասխան տվեց: «Կիսափակ եզրույթն առաջին ընթերցմամբ անցած օրենքի նախագծով օգտագործում էինք բոլոր տարածքների համար: Եվ բացի հանրային սննդի օբյեկտներից, մի շարք տարածքներ ևս ընկնում էին այս դրույթի տակ: Մի շարք խնդիրներ էին բարձրաձայնվել: Հանրային սննդի օբյեկտների տնօրենների կողմից հանդիպման ժամանակ բարձրաձայնվել է այն հարցը, որ չպետք է տարանջատում սահմանվի փակ կամ բաց ռեստորանների, սրճարանների միջև. կարող է տնտեսական վատ ազդեցություն ունենալ հանրային սննդի փակ օբյեկտների ների վրա, եթե արգելքը սահմանվի միայն փակ տարածքների վրա»,-ասաց Նանուշյանը ու հավելեց՝ չեն կարողացել հստակեցնել, թե կիսափակ տարածքը որն է, դա կարող էր վարչարարության խնդիր առաջացնել:

Նա նշեց՝ նման առաջարկի համար նկատի են ունեցել նաև այն հանգամանքը, որ բացօթյա հանրային սննդի օբյեկտներում երբեմն սեղաններն իրար մոտ են, և ծխի ազդեցությունը կարող է տարածվել մյուսն սեղաններին նստածների վրա:

Որոշակի խմբագրության է ենթարկվել ծխախոտային արտադրատեսակի նմանակ հասկացությունը։ Սահմանվել է՝ ծխախոտային արտադրատեսակի նմանակ՝ արտադրանք, որը շփոթեցման աստիճանի արտաքնապես գույնով և ձևով նմանակում է ծխախոտային արտադրատեսակին:

Նախագիծը հանձնաժողովի նիստում քվեարկության կդրվի ընդմիջումից հետո: