«Փաշինյանն ունի վերարտադրվելու խնդիր ու կանգ չի առնի ոչնչի առջև». Բաղդասարյանը՝ ՔՊ ցուցակում գործարարներ ներգրավելու մասին

Լուսանկարը՝ media.am

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը

– Պարո՛ն Բաղդասարյան, արդեն հայտնի է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակում ընդգրկված են լինելու գործարարներ Խաչատուր Սուքիասյանը և Գուրգեն Արսենյանը: Ուշագրավ է, սակայն, որ 2018 թվականին ԱԺ ամբիոնից Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ իրենց առաջնային խնդիրներից է բիզնեսն ու քաղաքականությունը տարանջատելը: Հիմա ի՞նչը ստիպեց Փաշինյանին անել ճիշտ հակառակը:

– Վստահ եմ՝ տասնյակ գործարարներ կլինեն ՔՊ ցուցակում: Նպատակն ակնհայտ է՝ փող և ձայներ, սա այն է, ինչ այս պահին հետաքրքրում է Նիկոլ Փաշինյանին: 

Նա սովորություն ունի իր ցանկացած խոսք հաջորդ օրը հերքել, անել հակառակ հայտարարություններ, հիմա անում է նույնը, զարմանալու ոչինչ չկա: Ինչպես իր բոլոր հայտարարությունները, այնպես էլ այդ մեկը, պարզվեց՝ սուտ է: 

Փաշինյանը խնդիր ունի փողի, լծակների և իր համար ծանրագույն այս վիճակում հնարավորինս շատ ձայներ բերելու, առնելու՝ ֆինանսական, վարչական և այլ լծակներով: 

Նրա համար միևնույն է՝ այս պահին ունի վերարտադրվելու խնդիր ու դրա համար կանգ չի առնի ոչնչի առջև, և գործարարներ ներգրավելու միակ նպատակն էլ հենց դա է:

– Գործարարների հնարավոր ռեսուրսներն օգտագործելով՝ Փաշինյանը կկարողանա՞ վերարտադրել իր իշխանությունը:

– Կարծում եմ՝ չի կարողանա: Ցանկացած նորմալ երկրում որևէ քաղաքական ուժ չէր համարձակվի կատարվածից հետո ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացնել, ուր մնաց՝ վերարտադրվել, բայց այս իշխանությունների արժեքային համակարգը փոքր-ինչ այլ է:

– Պարո՛ն Բաղդասարյան, Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների և գործողությունների անհամարժեքությունը ինչո՞վ եք բացատրում: Չի՞ կարողանում դրանք կյանքի կոչել, թե՞ ուղղակի ցանկություն չունի:

– Նա ասել է, չէ՞, որ իզմեր չունի, ինքը նաև սկզբունքներ չունի, ըստ էության: Նա պարզապես մտածում է շատ կարճ ժամանակային կտրվածքով՝ հայտարարում է այն, ինչ տվյալ պահին ձեռնտու է իրեն, երկու ժամ հետո կարող է հայտարարել այլ բան, եթե համարի, որ այդ պահին դա է շահավետ: 

Նա առաջնորդվում է պահի խնդիրներով և դրա համար էլ իրարամերժ հայտարարություններ է անում: 

Չեմ էլ կասկածում, որ եթե խորհրդարան անցնեն, Փաշինյանը հաջորդ պահին էլի կգոռգոռա, որ օլիգարխներ չեն լինելու, հետո քրեական գործեր հարուցել տա այդ նույն օլիգարխների դեմ, ստիպի մանդատից հրաժարվել և այլն:

– Գործարարների ներկայությունը հայաստանյան քաղաքական դաշտում որակային ի՞նչ փոփոխություններ կբերի:

– Խնդիրը գործարարների ներկայությունը չէ, հնարավոր է՝ շատ լավ պատգամավորներ լինեն, խնդիրը սկզբունքն է: Եթե նպատակ է դրվում տարանջատել բիզնեսն ու քաղաքականությունը, պետք է տարանջատել: Ինձ համար անհասկանալի է, թե ինչու են այդ երկու գործարարը որոշել պատգամավոր դառնալ, եթե, իհարկե, մտադիր չեն բյուջեն թալանել ու ավելի շատ փող ստանալ, քան իրենց բիզնեսով, ուրիշ բացատրություն չկա:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am